2023-ի առաջին կիսամյակում Telegram-ում հինգ անգամ ավելի շատ ֆիշինգի ռեսուրսներ են գրանցվել, քան մեկ տարի առաջ․ դրանց ընդհանուր թիվը հասել է 5000-ի, գրում է Forbes-ը՝ վկայակոչելով Angara Security-ի տվյալները։

Այս տարվա երկրորդ եռամսյակում ռուս օգտատերերի՝ Telegram-ը նմանակող ֆիշինգային ռեսուրսներին անցնելու փորձերի թիվը 2023-ի առաջին երեք ամիսների համեմատ աճել է գրեթե 39%-ով, ասել է «Կասպերսկի լաբորատորիայի» բովանդակության ավագ վերլուծաբան Օլգա Սվիստունովան։

Ըստ StopPhish նախագծի համահիմնադիր Յուրի Դրուգաչի՝ Telegram-ում խարդախության աճը շարունակվում է, իսկ 2023-ի սկզբին իսկական բում է սկսվել։ Նրա հաշվարկներով՝ ամառվա երեք ամիսների ընթացքում Telegram-ի հետ կապված խարդախ կայքերի թիվը եռապատկվել է՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Այս տարվա գարնան ամիսների համեմատ ամռանը կեղծ կայքերն աճել են 10%-ով։

Խոսելով ֆիշինգային հարձակումների աճի մասին՝ Garda Technologies ընկերության արտադրանքի հարցերով տնօրեն Պավել Կուզնեցովն ասել է, որ դրանց նպատակը օգտատիրոջից նրա մեսենջերի օգտահաշիվ մուտք գործելու տվյալները, կամ վճարման կամ այլ անձնական տվյալներ կորզելն է։

Երբ հարձակվողները մուտք են ստանում ուրիշի օգտահաշվին, նրանք սկսում են վնասակար հաղորդագրություններ ուղարկել նրա կոնտակտներին, ասում է արտաքին թվային սպառնալիքների Solar Aura մոնիտորինգային կենտրոնի փորձագետ Դիանա Սելեխինան: Ըստ նրա՝ շատ ավելի հավանական է, որ օգտատերերը վստահեն ընկերներից և ծանոթներից ստացված հաղորդագրություններին և սեղմեն ուղարկված լինքերին, ուստի ուրիշի օգտահաշիվը հաջողությամբ կոտրելու հավանականությունը զգալիորեն մեծանում է:

Future Crew MTS RED ինովացիոն կենտրոնի անվտանգության վերլուծության բաժնի առաջատար փորձագետ Վադիմ Շելեստի խոսքով՝ կարևոր է, որ շատ ընկերություններ մեսենջերն օգտագործում են որպես կորպորատիվ հաղորդակցման գործիք կամ հաճախորդների հետ շփվելու ալիք։ «Telegram օգտահաշիվներն այնքան տարածված են: Մեսենջերներում հարձակումները չարագործների կողմից պահանջում են նվազագույն ծախսեր, ընդորում դրանք շատ արդյունավետ են»,- ասել է նա:

Խաբեության հիմնական սխեմաները

Telegram-ում ամենատարածված սխեմաներն են օգատերերին ուղարկվող լինքերը, որոնք առաջարկում են քվեարկել երեխաների այս կամ այն մրցույթում ինչ-որ մեկի օգտին, ստանալ անվճար պրեմիում օգտահաշիվ, նվիրատվություն կատարել երեխայի բուժման համար, կարդալ փաստաթուղթ, ստանալ սոցիալական նպաստ և ստանալ վարորդական իրավունք: Բացի դրանից, խաբեբաները հաճախ առաջարկում են օգտվել մեծահասակների համար նախատեսված Telegram-ից, փորձարկել Telegram-ի պրեմիում բաժանորդագրությունը կամ ներբեռնել ինչ-որ տեսախաղի կոտրված տարբերակը:

Նաև օգտատերը կարող է ստանալ հաղորդագրություն, որում նշվում է, թե իբր իր մեկնաբանությունները ինչ-որ խմբերում և ալիքներում զրպարտչական են, և նրան առաջարկվում է ջնջել դրանք՝ անցնելով ուղարկված լինքով։

Բացի դրանից, չարագործները հաճախ ներկայանում են, թե զբաղվում են տարբեր հարթակների առաջմղմամբ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք օգտատերեր հանդիպել են կեղծ գովազդ վաճառողների. ալիքների սեփականատերերը դիմել են նրանց իրենց հարթակների մոնետիզացիան մեծացնելու համար, ի պատասխան նրանց խնդրել են տրամադրել ալիքների վիճակագրությունը և ուղարկել հղում, որտեղ կարելի է դա անել։ Երբ օգտատերերը մուտքագրել են ալիքի տվյալները, խաբեբաները մուտք են գործել և իրենց վերահսկողության տակ վերցրել դրանք՝ այդպիսով իրական սեփականատիրոջից գողանալով այդ հարթակները։