Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների հիմնական հաբ, այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանում ընթացող Doing Digital ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիները:

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպես է աշխարհը թվայնացվում և փոխակերպվում, և շատ կարևոր է փոխակերպման և թվայնացման այս ընկալումը Հայաստան բերելը:

«Դրա համար երկու պատճառ կա. նախ, եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման և փոխակերպման մեջ, նրանք կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան: Երկրորդը, տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն և ֆինանսական տեխնոլոգիաների՝ ֆինթեքի հիմնական հաբ»,-ասաց նա:

Հարցին, թե որո՞նք են թվային փոխակերպումը խթանող միտումներն այսօր, Սքիները պատասխանեց, որ դրա համար չափազանց կարևոր է, որ բանկերը, երկրի ղեկավարությունը ստանձնեն այդ փոխակերպումն իրականացնելու առաջնորդությունը։

«Եթե ֆինանսական հաստատության ղեկավարությունը չի ընկալում դա, ապա դա տեղի չի ունենալու: Ոչ միայն բանկի ղեկավարությունը, այլ նաև երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդություն ստանձնեն թվային փոխակերպման առումով՝ վարչապետը, փոխվարչապետը, ԿԲ նախագահը: Որպեսզի Հայաստանը դառնա թվային փոխակերպման տարածաշրջանային կենտրոն, անհրաժեշտ է, որ պետության ղեկավարությունը նույնպես հասկանա դա և ստանձնի առաջնորդությունը: Այն փաստը, որ այս ֆորումին ներկայացված են փոխվարչապետը, ԿԲ նախագահը, ցույց է տալիս, որ երկրի ղեկավարության մոտ կա այդ ընկալումը և հանձնառությունն ստանձնված է, որպեսզի այդ թվային փոխակերպումը տեղի ունենա»,- ասաց նա:


Ըստ Քրիս Սքիների՝ թվային փոխակերպումը վերևից ներքև իջեցվող գործառույթ չէ, այն պետք է հավասար կերպով բաշխվի և բոլոր մակարդակներում ընկալվի ու իրականացվի, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի: Նրա խոսքով՝ բազմաթիվ խնդիրներ կան կապված թվային փոխակերպումների հետ. մեծ ընկերություններում կան մարդկանց խմբեր, որոնք մտահոգություն ունեն, որ թվային փոխակերպման արդյունքում իրենց աշխատատեղերը կվտանգվեն:

«Օրինակ, դուք լրագրողներ եք, պատկերացրեք, որ արհեստական բանականությունը կարող է ձեր փոխարեն ձեր հոդվածները գրել: Տարբեր ոլորտներին դա կարող է վերաբերել: Օրինակ՝ «Դոյչե» բանկի գլխավոր գործադիր տնօրենն ասել է՝ եթե իմ բոլոր աշխատակիցները լինեին հաշվապահներ, ես կարող էի նրանց բոլորին թվայնացնել: Եթե դու այդ տեսակ ուղերձ ես հղում, ապա դու ամեն ինչ անում ես, որ թվային փոխակերպման գնացքը կանգնեցնես: Բայց այն ընկերությունները, որոնց հետ ես աշխատում եմ, նրանք աշխատում են այնպես անել, որ իրենց աշխատակիցներն անգործ չմնան: Նրանց համար որակավորման դասընթացներ են կազմակերպում և այլն»,- նշեց նա:

Նշենք, որ Քրիս Սքիները Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակն է, նա այսօր տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում: Քրիս Սքիները նաև The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ֆինանսական տեխնոլոգիաների և բանկային գործունեության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Digital Human», «Digital Bank», «The Future of Banking», «ValueWeb»:

Սքիները որպես գլխավոր խոսնակ է հանդես գալիս ֆինթեքի առաջատար միջազգային համաժողովների ու միջոցառումների ժամանակ, ներկայացնում իր մոտեցումները ոլորտի վերջին զարգացումների և թվային փոխակերպումների ապագայի վերաբերյալ: Doing Digital ֆորումը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի նաև ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, SPRING PR ու «Ամերիաբանկ» ընկերություններից։

Doing Digital ֆորումի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital ֆորումը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, ինֆորմացիոն գործընկերը՝ NEWS.am Tech-ը: