Այսօրվա թվային աշխարհում ֆինանսական անվտանգությունն առցանց տիրույթում շատ կարևոր է։ Չարագործներն օրեցօր խարդախության տարբեր մեխանիզմներ են մտածում մարդկանց մոլորեցնելու, նրանց անձնական տվյալներն ու ֆինանսական միջոցները գողանալու նպատակով։ Հետևաբար կարևոր է, որպեսզի քաղաքացիները հնարավորինս տեղեկացված լինեն և ցուցաբերեն զգոնություն։ Ստորև ներկայացնում ենք մի խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել նման սխեմաներից և ապահովել ձեր անձնական տվյալների ու ֆինանսների անվտանգությունը։
- Ուժեղ գաղտնաբառ։ Ստեղծե՛ք բարդ գաղտնաբառեր, որոնք ներառում են մեծատառերի և փոքրատառերի, թվերի և հատուկ նիշերի համադրություն: Խուսափե՛ք հեշտ կռահելի տեղեկություններ օգտագործելուց, ինչպիսիք են ձեր անունը կամ սովորական բառերը: Ձեր օգտահաշիվների համար ուժեղ գաղտնաբառեր ստեղծելու նպատակով կարող եք օգտագործել նաև գաղտնաբառերի գեներատոր ծառայություններ (իհարկե ցանկալի է գեներացված գաղտնաբառը նույնությամբ չվերցնել և փոփոխել մի քանի բան)։
- Բազմագործոն նույնականացում (MFA)։ Հնարավորության դեպքում ակտիվացրե՛ք բազմագործոն նույնականացումը ձեր բոլոր առցանց օգտահաշիվների համար: Դա ավելացնում է անվտանգության լրացուցիչ շերտ՝ պահանջելով, որ բացի ձեր գաղտնաբառից, տրամադրեք նույնականացման այլ տվյալներ, օրինակ՝ ձեր բջջային սարքին ուղարկված կամ հավելվածի կողմից ստեղծված կոդը:
- Թարմ ծրագրակազմ։ Պարբերաբար թարմացրե՛ք ձեր սարքի օպերացիոն համակարգը, ծրագրակազմը և հավելվածները: Ծրագրային ապահովման թարմացումները հաճախ ներառում են անվտանգության շտկումներ, որոնք վերացնում են խոցելիությունները, որոնք կիբեռհանցագործները կարող են օգտագործել:
- Ֆիշինգ։ Զգո՛ւյշ եղեք էլփոստի և ֆիշինգի հետ կապված խարդախություններից։ Կասկածամտորեն վերաբերվե՛ք չսպասված էլնամակներին, փուսափե՛ք հղումների վրա սեղմելուց կամ անհայտ կամ կասկածելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելուց: Նախքան որևէ գործողություն ձեռնարկելը, ստուգեք էլնամակների իսկությունը:
- Օգտվե՛ք անվտանգ և հեղինակավոր կայքերից։ Համոզվե՛ք, որ կայքերը, որտեղ մուտքագրում եք ձեր ֆինանսական տվյալները, ապահով լինեն (կայքի URL-ը պետք է սկսվի «https://»-ով, իսկ URL-ի ամենասկզբում պետք է լինի կողպեքի նշան): Առցանց գնումների ու ֆինանսական գործարքների համար օգտվե՛ք հայտնի և հեղինակավոր կայքերից:
- Պարբերաբար վերահսկե՛ք ձեր օգտահաշիվները։ Հաճախակի՛ ստուգեք ձեր բանկային և վարկային քարտի քաղվածքները, որպեսզի չարտոնված կամ կասկածելի գործարքներ լինելու դեպքում հայտնաբերեք դրանք: Անհապա՛ղ տեղեկացրեք ձեր ֆինանսական հաստատությանը ցանկացած անհամապատասխանության մասին:
- Առանձին սարք՝ ֆինանսական գործարքների համար։ Հնարավորության դեպքում օգտագործե՛ք առանձին համակարգիչ կամ հեռախոս առցանց բանկային և ֆինանսական գործունեության համար։ Սա կարող է նվազեցնել վնասակար ծրագրերի կամ ձեր ֆինանսական տեղեկությունների վրա ազդող այլ վտանգների ենթարկվելու հավանականությունը։
- Հակավիրուսային ծրագրեր։ Տեղադրե՛ք և թարմացրե՛ք հակավիրուսային ծրագրեր։ Օգտագործե՛ք անվտանգության ծրագրակազմ հեղինակավոր արտադրողներից, որպեսզի պաշտպանեք ձեր սարքերը վիրուսներից, վնասակար ծրագրերից և առցանց այլ սպառնալիքներից: Միշտ թարմացրե՛ք այդ ծրագրաշարը։
- Եղե՛ք տեղեկացված։ Միշտ տեղեկացված եղե՛ք տարածված առցանց խարդախությունների և խարդախության մարտավարությունների մասին: Այս ոլորտի գիտելիքը ձեր լավագույն պաշտպանությունն է այս սխեմաների զոհը չդառնալու համար:
- Զգո՛ւյշ եղեք հանրային Wi-Fi-ն օգտագործելիս։ Խուսափե՛ք հանրային Wi-Fi ցանցերից օգտվելու ժամանակ ձեր ֆինանսական գաղտնի տվյալներ մուտք գործելուց, քանի որ հանրային Wi-Fi ցանցերը կարող են ապահով չլինել: Վատագույն դեպքում դա կարելի է անել վիրտուալ մասնավոր ցանցի (VPN) միջոցով։
- Պարբերական backup-ներ։ Պարբերաբար կրկնօրինակե՛ք (backup) կարևոր ֆայլերը և տվյալները՝ կիբեռհարձակումների կամ սարքի փչանալու պատճառով տվյալների կորստից խուսափելու համար:
- Սարքի անվտանգությունը։ Ձեր սմարթֆոնների և պլանշետների վրա կիրառե՛ք անվտանգության միջոցներ, ինչպիսիք են էկրանի կողպումը և գաղտնագրումը: Տեղադրե՛ք անվտանգության հավելվածներ, որոնք կարող են օգնել, որպեսզի գտնեք ձեր սարքը կամ հեռակա կարգով ջնջեք սարքի տվյալները, եթե այն կորել է կամ գողացել են։
- Սոցիալական ճարտարագիտություն։ Զգո՛ն եղեք, եթե ինչ-որ մեկը կապ հաստատի ձեզ հետ՝ պնդելով, թե վստահելի կազմակերպությունից է և պահանջի գաղտնի տեղեկություններ: Ստուգե՛ք նրանց ինքնությունը, նախքան որևէ տվյալ տրամադրելը։ Առհասարակ խուսափե՛ք առցանց որևէ մեկին տվյալներ տրամադրելուց։
- Հաղորդե՛ք կասկածելի գործունեության մասին։ Եթե կասկածում եք, որ առցանց ֆինանսական խարդախություն եք նկատել կամ կասկածում եք, որ տվյալ կայքը խարդախությամբ է զբաղվում, կամ եթե կասկածելի էլնամակներ եք ստացել, ապա համապատասխան մարմիններին կամ ձեր ֆինանսական հաստատությանը տեղեկացրե՛ք այդ մասին:
Հետևելով այս խորհուրդներին և լինելով զգոն՝ դուք կարող եք բարձրացնել ձեր առցանց ֆինանսական անվտանգությունը և նվազեցնել կիբեռհանցագործությունների զոհ դառնալու վտանգը:






