Աուդիոբովանդակության հոսքային ծառայություն մատուցող Spotify ընկերության ամսական օգտատերերի թիվն առաջին անգամ գերազանցել է 500 մլն-ը, ինչին նպաստել է ընկերության ընդլայնումը նոր շուկաներում։ Այդուհանդերձ, ընթացիկ եռամսյակի համար պլատֆորմի եկամուտը չի արդարացրել վերլուծաբանների սպասումները, տեղեկացնում է Reuters-ը։

Refinitiv-ի IBES տվյալների համաձայն՝ Spotify-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվն առաջին եռամսյակում աճել է մինչև 515 միլիոն՝ գերազանցելով վերլուծաբանների կանխատեսումը (500 միլիոն): Պրեմիում բաժանորդների թիվը, որոնից ստացվում է ընկերության եկամուտների մեծ մասը, աճել է 15%-ով՝ հասնելով 210 միլիոնի և գերազանցել է ոլորտի մասնագետների կանխատեսումը (206 մլն):

Պրեմիում բաժանորդների աճը ընթացիկ եռամսյակում նույնպես գերազանցել է բոլոր սպասելիքները և կազմել 217 մլն, մինչդեռ սպասվում էր, որ կլինի 212 մլն։

Անցյալ տարի Spotify-ը հայտարարել էր, որ պլանավորում մինչև 2030-ը հասնել մեկ միլիարդ օգտատերերի և տարեկան հասույթը հասցնել 100 մլրդ դոլարի: Ընկերությունը նաև ներդրողներին խոստացել է բարձր եկամուտներ փոդքասթների և աուդիոգրքերի բիզնեսում։

Չնայած ամսական ակտիվ օգտատերերի դրական աճին՝ ընկերության 3,04 մլրդ եվրո (3,35 մլրդ դոլար) եռամսյակային հասույթը ցածր է եղել վերլուծաբանների գնահատականից՝ 3,08 մլրդ եվրո, իսկ կորուստները սպասվածից ավելին են․ համախառն շահույթը նախորդ եռամսյակի 25,3%-ի համեմատ կազմել է 25,2% կորուստ: