Գուցե ոչ թե պետք է ինստիտուտները միացնել բուհերին, այլ հակառակը. Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն

2 մարտի, 2023  19:34

Մինչ բուհերի հետ ակադեմիական ինստիտուտների միավորման կամ ինտեգրման այլ տարբերակների մասին խոսելը պետք է ուսումնասիրել ներկա վիճակը և հասկանալ, թե գիտական ինչ ուղղություններ են հաջողությամբ զարգանում նաև բուհերում, իսկ որոնք՝ միայն գիտահետազոտական ինստիտուտներում։ Այս մասին NEWS.am Tech-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը՝ մեկնաբանելով ակադեմիական գիտական ինստիտուտները բուհերի հետ միավորելու կառավարության մտադրության մասին լուրերը:

Նրա խոսքով՝ եթե նայենք Գիտության կոմիտեի տարբեր մրցույթների արդյունքներին, կտեսնենք, որ ֆինանսավորում ստացած նախագծերի մեջ կան նաև Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի նախագծեր։ Այսինքն՝ ինչ-որ գիտական ուղղություններ կայացել են նաև բուհերում, բայց, ամեն դեպքում, բուհերի գիտական վարկանիշը էականորեն զիջում է ակադեմիական ինստիտուտների վարկանիշին։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպես առաջ ընթանանք, պետք է վերլուծենք գիտության բոլոր ուղղությունները և պարզենք յուրաքանչյուր ոլորտի խնդիրներն առանձին վերցրած։

«Գուցե, ոչ թե ինստիտուտները պետք է միացնել բուհերին, այլ հակառակը։ Գուցե կրթությունը այն գիտաճյուղերով կամ ուղղություններով, որոնք թույլ են ներկայացված համալսարանում, իսկ ակադեմիայում ավելի ուժեղ են, պետք է ներառել ակադեմիական համակարգում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այժմ գիտական միջավայրում շատ է խոսվում հետազոտական համալսարանների մասին, և դա լավ գաղափար է։

Օրինակ, նրա խոսքով՝ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը բախվում է լուրջ խնդրի. Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից չկա որակյալ, մոտիվացված կադրերի մեծ հոսք՝ գիտելիքների բավարար բազայով, գիտնականին հատուկ մտածողությամբ և լեզուների իմացությամբ։ Ուստի ինստիտուտը ստիպված իր մագիստրատուրան է բացել։

«Ակադեմիայում արդեն բավականին երկար ժամանակ գործում է միջազգային գիտակրթական կենտրոնը, որն ունի մագիստրոսական և ասպիրանտական կրթության լիցենզիա։ Այս կենտրոնում մենք ունենք մագիստրատուրա և ասպիրանտուրա, և ուսանողները, որոնք սովորում են մեզ մոտ, անմիջականորեն ներգրավված են հետազոտական գործընթացում, մասնակցում են լաբորատոր հետազոտություններին և դաշտային աշխատանքներին՝ նաև ԳԿ թեմատիկ և միջազգային գրանտային ծրագրերի շրջանակներում: Ինստիտուտը վճարում է նաև մեր աշխատակիցների՝ մագիստրատուրայում ուսման վարձը։ Փաստացի սա փոքր մասշտաբով հետազոտական համալսարանի գաղափարի մարմնավորումն է»,- ասաց Մելիքսեթյանը։

Ինստիտուտի տնօրենի խոսքով՝ այն, որ բուհում գիտությունն ավելի թույլ է, քան ակադեմիայում, վկայում է նաև բուհերի կառավարման խնդիրների մասին։ Հետևաբար, երաշխիք չկա, որ բուհերի կազմում գործող ակադեմիական հաստատությունները ավելի լավ կկառավարվեն, քան հիմա: Այժմ ակադեմիայի համակարգում հաստատություններն ունեն ազատության բավարար աստիճան, ինչը դրականորեն է ազդում գիտության զարգացման վրա։

«Իրավական առումով ինստիտուտները պետական ոչ առևտրային կազմակերպություններ են (ՊՈԱԿ), և մենք ունենք իմ կողմից ստորագրված միջազգային պայմանագրեր։ Եթե մեզ միավորեն համալսարանի հետ, որը տնօրինում է հիմնադրամը, մենք չենք կարողանա շարունակել աշխատել մեր պայմանագրերով, կստեղծվի ֆորսմաժորային իրավիճակ՝ իր բացասական հետևանքներով և մեր համագործակցության համար լուրջ սպառնալիքներով»,- բացատրեց նա։

Մելիքսեթյանի խոսքով՝ բուհական համակարգում դեռևս լուծված չէ այնպիսի տրիվիալ հարց, ինչպիսին է ղեկավար պաշտոնների տարիքային շեմը։ Կամ, ըստ նրա, հիմա ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մի շարք մասնագիտությունների գծով դասախոսներ չկան, բայց Երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցներին դասավանդելու չեն հրավիրում, ասում են՝ ուսանող չկա։ «Իսկ ես անձամբ պատրաստ եմ աշխատել ուսանողների հետ նույնիսկ առանց վարձատրության՝ մեր ինստիտուտի համար կադրեր պատրաստելու նպատակով։ Երկրաբանության ոլորտում մենք ամենամեծ գործատուն ենք, և մենք շահագրգռված ենք որակյալ և մոտիվացված կադրեր պատրաստելու գործում»,- ասաց նա։

Ամփոփելով՝ ինստիտուտի տնօրենը շեշտեց, որ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ինտեգրումը պետք է տեղի ունենա աստիճանաբար, իրատեսական, փոքր քայլերով։

«Ինստիտուտների և բուհերի միջև համագործակցությունն անհրաժեշտ է, այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում, բայց յուրաքանչյուր կոնկրետ ոլորտի համար պետք է պարզել, թե որ ուղղությամբ զարգացնել այդ համագործակցությունը։ Ոլորտի առաջատար փորձագետները պետք է դասավանդեն՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք աշխատում: Եվ դա կգրավի ուսանողներին: Այո, պետք է համագործակցել, բայց փոխադարձ հիմունքներով, այլ ոչ թե փորձել մի կառույցի խնդիրները լուծել մյուսի հաշվին»,- ասաց նա։

Օրինակ, ըստ նրա, համալսարանում երկրաբանության որոշ ուղղություններով շատ լավ մասնագետներ կան, որոնց հետ կարելի է արդյունավետ աշխատել։ Այլ ոլորտներ ավելի ուժեղ են և զարգացած ինստիտուտում, բացի դրանից ինստիտուտն ունի հետազոտական լաբորատորիաներ։ Այսինքն՝ ինստիտուտներն ու բուհերը կարող են ունենալ միասնական մագիստրատուրա, իսկ տարբեր կառույցներում աշխատող հետազոտողները կարող են համատեղ գիտական հրապարակումներ ունենալ բարձր ազդեցության գործակցով ամսագրերում։

Նա հավելեց, որ Ակադեմիան նույնպես ունի իր խնդիրները, ուստի ակադեմիական միջավայրում ակտիվորեն քննարկվում են տարբեր բարեփոխումներ։ Օրինակ՝ կարելի է համախմբել նույն գիտակարգի տարբեր հարցերով զբաղվող հաստատությունները, բայց դա նույնպես չպետք է արվի մեխանիկորեն։ Գիտությունը պահպանողական ոլորտ է, և արագ որոշումներ կայացնել չի կարելի, կարծում է նա։

Ըստ գիտնականի՝ անհրաժեշտ է առանձնացնել գիտական այն ուղղությունները, որոնք մեզ մոտ լավ զարգացած են, ինչպես նաև որոշել երկրի ռազմավարական ուղղությունները, և դրա հիման վրա պետությունը պետք է ընտրի գիտության առաջնահերթ ոլորտները։ «Միգուցե սա դժվար հարց է կառավարության համար, բայց կարելի է դիմել գիտնականներին»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրի գիտական ողջ ներուժի ճիշտ օգտագործման ուղղությամբ աշխատանքը կարող է համակարգել Գիտությունների ակադեմիան։

«Շատ է խոսվում պետպատվերի մասին, բայց պետական կառույցները հաճախ պատկերացում չունեն այն մասին, թե ինչպես ձևավորել պետպատվերը։ Գիտնականները կարող են հուշել, թե որ ուղղություններն է հարկավոր զարգացնել։ Եվ Ակադեմիան այդ հարցում կարող է մեծ դեր խաղալ։ Կարելի է Ակադեմիայի բաժանմունքների հիման վրա կամ նրանց կազմում ըստ ուղղությունների խորհուրդներ ստեղծել և ներգրավվել ոչ միայն ակադեմիական ինստիտուտների ներուժը և առաջարկություններ անել կառավարությանը։ Եվ դա կարող է արդյունավետ լինել»,- ասաց նա։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հանրապետության հնագույն գիտական ինստիտուտներից է, այն գործում է 1935 թվականից։ Ինստիտուտը զբաղվում է տեկտոնիկայի, սեյսմոլոգիայի, հրաբխագիտության, նստվածքաբանության, հնէաբանության, գեոդինամիկայի, մագմատիզմի, օգտակար հանածոների, երկրաջերմային էներգիայի, ստորերկրյա և մակերևութային ջրերի և այլ հիմնարար ու կիրառական հարցերով։ Անցած 30 տարիների ընթացքում ինստիտուտը, իհարկե, որոշակի կորուստներ է կրել, սակայն միջազգային համագործակցությունը հնարավորություն է տվել պահպանել հիմնական ուղղությունները, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ ակտիվ զարգանալ։

 


 
 
 
 
  • Արխիվ