Հայաստանում և արդեն աշխարհի յոթ այլ երկրներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները բարձրակարգ կադրեր են պատրաստում ինչպես բուհերի, այնպես էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների համար։ «Արմաթ»-ն ավարտածներից շատերը նաև իրենց ընկերություններն են բացում և նպաստում Հայաստանի մարզերի զարգացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Arloopa ընկերության համահիմնադիր և տնօրեն, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ Արման Աթոյանը։
Նրա խոսքով՝ դեռ 2010-2011 թվականներին էր ՏՏ հանրությունը հասկացել, որ ներկայիս աճի տեմպերով, շուտով ոլորտում կադրերի լուրջ պակաս կլինի։ Իսկ հետո Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ռազմավարության շրջանակում, որն այն ժամանակ ղեկավարում էր Կարեն Վարդանյանը, որոշվեց ստեղծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնց օգնությամբ կարելի էր միանգամից մի քանի խնդիր լուծել։
Նախ, ինչպես նշեց Աթոյանը, այս ծրագիրը նպաստում է հանրապետության մարզերի զարգացմանը։ Մարզաբնակ երիտասարդները կարող են ստանալ օգտակար գիտելիքներ և հնարավորություն՝ աշխատելու ՏՏ ոլորտում, ունենալ լավ վարձատրվող աշխատանք՝ չլքելով հայրենի հողերը։
Երկրորդ՝ նախագիծն օգնում է լուծել ՏՏ ոլորտի բարձրակարգ կադրերի խնդիրը։ Ինժեներական լաբորատորիաների շնորհիվ դպրոցական տարիներից երեխաները ծանոթանում են ճարտարագիտության ոլորտին և սովորում թիմային աշխատանք։ Ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն նրանց թե՛ բուհերում սովորելու ժամանակ, թե՛ աշխատանքում։
Ինչպես նշեց Աթոյանը, «Արմաթ» լաբորատորիաների շատ շրջանավարտներ այժմ աշխատում են հայտնի ՏՏ ընկերություններում կամ հիմնել են իրենց ընկերությունները կամ ստարտափները։
Վառ օրինակ է վանաձորցի Վահե Ասլոյանը, որը 16 տարեկանում աշխատանքի է ընդունվել Արման Աթոյանի ղեկավարած ընկերությունում։ Երիտասարդն այն ժամանակ սովորում էր «Արմաթ»-ում, և նրան նկատել են մրցույթներից մեկի ժամանակ, որին նա մասնակցել է։ Վահեն այսօր սեփական ընկերությունն ունի Վանաձորում, ավելին, հիմա ինքն է օգնում «Արմաթ» նախագծին։
Աթոյանի խոսքով՝ շատ տաղանդավոր, խոստումնալից տղաներ և աղջիկներ, որոնք սովորել են «Արմաթ»-ում, սկսում են աշխատել ՏՏ ընկերություններում բավականին երիտասարդ տարիքից։ Շատերը, նույնիսկ դեռ ուսումը չավարտած, մշակում են տարբեր հետաքրքիր և օգտակար լուծումներ տարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև կրթություն։
«Բայց պետք է հասկանալ, որ «Արմաթ»-ի գործառույթը ոչ թե «պատրաստի կադրեր» ստեղծելն է, այլ տեխնոլոգիաների, ճարտարագիտության նկատմամբ սեր ներշնչելը, այնուհետև նրանցից մի քանիսին ուղարկել համալսարաններ, մյուսներին՝ արդյունաբերություն՝ նայած ով որ ճանապարհն է ընտրում։ Բայց շատ կարեւոր է, որ այս տղաների հետ հենց սկզբից ճիշտ աշխատանք է տարվում»,- ասաց Աթոյանը։
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանում գործում է 624 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում է մոտ 17,000 երեխա։ 2024-ին նախատեսվում է բացել ևս 150 լաբորատորիա։






