Փետրվարի 1-ից YouTube-ում հնարավոր կլինի մոնետիզացնել նաև Shorts տեսանյութերը

31 հունվարի, 2023  18:11

YouTube-ը 2023 թ․ փետրվարի 1-ից ընդլայնում է բովանդակության մոնետիզացիայի հնարավորությունները․ այսուհետ կարճ տեսանյութերը (Shorts) ևս հնարավոր կլինի մոնետիզացնել և գումար ստանալ դրանց դիտումներից։

Shorts-ը ուղղահայաց կարճ տեսանյութերի ձևաչափն է, որը Google-ը պատճենել է TikTok-ից։ Այս տեսանյութերը դիտելիս YouTube-ն առաջարկում է դրանց անվերջանալի հոսք։  

Փաստացի ընկերությունը որոշել է գովազդից ստացվող եկամտի մի մասը փետրվարի 1-ից կիսվել նաև կարճ տեսանյութեր ստեղծողների հետ։ Բացի դրանից, վաղվանից ուժի մեջ մտնող փոփոխությունների շրջանակում օգտատերերը նաև տոկոսներ կվաստակեն YouTube Premium ակտիվ բաժանորդագրություն ունեցող օգտատերերից ստացված եկամտից:   

Նաև YouTube-ն ամբողջությամբ փոխում է կայքում մոնետիզացիայի մոդելը։ Այժմ Youtube-ի համագործակցության ծրագրի (Youtube Partner Program) պայմանները բաժանվում են մոդուլների։ Հիմնական մոդուլը ներառում է YouTube, YouTube Music և YouTube Kids բաժինները։ Դրանում բովանդակության հեղինակները դրամական պարգևներ կստանան գովազդի ցուցադրության և դիտումների քանակի համար։ Երկրորդ մոդուլը կվերաբերի միայն Shorts ձևաչաձի տեսանյութերին:

Ընդորում, հեղինակները կկարողանան ընտրովի ցանկացած պահի, ըստ նպատակահարմարության ակտիվացնել կամ անջատել ցանկացած մոդուլի մոնետիզացիան:

Մոնետիզացիայի նոր պայմանները հեղինակները կարող են ընդունել փետրվարի 1-ից հետո ցանկացած օր մինչև 2023-ի հուլիսի 10-ը։ Եթե հեղինակները նոր պայմանները չընդունեն մինչև նշված ժամկետը, ապա համագործակցության ծրագրին մասնակցությունը կդադարեցվի: Այդ դեպքում հեղինակը պետք է նորից դիմի ծրագրին մասնակցելու համար:

Համագործակցության ծրագրի նոր պայմաններին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութում։

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ