Open AI ընկերության ստեղծած և արհեստական բանականությամբ աշխատող ChatGPT չատբոտը սովորել է ստեղծել վիրուսային ծրագրեր, որոնք թիրախավորում են օպերացիոն համակարգի կոնկրետ հատկանիշներն ու խոցելի տեղերը, այս մասին հայտարարել է ՌԴ Հեռավոր Արևելքի դաշնային համալսարանի Մաթեմատիկայի և համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտի զարգացման գծով փոխտնօրեն Ռոման Դրեմլյուգան։
Նա ասել է, որ հանցագործները միշտ շատ արագ են հարմարվում տեխնոլոգիական նորարարություններին և երբ հայտնվում է ինչ-որ նոր, արդյունավետ գործիք, նրանք փորձում են հարմարեցնել այն իրենց նպատակներին։ Ընդորում, դա անում են շատ արագ։
«Արդեն հիմա կարելի է գտնել օրինակներ, թե ինչպես են այս համակարգի օգնությամբ ստեղծում վնասակար կոդ՝ որոշակի օպերացիոն համակարգերի, որոշակի խնդիրների, որոշակի խոցելիության համար անհրաժեշտ հատկություններով, ամբողջովին հարմարեցված: Այժմ, մեծ մասամբ, դա արվում է անվտանգության մասնագետների կողմից թեստավորման նպատակով, բայց մենք քաջ գիտակցում ենք, որ դա նշանակում է, որ կիբեռհանցագործները վաղուց են դա ներառել իրենց զինանոցում»,- ասել է նա։
Ինչպտես տեղեկացնում է ռուսական TACC-ը, Ռոման Դրեմլյուգան հավելել է, որ կիբերհանցագործները նախկինում էլ էին օգտագործում արհեստական բանականությունը, սակայն այժմ նույնիսկ սովորական մարդը, առանց համապատասխան հմտությունների, կարող է վիրուսներ ստեղծել ChatGPT-ի միջոցով։
Նրա խոսքով՝ ապագայում հանցագործները կկարողանան արհեստական բանականության կիրառմամբ փողերը և օգտատերերի անձնական տվյալները գողանալու նոր մեթոդներ գտնել։ Օգտատերերը պետք է մեծացնեն իրենց ՏՏ ընդհանուր գրագիտությունը՝ պաշտպանվելու նման անօրինական գործողություններից։
Open AI ընկերությունը ChatGPT չատբոտը գործարկել է 2022 թ․ վերջին։ Ծառայությունը օգտատիրոջ հետ շփվում է ինտերակտիվ ռեժիմով, կարող է պատասխանել լրացուցիչ հարցերի, ընդունել իր սխալները, մարդու հետ քննարկել ցանկացած հարց, մերժել անհամապատասխան հարցումները և այլն:
Չատբոտը քննադատության ենթարկվեց, երբ այն սկսեցին օգտագործել ուսանողները քննություններ հանձնելու և ակադեմիական աշխատանքներ պատրաստելու համար, որոնցում ChatGPT-ը մեծ վարպետ է: Այսպես, ChatGPT-ն ավարտական քննություն է հանձնել լավագույն բիզնես դպրոցներից մեկում, կոնկրետ աշխատատեղի համար դիմողների 80%-ից լավ է կատարել թեստային առաջադրանքը այնպես, որ HR մասնագետները նրան հրավիրել են հարցազրույցի։ Նույնիսկ դատավորներն են սկսել այն օգտագործել․ Կոլումբիայում մի դատավոր ChatGPT-ը կիրառել է վիճելի գործով վճիռ կայացնելու համար։
ChatGPT-ի գործարկումից հետո ՏՏ հսկաների միջև լուրջ մրցակցություն է սկսվել։ Google-ը հայտարարել է, որ արհեստական բանականությամբ չատբոտ է գործարկում, որը ChatGPT-ի գլխավոր մրցակիցը կդառնա։ Bard անունով չատբոտը սկզբում հասանելի կլինի միայն մի խումբ թեստավորողների համար, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում այն կներկայացվի լայն հանրությանը։ Չինական Baidu ընկերությունը նույնպես հայտարարել է, որ առաջիկայում կգործարկի ChatGPT-ի ոճի իր սեփական չատբոտը։
Microsoft և OpenAI ընկերությունները նաև մի քայլ առաջ են գնացել՝ ներկայացնելով Bing որոնողական համակարգի թարմացված տարբերակը, որը հիմված է ChatGPT-ի վրա։ Ընկերություններն ակնկալում են, որ ԱԲ-ն համացանցային որոնման այս ծառայությունը կբարձրացնի բոլորովին նոր մակարդակի՝ ոչ միայն տրամադրելով օգտատերերի հարցումներին ավելի ամբողջական պատասխաններ, այլև թույլ տալով ստեղծել բովանդակություն:
ամիս
շաբաթ
օր