ԱՄՆ-ում քվանտային առաջին կոմերցիոն համակարգիչը կտեղադրվի Քլիվլենդում գտնվող Cleveland Clinic ակադեմիական բժշկական կենտրոնի հիմնական կամպուսում։ Cleveland Clinic-ը և IBM-ն արդեն սկսել են IBM Quantum System One-ի տեղադրման աշխատանքները, և ակնկալվում է, որ այն կգործի 2023 թ․ սկզբին: Այն նախատեսվում է օգտագործել կենսատեխնոլոգիայի բնագավառում դեղերի մշակման և հետազոտությունների արագացման համար (շնորհիվ բարձր արդյունավետությամբ արվող հաշվարկների):
Ինչպես նշել է բժշկական գիտությունների դոկտոր, Cleveland Clinic-ի գիտական տեղեկատվության հարցերով գլխավոր տնօրեն Լարա Ջեհին, լաբորատորիայում ծագած գաղափարից մինչև դեղանյութը շուկա դուրս բերելու վրա տասնամյակներ ծախսելն այսօրվա աշխարհում այլևս անընդունելի է: Քվանտային համակարգիչները կարող են ամբողջությամբ փոխել իրավիճակը՝ մեծապես արագացնելով դեղերի մշակման ոլորտի հետազոտությունները:

Նախկինում IBM-ն իր Quantum System One-ը տեղադրել է միայն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ակադեմիական հաստատություններում: Այս երկրներում, ըստ առկա տվյալների, տեղադրվում են Quantum System One մոդելներ՝ 27 քյուբիթ հաշվողական հզորությամբ, որը ներկայումս համարվում է ամենահզոր քվանտային համակարգը։
Քլիվլենդում տեղադրվող համակարգի բնութագրերի մասին առայժմ քիչ բան է հայտնի:
Ի՞նչ է քվանտային համակարգիչը
Քվանտային համակարգիչը հաշվողական սարք է, որում տվյալների փոխանցման և մշակման համար քվանտային մեխանիկայի երևույթներ են կիրառվում։ Ի տարբերություն «սովորական» համակարգիչների, քվանտայինները գործում են ոչ թե բիթերով, այլ՝ քվանտային բիթերով կամ քյուբիթերով, ինչը նրանց դարձնում է շատ ավելի արդյունավետ և արագագործ:
Քյուբիթը քվանտային հաշվարկի բազային միավորն է, դասական բինար բիթի քվանտային տարբերակը։
Բիթը կարող է լինել կա՛մ 0, կա՛մ 1, իսկ քյուբիթը կարող է միաժամանակ լինել և՛ 0, և՛ 1: Սա թույլ է տալիս քվանտային համակարգիչներին խնայել շատ ժամանակ և կատարել հաշվարկներ շատ ավելի արագ, քան սովորական համակարգիչները:






