Չարագործները բանկերի հաճախորդների դրամական միջոցները հափշտակելու խարդախության նոր սխեմա են մշակել և լայնորեն կիրառում են Ռուսաստանում, այս մասին տեղեկացնում է ռուսական «Իզվեստիա» թերթը։

Խարդախները զանգահարում են տարբեր մարդկանց և, ներկայանալով որպես ՄՏՍ-ի կամ Beeline-ի աշխատակից, հայտնում են, թե իբր նրա հեռախոսի SIM քարտի ժամկետը լրացել է։ Քարտը թարմացնելու համար խաբեբաները խնդրում են իրենց տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հատուկ կոդը: Այնուհետև նրանք զանգերն ու SMS հաղորդագրությունները վերահասցեագրում են այլ հեռախոսահամարի։

Թերթը նշում է, որ հարձակվողները ստացված տվյալներն օգտագործում են զոհի առցանց բանկ, էլեկտրոնային փոստ, սոցիալական ցանցեր, ակնթարթային մեսենջերներ և նույնիսկ պետական ​​ծառայությունների պորտալ մուտք գործելու համար:

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հաստատել են, որ խարդախների նպատակն է քաղաքացուց ստանալ այդ կոդը, որպեսզի կարողանան մտնել բջջային օպերատորի համակարգում նրա անձնական օգտահաշիվ և վերահասցեագրել զանգերն ու SMS հաղորդագրությունները, կամ էլ տուժողին համոզել, որպեսզի ինքն անի դա։

Նշենք, որ Հայաստանում գրանցվել են դեպքեր, երբ չարագործները առցանց վարկ են ձևակերպել այլ քաղաքացու անունով և միագամայն այլ պատրվակով զանգահարել նրան, մոլորեցրել և իմացել նրա հեռախոսին ստացված SMS կոդը, որն իրենց անհրաժեշտ է եղել առցանց վարկի դիմումը լրացնելու ընթացքում նույնականացումն անցնելու համար։

Ավելի վաղ, NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանում խարդախները զանգահարում են բանկերի հաճախորդներին, ներկայանում որպես սոցծառայության աշխատող, ապա նրանց համոզում են, որ պետք է թարմացնեն իրենց սոցքարտերը: Եթե հաճախորդը համաձայնում է, նրան խնդրում են տալ իր բջջային հեռախոսահամարը՝ պարզաբանելով, թե դա հարկավոր է, որպեսզի նոր քարտի պատրաստ լինելու մասին SMS կոդն ուղարկվի հեռախոսին։ Սակայն, այդ կոդն իրականում հաճախորդի առցանց բանկինգի օգտահաշիվ մուտք գործելու համար են օգտագործում:

Վերջերս խաբեության նոր սխեմա է սկսվել տարածվել նաև Telegram-ում, որի միջոցով չարագործները մոլորեցնում օգտատերերին և գողանում նրանց գումարները։