Ոսկի՞, թե բիթքոյն․ Ալեքսիս Օհանյանը պատմել է կրիպտոարժույթների և իր վենչուրային նոր ընկերության մասին

22 փետրվարի, 2023  12:45

Reddit-ի համահիմնադիր, ներկայումս Seven Seven Six վենչուրային ընկերության գլխավոր բաժնետեր Ալեքսիս Օհանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականին, որում խոսել է կրիպտոարժույթների ապագայի մասին, հատկապես FTX-ի կրիպտոբորսայի սնանկացման ֆոնին։

«Դուք կարող եք մտածել, որ բիթքոյնը հիմարություն է, բայց դա նույնքան հիմարություն է, որքան ոսկին»,- ասել է նա՝ նշելով, որ եթե դու կարողությունդ պահում ես ոսկով և անհրաժեշտության դեպքում կարող ես դա տեղափոխել երկրից, ապա կրիպտոարժույթի դեպքում դա անելը շատ ավելի հեշտ է։ «Եվ սա հնարավոր ամենաձանձրալի փաստարկն է այն մասին, թե ինչու է կրիպտոն, այս դեպքում բիթքոյնը, լավ, օգտակար և ապահով»,- ասել է նա։

Ալեքսիս Օհանյանն ասել է, որ հիմա իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է տեխնոլոգիական ոլորտում վենչուրային ներդրումներով զբաղվող Seven Seven Six ընկերության վրա։ «Ես միշտ կրիպտոյի պրագմատիկ աջակից եմ եղել: Seven Seven Six-ի պորտֆելի մոտ կեսը ինչ-որ կերպ ներդրումներ է կատարում կրիպտո կամ բլոկչեյն տեխնոլոգիաներում»,- ասել է նա:

Reddit-ի համահիմնադիրն ասել է, որ Seven Seven Six-ը երիտասարդ ընկերություն է, պորտֆելում ներառված ընկերությունները նույնպես բավականին երիտասարդ են։ Այդուհանդերձ, ընկերության հիմնադիրները իրապես հավատում են, որ հաջորդ մեկ-երկու տարվա ընթացքում դրանք արդեն բավական փորձառու կլինեն։

Ըստ Օհանյանի՝ տեխնոլոգիական առումով 2023-ը ընդհանուր առմամբ դժվար տարի է լինելու, և տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարները միանգամայն այլ սցենարներ ստիպված կլինեն դիտարկել իրենց հաջորդ ներդրումն ստանալու համար։



«Ցավոք, որքան ցավ տնտեսական այս անորոշությունը կստեղծի, այդ նույն ցավը կստեղծի մի քանի հիանալի ընկերություններ: Ես լիահույս եմ այդ ընկերությունների համար, քանի որ մենք այ ընկերությունների կարիքն ունենք, որպեսզի դրանք մեզ հետագայում էլ ավելի մղեն դեպի տիեզերական և կլիմայական տեխնոլոգիաներ, ծրագրային ապահովում, և այո՛, նույնիսկ կրիպտո տեխնոլոգիաներ»- ասել է նա:

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ ինքը կրիպտոոլորտի տարբեր փուլերով է անցել, շատ կրիպտոձմեռներ է տեսել, այդուհանդերձ, իրականում վայելում է այս ոլորտում գործելու հնարավորությունը, քանի որ գործ է ունենում խելացի, սթափ դատող երիտասարդ մասնագետների հետ, որոնք շատ ավելի խելացի են, քանի որ առաջին սերունդն են, որը մեծացել է այս դարաշրջանում։ Նա նաև հույս է հայտնել, որ երիտասարդները շատ բան կսովորեն իրենց սերնդի թույլ տված սխալներից։ «Եվ ես այստեղ եմ՝ հնարավորինս օգնելու նրանց»,- ասել է նա։

Seven Seven Six-ի գլխավոր բաժնետերը նշել է, որ իրեն շատ բախտավոր է համարում, երբ տեսնում է, թե նոր ընկերությունը վերջին երկու տարիների ինչպիսի առաջընթաց ու հաջողություններ է գրանցում, ինչը նրան ստիպում է մտածել, որ ավելի վաղ պետք է սկսած լիներ նման նախաձեռնություն։ «Բայց ես ուրախ եմ, որ գտնվում եմ այնտեղ, որտեղ հիմա եմ։ Այստեղ աշխատելը զվարճալի է և աներևակայելի գոհացուցիչ»,- նշել է նա:

Ալեքսիս Օհանյանը նաև ասել է, որ ստեղծել է Seven Seven Six հիմնադրամ, որով սկսում է իր բարեգործական գործունեությունը, և իր կյանքի մնացած մասը պատրաստվում է զբաղվել թե՛ կապիտալի ներդրմամբ, թե՛ բարեգործական հիմնադրամով։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ