Meta-ի օգտատերերի թիվն աճել է, բայց 2022-ի կորուստները հասնում են $13,7 մլրդ-ի, նաև սպասվում են կրճատումներ

2 փետրվարի, 2023  20:55

2022 թ․ Meta-ի օգտատերերի թիվն աճել է, ինչի շնորհիվ բարձրացել է նաև ընկերության բաժնետոմսերի գինը։ Բայց կորուստները նույնպես աճել են՝ հասնելով 13,7 մլրդ դոլարի։ Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը որոշել է բարձրացնել ընկերության արդյունավետությունը և կրճատել մենեջերների «ավելորդ շերտերը»։

Ֆինանսական արդյունքներ

Չնայած բոլոր խնդիրներին և կորուստներին, Meta-ի ամենօրյա օգտատերերի թիվն աճել է և առաջին անգամ գերազանցել 2 մլրդ-ը, իսկ 2022 թ․ չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության հրապարակումից հետո ընկերության բաժնետոմսերն աճել են 20%-ով։ Բացի դրանից, հայտարարվել է 40 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի հետգնման մասին:

Զեկույցի համաձայն՝ չորրորդ եռամսյակի արդյունքներով Meta-ի հասույթը կազմել է 32,17 մլրդ դոլար (Refinitiv-ի կանխատեսած 31,53 մլրդ դոլարի դիմաց)։ Համեմատության համար նշենք, որ 2021 թ․ չորրորդ եռամսյակի հասույթը կազմել է 33,7 մլրդ դոլար․ Մի կողմից տարվա վերջին եռամսյակի եկամուտը գերազանցել է վերլուծաբանների սպասումները, բայց մյուս կողմից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 4%-ով։ Ընդ որում, այն նվազել է վերջին 3 եռամսյակների ընթացքում։

Սակայն ընկերության ծախսերը տարեկան կտրվածքով աճել են 22%-ով և հասել 25,8 մլրդ դոլարի:

Meta-ի գործառնական շահույթը կազմել է 6,4 մլրդ դոլար, ինչը 49%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (12,59 մլրդ դոլար): Ընկերության զուտ շահույթը 2022 թ․ չորրորդ եռամսյակում կազմել է 4,65 մլրդ դոլար՝ 55%-ով պակաս, քան 2021 թ. նույն ժամանակահատվածում (10,29 մլրդ դոլար):

Ամբողջ 2022 թ․ Meta-ի հասույթը կազմել է 116,61 մլրդ դոլար, ինչը 1%-ով պակաս է 2021 թ. ցուցանիշի համեմատ, սակայն շահույթը նվազել է՝ գործառնական շահույթը նվազել է 38%-ով՝ մինչև 28,94 մլրդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 41%-ով՝ մինչև 23,2 մլրդ դոլար:

Այս ամենով հանդերձ ավելացել է ընկերության արտադրանքից ամենօրյա օգտվողների թիվը.

  • Օրական ակտիվ օգտատերերի թիվը ընկերության պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ-ը, մինչդեռ StreetAccount-ի վերլուծաբաններն ակնկալում էին ընդամենը 1,99 մլրդ։
  • Ամսական ակտիվ օգտատերերի թիվը կազմել է 2,96 մլրդ։
  • Մեկ օգտատիրոջ հաշվով միջին միջին եկամուտը կազմել է 10,86 դոլար, մինչդեռ StreetAccount-ի վերլուծաբանները կանխատեսել էին 10,63 դոլար։

Reality Labs-ի կորուստները

Meta-ի չորրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքների վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ վիրտուալ իրականության և մետավերսի ոլորտի լուծումների վրա մասնագիտացած  բաժինը՝ Meta Reality Labs-ը, անցած եռամսյակում ունեցել է 4,28 մլրդ դոլարի վնաս, իսկ ամբողջ 2022 թ.՝ 13,72 մլրդ դոլարի վնաս, ինչը նոր հակառեկորդ է ընկերության համար․ 2021 թ․ Reality Labs-ն ունեցել էր 10,2 մլրդ դոլարի կորուստ:

Չորրորդ եռամսյակում Reality Labs-ի հասույթը կազմել է 727 մլն դոլար, իսկ ամբողջ 2022 թ․՝ 2,16 մլրդ դոլար, ինչը նույնիսկ ավելի քիչ է, քան 2021 թ․ ցուցանիշը (2,27 մլրդ դոլար): Ստացվում է, որ այս բաժինը վաստակածից վեց անգամ ավելի շատ է կորցնում։

Մարկ Ցուկերբերգը կարծում է, որ մի օր մետավերսում աշխատելու է 1 մլրդ մարդ, և մարդիկ այնտեղ հարյուրավոր դոլարներ են ծախսելու։ Բայց իրականում մետավերսը դեռ դատարկ է և ոչ գրավիչ օգտատերերի համար: Չնայած դրան, ընկերությունը նախատեսում է շարունակել ներդրումներ կատարել դրա զարգացման մեջ. Meta-ի տեխնիկական հարցերով տնօրեն Էնդրյու Բոսվորթի խոսքով՝ 2023 թ․ ընկերությունն իր ծախսերի մոտ 20%-ը կհատկացնի Reality Labs-ի ֆինանսավորմանը։

2023 թ․ կանխատեսումները

2023 թ․ առաջին եռամսյակում, ըստ Refinitiv-ի վերլուծաբանների, Meta-ի հասույթը կկազմի 27,1 մլրդ դոլար, իսկ ընկերության կանխատեսումներով՝ այն կլինի 26-28,5 մլրդ դոլարի սահմաններում։

2023 թ․ ընկերության ընդհանուր ծախսերը, ըստ կանխատեսումների, կկազմեն 89-95 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 94-100 մլրդ դոլար կանխատեսման դիմաց:

Կապիտալ ծախսերը նույնպես հավանաբար կնվազեն 34-37 մլրդ դոլարից մինչև 30-33 մլրդ դոլար, քանի որ Meta-ն ավելի քիչ գումար կծախսի նոր տվյալների կենտրոն կառուցելու վրա և դրա համար կընտրի այլ ճարտարապետություն և այն կօպտիմալացնի արհեստական ​​բանականության հետ կապված խնդիրների համար։

Մենեջերների կրճատումներ

Ներդրողներին Meta-ի եկամուտների հաշվետվության ներկայացման ժամանակ ունեցած ելույթում Մարկ Ցուկերբերգն ասել է, որ ծրագրում է 2023 թ․ ընկերության համար դարձնել «արդյունավետության տարի»։

Նրա խոսքով՝ ընկերության (նախ՝ Facebook-ի, իսկ հետո՝ Meta-ի) աշխատակիցների թիվը գրեթե երկու տասնամյակ անընդմեջ աճել է, բայց դա թույլ չի տվել բարձրացնել արդյունավետությունը։ Սակայն վերջերս ընկերությունն աշխատանքից ազատել է 11 000 աշխատակցի և դադարեցրել աշխատանքի ընդունման գործընթացը, ինչից հետո Ցուկերբերգն ասել է, որ կենտրոնացել է «որոշումների կայացման արդյունավետությունը բարձրացնելու վրա»:

Նա նաև նշել է, որ մոտ ապագայում նախատեսվում է «հարթեցնել» ընկերության կազմակերպչական կառուցվածքը և «վերացնել միջին օղակի մենեջերների մի քանի շերտեր՝ որոշումներն ավելի արագ կայացնելու նպատակով»։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ