Ռուսաստանում խարդախները բանկերի հաճախորդներին խաբելու նոր սխեմա են մշակել, որն իրականացնում են սոցքարտերը փոխարինելու պատրվակով։ Այս մասին ռուսական РБК-ին ասել է «ՎՏԲ բանկ»-ի կորպորատիվ շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Դմիտրի Ռևյակինը։
Չարագործները զանգահարում են քաղաքային հեռախոսահամարներին և ներկայանում որպես սոցիալական ծառայության աշխատող, ինչից հետո բանկի հաճախորդներին համոզում են, որ պետք է թարմացնեն իրենց սոցքարտերը, որոնք կարող են լինել նույնական բոլոր շահառուների համար կամ ուսանողների, թոշակառուների և այլ կատեգորիաների քաղաքացիների համար: Նրանք նաև քաղաքացիներին համոզում են, որ սոցքարտը կարող է կցվել բանկային քարտին։
Եթե հաճախորդը խայծը կուլ է տալիս և համաձայնում թարմացնել իր սոցքարտը, նրան խնդրում են տալ իր բջջային հեռախոսահամարը՝ պարզաբանելով, թե դա հարկավոր է, որպեսզի նոր քարտի պատրաստ լինելու մասին SMS կոդն ուղարկվի հեռախոսին։ Սակայն, այդ կոդն իրականում հաճախորդի առցանց բանկինգի օգտահաշիվ մուտք գործելու համար է:
Այնուհետև հանցագործները փորձում են հաճախորդից պարզել քարտի համարն ու կոդը, որոնք ևս անհրաժեշտ են հաճախորդի բանկային օգտահաշիվ մուտք գործելու համար։ Եթե նրանց հաջողվում է ստանալ նաև այս տվյալները, ապա դրանից հետո կարողանում են գողանալ հաճախորդի հաշվին առկա գումարը։
«Սովորաբար, նման զանգերից տուժում են տարեց հաճախորդները, հետևաբար, նման սպառնալիքներից պաշտպանվելու համար միշտ պետք է ստուգել անծանոթներից ստացված տեղեկատվությունը և հեռախոսով որևէ մեկին գաղտնի տվյալներ չհայտնել»,- զգուշացրել է Դմիտրի Ռևյակինը:
Նա նաև խորհուրդ է տվել ուշադիր կարդալ մուտքային հաղորդագրությունները, որոնք ստացվում են նման զանգերից հետո․ դրանցում միշտ նշվում են գործարքի մանրամասներն ու նպատակը։ Եթե SMS-ն ստացվել է բանկից, ապա անհրաժեշտ է անձամբ զանգահարել բանկ կամ մանրամասները ճշտել բանկի հաճախորդների սպասարկման գրասենյակից:
ՀՀ քաղաքացիները ևս պետք է զգույշ լինեն, քանզի խաբեության նմանատիպ մեխանիզմներ Հայաստանում ևս կատարվում են և մի շարք քաղաքացիներ արդեն տուժել են նման մեքենայություններից։






