Kaspersky Lab-ի փորձագետները հայտնաբերել են հանրահայտ WhatsApp մեսենջերի մոդիֆիկացված տարբերակ, որը պարունակում է նախկինում անհայտ չարամիտ ծրագիր՝ տրոյական լրտեսող ծրագիր Android-ի համար, որը նույնականացվել է որպես Trojan-Spy.AndroidOS.Agent.afq: Մեսենջերի այս տարբերակը որոշ ժամանակ տարածվել է արաբերենով և ադրբեջաներենով տելեգրամյան ալիքներում։

Հոկտեմբերի 5-31-ն ընկած ժամանակահատվածում ընկերության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կանխվել է ավելի քան 340,000 հարձակում աշխարհի ավելի քան հարյուր երկրում: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Ադրբեջանում, Սաուդյան Արաբիայում, Եմենում, Թուրքիայում և Եգիպտոսում։ Ռուսաստանում նույնպես նման դեպքեր են գրանցվել։

Նոր տրոյական ծրագիրը վարակված սմարթֆոնից կարող է գողանալ տվյալներ՝ կոնտակտների ցուցակ, տարբեր ծառայությունների օգտահաշիվ մուտք գործելու տվյալները, փաստաթղթեր և այլն։ Նաև հրահանգի դեպքում այն սկսում է ձայնագրել սարքի խոսափողի միջոցով: Լրտեսական մոդուլը սկսում է աշխատել սմարթֆոնի միանալու կամ լիցքավորելու ժամանակ։

Վարակված ֆայլերի տարածման հիմնական աղբյուրը Telegram-ի ալիքներն են՝ հիմնականում արաբերեն և ադրբեջաներեն։ Դրանցից միայն ամենահայտնիների բաժանորդների ընդհանուր թիվը հասնում է գրեթե 2 միլիոնի։

«Կասպերսկու լաբորատորիա»-ն Telegram-ին տեղեկացրել է հայտնաբերված ալիքներում վնասակար ծրագրերի առկայության մասին։ Այնուամենայնիվ, դրանք տարածվում են նաև տարբեր կայքերի միջոցով։