Safari-ում խոցելիության միջոցով զեղծարարները հավաքել են ArCa հավելվածի որոշ օգտատերերի գաղտնաբառեր և տվյալներ

16 փետրվարի, 2023  09:40

Safari դիտարկիչում առկա անհայտ խոցելիության հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքել այս դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, որոնք չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս, այս մասին տեղեկացնում է Armenian Card-ը:

«Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը»,- ասվում է հայտարարությունում:

Ընկերությունը հիշեցնում է, որ 13/02/2023-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։ Խնդրին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA) : Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։


 
 
 
 
  • Արխիվ