Մեծ Բրիտանիայի քաղաքացիների տվյալների պաշտպանությունը վերահսկող մարմինը (ICO) TikTok վիդեո ծառայությանը տուգանել է 12,7 միլիոն ֆունտ ստեռլինգով (16 միլիոն դոլար) անչափահաս օգտատերերի տվյալների պահպանման և մշակման հարցում թույլ տված խախտումների համար։

ICO-ի գնահատմամբ՝ 2020 թ․ TikTok-ը Մեծ Բրիտանիայում մինչև 13 տարեկան մոտ 1,4 միլիոն երեխայի թույլ է տվել օգտագործել իր հարթակը հակառակ իր իսկ կանոններին, ըստ որոնց՝ 16 տարեկանը չլրացած անձանց թույլ չի տրվում օգտահաշիվ ստեղծել:

Ընդորում, Միացյալ Թագավորության տվյալների պաշտպանության մասին օրենքը սահմանում է, որ կազմակերպությունները, որոնք մշակում են մինչև 13 տարեկան օգտատերերի անձնական տվյալները, պետք է ստանան նրանց ծնողների կամ խնամակալների համաձայնությունը, ինչը TikTok-ը չի արել: Ընկերությունը նաև պատշաճ ստուգումներ չի անցկացնել անչափահասներին իր հարթակից հայտնաբերելու և հեռացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, ICO-ի ղեկավար Ջոն Էդվարդսն ասել է, որ երկրում կան օրենքներ, որպեսզի համոզվեն, որ երեխաները նույնքան անվտանգ են թվային աշխարհում, որքան ֆիզիկական աշխարհում, սակայն TikTok-ը չի ենթարկվել այդ օրենքներին:

«Արդյունքում մոտ 13 տարեկանից ցածր մեկ միլիոն անձի ոչ պատշաճ կերպով թույլ է տրվել մուտք գործել հարթակ, իսկ TikTok-ը հավաքում և օգտագործում էր նրանց անձնական տվյալները: TikTok-ը դա շատ ավելի լավ պետք է իմանար: TikTok-ը պետք է շատ ավելի լավ գործեր: Մեր 12,7 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանքն արտացոլում է այն լուրջ ազդեցությունը, որը կարող էր ունենալ նրանց ձախողումը»,- ասել է նա:

Ջոն Էդվարդսը նաև ասել է, որ TikTok-ը քայլեր չի ձեռնարկել անչափահասների ծնողների համաձայնությունն ստանալու հարցում։ Նրա խոսքով՝ եթե երեխաները դիտում են բովանդակություն, որը չի համապատասխանում նրանց տարիքին, դա կարող է բավականին վնասակար լինել, քանի որ նրանք բավականաչափ մեծ չեն, որպեսզի լիովին գնահատեն հետևանքները և կատարեն համապատասխան ընտրություն։

Ի սկզբանե ICO-ն նախատեսել էր շատ ավելի մեծ տուգանք կիրառել՝ 27 մլն ֆունտ ստերլինգ (33,7 մլն դոլար), սակայն TikTok-ի տրամադրված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բրիտանական կարգավորող մարմինը եկել է այն եզրակացության, որ անչափահասների տվյալները ծառայության կողմից չեն օգտագործվել անօրինական նպատակներով, և նվազեցրել է տուգանքի չափը։

Նշենք, որ TikTok-ը կարող է բողոքարկել տուգանքի չափը և դրա համար ունի 28 օր։