Նիդեռլանդներում բնակվող մի կին պատմել է, թե ինչպես է իր 8-ամյա որդին կիբեռհանցագործ դարձել այդ տարիքում և մի օր «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ գնել համացանցից, այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ Բարբարա Գեմենի՝ իր որդին, ում անունը նա չի հայտնել, մի անգամ փաթեթ է ստացել, որում եղել է AK-47 ինքնաձիգ: Ցնցված լինելով տեսածից կինն անմիջապես զենքը հանձնել է ոստիկանությանը։ Սակայն իրավապահ մարմիններն ու դպրոցը, որտեղ սովորել է տղան, ոչ մի քայլ չեն ձեռնարկել։
«Հնչում է ասես ինչ-որ ֆիլմի տեսարան լինի, բայց ես ցնցված էի, երբ իմացա, որ իմ ութամյա որդին դարձել է կիբեռհանցագործ»,- ասել է Գեմենը:
Կինը պատմել է, որ որդին, որն այժմ 20 տարեկան է, մանկուց տարված է եղել համակարգչային խաղերով և հաճախ արթուն էր մնում մինչև ուշ գիշեր: Երիտասարդ գեյմերը նույնիսկ աշխատում էր՝ հանգստյան օրերին թարմացնելով առցանց խաղերի այլ օգտատերերի օգտահաշիվները։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ նա հերթական խաղի ժամանակ հանդիպում է կիբեռհանցագործների։
Երեխան իր այսպես ասած «քրեական կարիերան» սկսում է մանր հանցագործություններից՝ «անվճար» պիցցա պատվիրելով։ Այնուհետև նա սկսում է լվալ հանցագործների փողերը՝ առցանց խաղերում գնումներ կատարելով: Եվ շուտով հաքերների համար աշխատելու դիմաց ստացած գումարով տղան Darknet-ում ինքնաձիգ է պատվիրում։
Այս դեպքից հետո Բարբարա Գեմենը թողնում է իր աշխատանքը և սկսում արշավ՝ օգնելու երեխաներին, որոնք ներքաշված են կիբեռհանցագործություններում։
«Այս օրերին այնքան շատ հեշտ է [կիբեռհանցագործ դառնալը – խմբ․], քանի որ շատ երեխաներ ունեն նոութբուքներ, բջջային հեռախոսներ, և հիմնականում նրանք կարող են ինչ-որ բան կոտրել մի քանի հպումով: Նրանք հաճախ չգիտեն, թե որն է օրինական ու անօրինական»,- ասել է տղայի մայրը։






