2022-ի ամռանից ի վեր առաջին անգամ բիթքոյնը հատել է $25,000-ի շեմը

17 փետրվարի, 2023  12:21

Բիթքոյնն ավելի քան հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ հատել է 25,000 դոլարի շեմը։ Վերջին անգամ աշխարհում ամենամեծ կրիպտոարժույթի փոխարժեքը նշված շեմից բարձր է եղել 2022 թ․ օգոստոսին։ Վերջին օրվա ընթացքում բիթքոյնի գինն ավելացել է գրեթե 10%-ով, տեղեկացնում է Bloomberg-ը:

Իր առավելագույն արժեքին՝ $25,243-ին (ըստ CoinDesk-ի), բիթքոյնը երեկ հասել է Երևանի ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում, որից հետո այն փոքր-ինչ իջել է մինչև $24,950: Միևնույն ժամանակ, երեկ երեկոյան առաջին կրիպտոարժույթի փոխարժեքը եղել է $22,800-ի սահմաններում: Իսկ 2023 թ․ սկզբին բիթքոյնի գինն աճել է գրեթե 50%-ով՝ հունվարի 1-ին կրիպտոարժույթի փոխարժեքը կազմել էր 16,600 դոլար։

Մյուս կրիպտոարժույթները նույնպես աճում են. Ethereum-ն այսօր արժեր $1741,Binance Coin-ը թանկացել է մինչև $327, չնայած բորսայի վրա բարձր ճնշմանը։

bitcoin_01.jpg (176 KB)

Շաբաթվա սկզբին շատ կրիպտոարժույթների գներն սկսեցին նվազել ԱՄՆ իշխանությունների կողմից նոր սահմանափակող միջոցների պատճառով։ Իր ազդեցությունն ունեցավ նաև Նյու Յորքի կարգավորիչ մարմնի որոշումը, որով վերջին արգելել էր թողարկել Binance USD, որը աշխարհում երրորդ ամենամեծ ստեյբլքոյնն է:

Այնուամենայնիվ, երեկ և այսօր կրիպտոարժույթներն սկսել են վերականգնվել համաշխարհային շուկաների աճի հետ մեկտեղ՝ աճող վստահության ֆոնին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը կկարողանա զսպել գնաճը և կանխել ռեցեսիան ԱՄՆ-ում:  

Հիշեցնենք, որ վերջերս տասնամյա գործունեությունից հետո փակվեց ամենահին կրիպտոբորսաներից մեկը՝ LocalBitcoins-ը։ Ընկերությունը պատճառաբանել էր, որ «այլևս չի կարող տրամադրել իր բիթքոյնի առևտրային ծառայությունը» կրիպտոշուկաներում առաջացած մարտահրավերների պատճառով: Իսկ Binance կրիպտոբորսան փետրվարի 8-ից դադարեցրել է ԱՄՆ դոլարով փոխանցումները։ Որոշման պատճառը չի բացահայտվել, հայտնի չէ նաև, թե երբ կվերսկսվեն դոլարային փոխանցումները։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ