Mozilla ընկերությունն իր Firefox բրաուզերի համար նոր գործառույթ է մշակել, որը վեբ դիտարկումն ավելի քիչ «նյարդայնացնող» կդարձնի։ Ինչպես հայտնում է Gizchina կայքը, նոր գործառույթը թույլ կտա ավտոմատ կերպով արգելափակել այն բաներները, որոնք օգտատիրոջը խնդրում են թույլատրել կայքերում cookie-ների օգտագործումը։
Այսպիսով, օգտատերերն այլևս ստիպված չեն լինի ամեն անգամ նոր կայք այցելելիս առնչվել այս բաներներին. փոխարենը դա կփորձի անել Cookie Banner Reduction կոչվող գործառույթը:

Ի՞նչ են Cookie ֆայլերը
Cookie ֆայլերը կամ քուքիները տվյալների փոքր կտորներ են, որոնք ուղարկվում են վեբ սերվերի կողմից և պահվում օգտատիրոջ համակարգչում կամ այն սարքում, որով միացել է համացանցին։ Այս ֆայլերի օգնությամբ կայքը հիշում է օգտատերերի այցելությունների մասին տեղեկությունները։
Այս ֆայլերի շնորհիվ ամեն անգամ, երբ այցելում եք այս կամ այն կայք, ստիպված չեք, օրինակ, մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը. բրաուզերը դրանք բեռնում է ինքնուրույն: Արդյունքում սերվերի ծանրաբեռնվածությունը չի ավելանում, և վեբ էջերի բացման արագությունը մեծանում է։
Հարկ է նշել, որ այս ֆայլերն ինքնին վտանգավոր չեն. դրանք չեն կարող որևէ գործընթաց սկսել սարքում, ոչ էլ ազդել դրա աշխատանքի վրա։
Մյուս կողմից, այս ֆայլերը կարող են տեղեկություններ պարունակել հետևյալի մասին.
- Որ ժամին և ինչ սարքից է մարդն այցելել տվյալ էջ,
- Ինչ նախասիրություններ ունի օգտատերը տարբեր կարգավորումների հարցում (օրինակ՝ լեզուն, արժույթը կամ տառաչափը),
- Ինչ ապրանքներ են դիտվել կամ ավելացվել զամբյուղում,
- Ինչ տեքստ է օգտատերը նախկինում մուտքագրել կոնկրետ կայք,
- Որն է օգտատիրոջ IP հասցեն և գտնվելու վայրը,
- Երբ է օգտատերն այցելել կայք,
- Օգտատիրոջ մոտ օպերացիոն համակարգի և բրաուզերի ինչ տարբերակ է,
- Որ հղումներն է սեղմել և ինչ կայքեր է մտել։
Երբ մենք այցելում ենք վեբ կայքեր, ամենից հաճախ մեր առջև հայտնվում է մի պատուհան՝ քուքիների հավաքման մասին նախազգուշացումով կամ այդ տվյալները հավաքելու թույլտվության խնդրանքով: Նման նախազգուշացումները պարտադիր են դարձել Cookie ֆայլերի մասին ԵՄ օրենսդրության խստացումից հետո։






