Արհեստական բանականության կիրառման հիմնական ոլորտներն առաջիկայում կլինեն առողջապահությունը, տրանսպորտը և տեխնոլոգիաները, քանի որ այստեղ շատ տվյալներ կան, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասում է Huawei ընկերության ռազմավարության և արտադրության զարգացման հարցերով ավագ տնօրեն Ահմեդ Ռիադը։
Կոնկրետ առողջապահության ոլորտում, ըստ նրա, նաև շատ օգտակար վերլուծություններ է հնարավոր անել, եթե հնարավոր լինի օգտագործել կանխատեսելի տվյալները։ Օրինակ՝ այդ տվյալների հիմա վրա կարելի է ակնկալել, որ այսինչ մարդը կարող է այսինչ հիվանդությունն ունենալ առաջիկա տարիներին, կամ կարելի է բացահայտել կոնկրետ կապեր, հարաբերակցություն կոնկրետ հիվանդությունների միջև, կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի, ռենտգեն ուսումնասիրության տվյալների միջև։
«Այստեղ շատ մեծ թվով տվյալներ կան և արհեստական բանականությունը շատ օգտակար կլինի այս տվյալների ուսումնասիրության առումով։ Այնպես որ, կարծում եմ՝ առողջապահության ոլորտը հիմնական միտումներից մեկը կլինի», - ասում է նա։
Արհեստական բանականության կիրառության միտումներից մեկը, ըստ Ահմեդ Ռիադի, միանշանակ տրանսպորտի ոլորտն է, քանի որ այստեղ ևս շատ տվյալներ կան, նաև տեխնոլոգիաների ոլորտը։
«Մարդիկ սովորաբար մոռանում են տեխնոլոգիաների մասին, սակայն արհեստական բանականությունը շատ մեծ կիրառություն ունի հենց տեխնոլոգիաների ոլորտում, օրինակ՝ ավտոնոմ ցանցեր, որոնողական համակարգեր։ Այնպես որ, տեխնոլոգիաների ոլորտը ամենազարգացածներից է արհեստական բանականության կիրառության առումով, նախ՝ քանի որ այստեղ ևս շատ տվյալներ կան, երկրորդ՝ մարդիկ գիտեն, թե ինչպես և երբ օգտագործեն դրանք», - նշում է նա։
Ահմեդ Ռիադը կարծում է, որ Հայաստանն արհեստական բանականության կիրառման շնորհիվ կարող է շատ առաջ գնալ, քանի որ այստեղ ամեն ինչ մտքերի, գաղափարների մասին է, և շատ հեշտ կարող են մասշտաբային փոփոխություններ լինել։
«Կարծում եմ՝ աշխարհագրորեն Հայաստանը կենտրոնական դիրքում է և հնարավորություն ունի դուրս գալ շատ այլ երկրների շուկաներ։ Հայաստանում նաև շատ լավ նորարարներ կան, նաև շահագրգիռ տարբեր կողմեր ունեն քաղաքական կամք և ցանկանում են տեխնոլոգիապես զարգացած, առաջադեմ երկրների հետ նույն առաջատար դիրքերում լինել», – ասում է նա։
Հարցին, թե արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերությունները ինչի՞ վրա պետք է կենտրոնանան, որպեսզի գլոբալ առումով կարողանան շուկայի պահանջներին համահունչ գնալ առաջ, Ահմեդ Ռիադը պատասխանեց, որ կարևոր է կենտրոնանալ ակտուալ, հրատապ խնդրի վրա։
«Տարբեր շուկաների համար դա կարող է տարբեր լինել։ Եթե ցանկանում եք կենտրոնանալ մի բանի վրա, ապա պետք է ուշադրությունը կենտրոնացնել ամենադժվար խնդրի վրա, որտեղ արհեստական բանականությունը կարող է ինչ-որ օրինաչափություններ, մոդելներ ճանաչել։ Այն պահին, երբ լուծում կգտնեք որևէ հստակ խնդրի համար, այլևս շատ բան անելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ այդ խնդրի լուծման կարիքը հենց այդտեղ է։ Այդուհանդերձ, չէի ասի, որ հայկական ընկերությունները պետք է կենտրոնանան թրենդային լուծումների վրա, կարիք չկա դա անել, պետք է միշտ ամեն ինչ սկսել խնդրից, ոչ թե լուծումից։ Տեխնոլոգիական նորարարությունն ավելի լավ է լինի խնդրի, քան թրենդի վրա հիմնած», - նշում է Huawei ընկերության ռազմավարության և արտադրության զարգացման հարցերով ավագ տնօրեն Ահմեդ Ռիադը։






