Անկախության տարիներից ի վեր Ակադեմիան իշխանությունների համար դարձել է գլխացավանք, որից ազատվելու ելքեր են փնտրում. դեկան

15 մարտի, 2023  19:33

Գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միացնելու մասին խոսակցությունները Հայաստանում նորություն չեն, և գաղափարը լավ օրից չի ծնվել. պետությունը ցանկանում է ազատվել խոշոր գիտական հաստատությունների ծանր բեռից, որոնց չի կարող ապահովել բավարար ֆինանսավորմամբ, հատկապես հիմնարար գիտության մասով։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու Մարատ Գրիգորյանը։

«Ակադեմիան իշխանությունների համար դարձել է գլխացավանք, ավելի ճիշտ՝ կույրաղիք, որից ուզում են ազատվել։ Եվ, նրանց կարծիքով, դա կարելի է անել բուհերին միավորելով»,- ասաց նա։

Դեկանը կարծում է, որ կա՛մ կառավարությունը պետք է կարողանա համապատասխան ֆինանսավորում տրամադրել գիտության զարգացմանը, որպեսզի պահպանվեն ակադեմիական հաստատությունները, կա՛մ հաստատությունները պետք է միավորվեն բուհերի հետ առանց այդ էլ մեծ կորուստներ կրած երկրի գիտական ներուժն ամբողջությամբ չփոշիացնելու համար։ Թեև դա ամեն դեպքում կհանգեցնի գիտահետազոտական ինստիտուտների ներուժի որոշակի կորստի և կբերի գիտական ուղղությունների կրճատման, ինչից բուհերում էլ գիտության բուռն զարգացում չի լինի։ Նրանք ինչպես կատարել են գիտակրթական գործառույթ, այնպես էլ կշարունակեն կատարել։

Մարատ Գրիգորյանի խոսքով՝ եղել է և կա բուհական գիտություն, մասնավորապես՝ ԵՊՀ-ում, այդ թվում՝ նրա ղեկավարած ֆակուլտետում։ Այստեղ գործում են տարբեր լաբորատորիաներ, տարբեր գիտական խմբեր ունեն ինչպես Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, այնպես էլ՝ միջազգային դրամաշնորհներ։ Այնպես որ, դեկանը դրական ոչինչ չի տեսնում մեխանիկական միացման մեջ։ Պետք է ինտեգրվեն իսկ ինտեգրվելու համար պետք է համապատասխան հարթակներ լինեն։ Դրանք են՝ ֆինանսավորումը և լսարանային ծանրաբեռնվածությունը, որն այսօր լուրջ խնդիր է դարձել։

Դեկանը հավելեց, որ խորհրդային տարիներին բուհերում, մասնավորապես, Երևանի պետական համալսարանում բարձր մակարդակի գիտություն կար և այսօր էլ այն կա։ Դասախոսները կրթական գործունեությանը հավասար կատարում են նաև գիտահետազոտական աշխատանքներ։ Օրինակ՝ տարբեր տարիների ընթացքում երկրաբանության ֆակուլտետը բազմաթիվ պատվերներ է ստացել դաշտային հետազոտությունների համար։ Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո, նրա կարծիքով, բուհական և ակադեմիական գիտության նկատմամբ կիրառվել է տարբերակված մոտեցում։ Ֆինանսավորման համար առաջնահերթությունը տրվել է ակադեմիական ինստիտուտներին, քանի որ դրանք ֆինանսավորման այլ աղբյուրներ չեն ունեցել, իսկ համալսարանական դասախոս-գիտնականները վարձատրվել են որպես դասախոսներ։ Եվ հենց դրա մեջ է Մարատ Գրիգորյանը տեսնում բուհերի և ակադեմիական ինստիտուտների գիտական մակարդակների տարբերության պատճառը։

Դեկանը համաձայն չէ այն քննադատությունների հետ, որ ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցները խոչընդոտների են հանդիպում, երբ ցանկանում են աշխատել ուսանողների հետ։ Ե՛վ նախկինում, և՛ ներկայումս ակադեմիական համակարգի լավագույն մասնագետները դասախոսել են համալսարանում, ֆակուլտետում։ Նրա խոսքով, եթե ֆակուլտետում որևէ մասնագիտության համար բավարար կադրեր չկան, ապա հրավիրվում են մասնագետներ այլ գիտական հաստատություններից։ Միաժամանակ բուհական դասախոսները մասնակցում են ինստիտուտների գիտահետազոտական աշխատանքներին։ «Այս համագործակցության մեջ մենք խնդիրներ չունենք»,- վստահեցրեց դեկանը։

Նա հավելեց, որ ամեն տարի դեկանատը վերանայում է կրթական ծրագրերը, անհրաժեշտության դեպքում ավելացնում նոր արդիական ուղղություններ։ Բայց նոր ծրագրերը պետք է հաստատվեն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում, և ֆակուլտետն, օրինակ, արդեն մի քանի տարի է, ինչ սպասում է, որ կիրառական սեյսմոլոգիայի ծրագիրը հաստատվի։ Սովորաբար նոր ուղղություններն իր համար ֆակուլտետն է ընտրում՝ ելնելով տնտեսության պահանջներից։ Բայց ֆակուլտետը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն կապված նոր կրթական ծրագրերի ներդրման հետ։

Եվ եթե նոր ծրագրով ուսուցում կազմակերպելու համար ֆակուլտետը կարիք է ունենում նոր մասնագետների, ապա ֆակուլտետը թափուր տեղի համար մրցույթ է հայտարարում։ Մրցութային ընտրությունն իրականացվում է՝ հաշվի առնելով մասնագետի գիտական վարկանիշը, որը հաստատվում է ֆակուլտետի գիտական խորհրդի կողմից։

«Այնպես որ, արժանավոր կադրեր ընտրելու, դասավանդելու առումով որևէ սահմանափակում չկա, սահմանափակումներ կան միայն անարժանների, կոռումպացվածների և գրագողությամբ զբաղվողների համար»,- վստահեցրեց նա։

Արձագանքելով մեղադրանքներին, թե Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների մակարդակն այսօր չի բավարարում գիտական ինստիտուտների պահանջներին՝ ուսանողները վատ են պատրաստված ու բավարար չափով մոտիվացված չեն, դեկանը նշեց, որ դա չհիմնավորված, առանց խորը վերլուծության անձնական կարծիք է։ Նա հավելեց, որ երկրաբանության բնագավառում բոլոր կադրերը, որոնք այսօր գործում են երկրում, այդ ֆակուլտետի շրջանավարտներ են։ Եվ այն ուսանողները, որոնք սովորում են ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում՝ երկրաբանի մասնագիտությամբ, նույնպես իրենց բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներ են։

Ի դեպ, ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի ստեղծումը Մարատ Գրիգորյանը համարում է մի տեսակ հարկադրված բիզնես-միջոց, Ակադեմիայի համար փող աշխատելու հնարավորություն, սակայն կրթական տեսանկյունից նա այս միջոցը ճիշտ չի համարում։ Դեկանի կարծիքով՝ կրթության բոլոր երեք մակարդակները պետք է կազմակերպվեն մեկ տեղում՝ ԲՈւՀ-ում, որը դարերի փորձ ունի։

Ի դեպ, հիմնականում դպրոցական կրթական մակարդակի ոչ բավարար լինելը հանգեցրել է բնագիտական մասնագիտությունների ուղղությամբ դիմորդների թվի անկմանը։ Այսօր, ոչ միայն մեր երկրում, դպրոցականների ճնշող մասի մոտ բացակայում է ձգտումը ճշգրիտ գիտությունների ուղղությամբ։ Բակալավրիատում խիստ կրճատվել են ֆիզիկայի, քիմիայի, լսարանային ծանրաբեռնվածությունները, իսկ մագիստրատուրայում նրանք այդ բացը չեն կարող լրացնել։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ