Նախկին ինժեներները դատի են տալիս Twitter-ին, հավաքարարներին փոխհատուցում չեն վճարել, վերաբերվել են «աղբի» պես

9 դեկտեմբերի, 2022  14:59


Twitter սոցցանցի մի խումբ նախկին աշխատակիցներ դատի են տվել ընկերությանը։ Ինժեներները պնդում են, որ ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկի գալուց հետո Twitter-ում տեղի ունեցած կրճատումները աշխատանքային իրավունքների բազմաթիվ խախտումներով են ուղեկցվել։ Ընկերության գլխամասային գրասենյակի հավաքարարներն իրենց հերթին հայտարարել են, որ իրենց փոխհատուցում չեն տվել ազատվելուց հետո, ինչպես խոստացել էին։

«Իրական մարդիկ են տուժել դրանից, ես ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ։ Մենք միայն արդարություն ենք փնտրում»,- Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Twitter-ի նախկին ինժեներ Ռեն Թյուրքալը։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Twitter-ի մեկ այլ նախկին ինժեներ Էմանուել Կորնետն իր հերթին ասել է, որ մարդկանց «իսկապես անշնորհք, անմարդկային ձևով» են ազատել աշխատանքից։ Նա նաև չի բացառել, որ այդ ազատումներն արվել են օրենքի խախտմամբ։

Չորս հայցերը, որոնք բոլորն էլ ձգտում են կոլեկտիվ հայցի կարգավիճակ ստանալ, վերաբերում են նախկին աշխատողների պնդումներին, որ Մասկի կողմից Twitter-ը ձեռք բերելուց հետո ընկերությունը հրաժարվել է նախկին խոստումից առ այն, որ աշխատողներին թույլ կտան հեռավար աշխատել։ Բացի դրանից, աշխատանքից հեռացվելուց հետո նրանց չի վճարվել խոստացված փոխհատուցումը։ Հայցերից մեկն էլ վերաբերում է հաշմանդամության և սեռական խտրականությանը։

Իլոն Մասկի գալուց հետո ընկերության աշխատակազմն ավելի քան երկու անգամ կրճատվել է։ Աշխատակիցների կեսին Մասկը հեռացրեց գործադիր տնօրեն դառնալուց գրեթե անմիջապես հետո։ Ավելի ուշ նա աշխատանքից ազատեց իրեն բացահայտ քննադատող ինժեներներին, ինչի համար նրան անվանեցին Վոլան-դե-Մորտ՝ Հարի Փոթերի սագայի գլխավոր չարագործը։ Որոշ ժամանակ անց ընկերության շատ աշխատակիցներ սկսեցին ինքնակամ հեռանալ, երբ Մասկը նրանց վերջնագիր ուղարկեց, որում պահանջում էր կա՛մ աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ», կա՛մ ազատվել աշխատանքից։ Երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, ընկերությունն ուներ մոտ 7500 աշխատակից։ Հիմա մնացել են մոտ 2700-ը։

Հավաքարարներին «աղբի պես» են վերաբերվել

Twitter-ի՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող գլխամասային գրասենյակի նախկին հավաքարարներ BBC-ի հետ զրույցում ասել են, որ աշխատանքից ազատվելուց հետո իրենց փոխհատուցում չի վճարվել։

Ադրիաննա Վիլյառեալը, որը Twitter-ում չորս տարի որպես հավաքարար է աշխատել, ասել է, որ այժմ անհանգստացած է, որ բավարար գումար չի ունենա իր ընտանիքին կերակրելու համար: «Սա տխուր և հիասթափեցնող բան է մեր ընտանիքների և երեխաների համար»,- ասել է նա։

Twitter cleaners .JPG (49 KB)

Խուլիո Ալվարադոն Twitter-ում հավաքարար է եղել 10 տարի։ Նա ասել է, որ ընկերությունում միջավայրը միշտ բարեհամբույր է եղել: Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ հոկտեմբերին Իլոն Մասկին անցավ Twitter-ի կառավարումը: «Մարդիկ աշխատում էին առանց անհանգստանալու։ Հիմա մենք վախենում ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Մասկի գալուց հետո գրասենյակի որոշ հատվածները ստիպված է մաքրել ընկերության անվտանգության աշխատակիցների հսկողության ներքո։

Իլոն Մասկի թիմակիցներից նրան ասել են, որ շուտով նրա աշխատանքի կարիքն այլևս չի լինի, քանի որ նրան կփոխարինեն ռոբոտները։

Հավաքարարների մի փոքր խումբ արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույց է անում Twitter-ի գլխամասային գրասենյակի դիմաց։ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Սքոթ Վիները BBC-ին ասել է, որ հավաքարարներին «սարսափելի վատ», «աղբի» պես են վերաբերվել:

«Կարճաժամկետ հեռանկարում ես կցանկանայի տեսնել, որ նա [Իլոն Մասը] իր հավաքարարների հետ վարվի մարդկանց պես և վերադարձնի աշխատանքի, ոչ թե պարզապես դուրս նետի նրանց Սուրբ Ծնունդից անմիջապես առաջ»,- ասել է Սքոթ Վիները։

Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դատախազ Դեյվիդ Չյուն ասել է, որ հետաքննում է գործը, որպեսզի պարզի, թե արդյո՞ք Մասկը խախտել է օրենքը այդ մարդկանց աշխատանքից ազատելիս: «Իլոն Մասկը աշխատանքային օրենսդրությունը խախտելու երկար պատմություն է ունեցել»,- BBC-ին ասել է Չյուն:  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ