Երևանում այսօր՝ ապրիլի 5-ին, մեկնարկել է առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» խորագրով ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ «Ամերիաբանկ»-ը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը, համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրույթի շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

Բացման խոսքով նախ հանդես եկավ «Ամերիաբանկ»-ի տաղանդների և ծառայությունների  գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։ Վերջինս նշեց, որ թվային փոխակերպումն անդադար գործընթաց է, այն երբեք չի ավարտվում: Նա ընդգծեց, որ տեխնոլոգիաները բավարար չեն, տեխնոլոգիաների հիմքում մարդն է, և եթե մարդիկ իմանան «ինչո՞ւ» հարցի պատասխանը, ապա նրանք հաստատ կգտնեն նաև «ի՞նչ» և «ինչպե՞ս» հարցերի պատասխանները:

Doing Digital  Forum  1.jpg (735 KB)

Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը նշեց, որ նման միջոցառումները կարևոր նշանակություն ունեն առնվազն կառավարության տեսանկյունից:

«Ուրախ եմ տեսնել Doing Digital ֆորումի անցկացումը Հայաստանում նման հագեցած օրակարգով՝ թվային և տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող ականավոր հյուրերի ու խոսնակների մասնակցությամբ: Վերջին տարիներին մեր երկրում տեխնոլոգիական խորագրով անցկացվող միջոցառումների ինտենսիվացումն ինքնին ցուցիչ է, որ ՀՀ տնտեսական ու հանրային կյանքում թվային փոխակերպումը գերակայող օրակարգ է դարձել:

Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարությամբ: Պետությունը ջանքեր է գործադրելու բաց և հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ, նպաստավոր և անվտանգ միջավայր ձևավորելու գործում: Սա է կառավարության հիմնարար մոտեցումը թվային բարեփոխումների իրականացման գործում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Մհեր Գրիգորյան -1.jpg (420 KB)

Փոխվարչապետն ընդգծեց, որ կառավարությունը հաստատել և հանրության դատին է ներկայացրել թվային հասարակության և տնտեսության տեսլականն ու ինը գլխավոր թիրախները։

«Թիրախները շեշտադրում են հետևյալ սկզբունքները. բոլոր քաղաքացիները հասանելիություն են ունենալու թվային նույնականացման լուծումներին և դրա համար ուղղակիորեն չեն վճարելու: Քաղաքացիները, տնտեսվարողները պետական համակարգին տվյալները տրամադրելու են «միայն մեկ անգամ» սկզբունքով: Պետության կողմից մատուցվող ծառայությունները նախագծվելու են կյանքի իրավիճակների շուրջ: Մեր համոզմամբ, թվայնացման ոլորտում ներդրումները հանգեցնելու են հասարակության, տնտեսության և կառավարության փոխակերպմանը: Թվային տնտեսության դարաշրջանում հասարակության առաջընթացի գրավականն առաջին հերթին վստահության միջավայրը, միտքն ու նորարարությունն են, ինչի ներուժը Հայաստանը վստահաբար ունի»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:

Doing Digital  Forum  2.jpg (654 KB)

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր ելույթում ասաց, որ թվային տնտեսությունը փոխում է մեր կենսակերպը, բիզնես անելու եղանակները, և բոլորի պես մենք էլ ենք հետևում տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերին:

«Հույս ունենք, որ արագընթաց տեխնոլոգիական բեկումները թույլ կտան մեր հասարակությանն ավելի արդյունավետ ու ավելի բարգավաճ լինել: Իսկ զգուշավորությունը բխում է նրանից, որ այն կարող է խլել մարդկանց աշխատանքը և ամբողջ աշխարհը մեր ձեռքից: Մարդկանց նկատմամբ գերհսկողությունը կարող է հանգեցնել բարդ գործիքների կիրառման՝ առանց պատշաճ կարողունակությունների ստուգման: Եթե այս ամենը պատշաճ չկառավարվի, այն բաշխման սարսափելի հետևանքներ կունենա, որովհետև ընդամենը մի քանիսը կկարողանան տեխնոլոգիական առաջընթացից օգտվել»,- ասաց նա:

Մարտին Գալստյանի խոսքով՝ ԿԲ-ի կողմից ուշադրության արժանի երեք հիմնական կետերը հետևյալն են՝

  • Մասնավոր հատվածի հետ համագործակցություն,
  • Ենթակառուցվածքների ստեղծում, ինչը թույլ կտա ընկերություններին և տնային տնտեսություններին ավելի արդյունավետ լինել,
  • Տվյալներ։

ԿԲ նախագահի խոսքով, Հայաստանը ներդրումներ է անում իր կիբեռանվտանգության կարողություններում և՛ համակարգերի, և՛ գործընթացների մասով։ «Մենք նախաձեռնել ենք մեր վճարային ենթակառուցվածքների վիճակի գնահատում: Մեր նպատակն է էլ ավելի ամրապնդել համակարգերը: Մենք այստեղ քննարկում ենք ծառայություն մատուցողներին ավելի մեծ դերակատարություն տալու և ռիսկերին դիմակայելու հնարավորություններ ընձեռելու հարցերը»,- ընդգծեց նա:

Doing Digital  Forum .jpg (650 KB)

Նշենք, որ Doing Digital ֆորումի գլխավոր խոսնակը թվային փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիներն է, ով այսօր տեխնոլոգիաների և ֆինանսական շուկաների ամենաազդեցիկ մասնագետներից ու ամենավաճառվող հեղինակներից մեկն է աշխարհում: Քրիս Սքիները նաև The Finanser խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ֆինանսական տեխնոլոգիաների և բանկային գործունեության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Digital Human», «Digital Bank», «The Future of Banking», «ValueWeb»:

Սքիները որպես գլխավոր խոսնակ է հանդես գալիս ֆինթեքի առաջատար միջազգային համաժողովների ու միջոցառումների ժամանակ, ներկայացնում իր մոտեցումները ոլորտի վերջին զարգացումների և թվային փոխակերպումների ապագայի վերաբերյալ: Doing Digital ֆորումը նրան Հայաստանում հյուրընկալելու և ունկնդրելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի նաև ավելի քան 15 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, Visa, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, SPRING PR ու «Ամերիաբանկ» ընկերություններից։

Doing Digital  Forum 6 (2).jpg (742 KB)

Doing Digital ֆորումի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital ֆորումը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, ինֆորմացիոն գործընկերը՝ NEWS.am Tech-ը: