Հինգ փոփոխություն, որ Իլոն Մասկն արել է Twitter-ում

22 հունվարի, 2023  15:39

Շուտով կլրանա երրորդ ամիսն այն օրից ի վեր, երբ Իլոն Մասկը մտավ Twitter սոցցանցի Սան Ֆրանցիսկոյում գտնվող գլխավոր մասնաշենք, իսկ ավելի ուշ հայտնի դարձով, որ գնել է սոցցանցը։ Դրանից հետ ընկերությունը անընդհատ եղել է լրատվականների ուշադրության կենտրոնում։ Իսկ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ամսական 237 մլն ակտիվ օգտատերեր ունեցող սոցցանցում Իլոն Մասկի գալուց հետո։

1. Գրառումները դիտելու այլընտրանքային ուղիների արգելափակում

Ամենավերջին փոփոխությունը, ըստ երևույթին, այն է, որ Twitter-ը փակել է մուտքը դեպի իր հավելվածի ծրագրավորման ինտերֆեյս (API)։ Հենց API-ն են այլ հարթակներն օգտագործում սոցցանցի հետ հաղորդակցվելու համար: Եթե, օրինակ՝ ձեր օգտհաշիվը դիտելու համար օգտագործում եք սոցիալական մեդիայի մենեջեր ծրագիր, այլ ոչ թե Twitter-ի հավելվածը կամ կայքը, ապա կտեսնեք, որ Twitter-ը ներկայումս չի աշխատում դրա հետ:

Պարզ չէ, թե արդյոք այդ քայլը միտումնավոր է արվել, թե ոչ, թեև շատ փորձագետներ կարծում են, որ դա եղել է միտումնավոր:

«Իմ ենթադրությունն այն է, որ դա պայմանավորված է նրանով, որ այդ երրորդ կողմի հավելվածները գովազդ չեն ցուցադրում և թույլ են տալիս օգտվողներին կառավարել իրենց լրահոսը այնպես, ինչպես իրենց է հարմար, ինչը հակասում է Մասկի ծրագրերին՝ ավելի շատ գովազդ ցուցադրել օգտատերերին և առաջնահերթություն տալ այն մարդկանց գրառումներին, որոնք վճարել են Twitter Blue-ի համար»,- BBC-ին ասել է տեխնոլոգիական մեկնաբան Քեյթ Բևանը։

Twitter-ը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել այդ մասին, սակայն որոշ հայտնի հավելվածներ արդեն բախվում են այս խնդրին, այդ թվում՝ Tweetbot-ը, Fenix-ը և Twitterific-ը:

tweetbot.JPG (44 KB)

2. Կուրացիա

Թերևս ամենաակնառու փոփոխությունը եղել է այն հերթականությունը, որով մարդիկ տեսնում են թվիթները, որոնք հայտնվում են իրենց լրահոսում: Նոր ներդիրն առաջարկում է ընտրել երկու տարբերակի միջև՝ վերջին գրառումներն այն մարդկանց, որոնց հետևում եք, և թվիթներ, որոնք Twitter-ն է առաջարկում։

Եթե Twitter-ից օգտվում եք iPhone-ով, ապա վերևում կտեսնեք երկու սյունակ՝ «For you» և «Following», իսկ եթե Android սարքով եք օգտվում, ապա պետք է սեղմեք էկրանի վերևի աջ հատվածում գտնվող աստղի տեսքով պատկերակի վրա։

Խնդիրն այն է, որ շատ օգտատերեր չեն նկատել դա կամ չեն հասկացել, որ հավելվածը, կարծես, կանխադրված կերպով ժամանակ առ ժամանակ վերադառնում է «For you» տարբերակին, երբ   Twitter-ն է ձեզ համար ընտրում լրահոսը։ Բողոքներ են եղել, որ լրահոսի այս տարբերակում օգտատերն առաջնահերթ կերպով տեսում է ոչ թե այն մարդկանց գրառումները, որոնք ինքն է նախընտրում, այլ այն լրահոսը, որում ավելի շատ Twitter-ի առաջարկություններն են և այն մարդկանց գրառումները, որոնց նա հետևում է, կամ չի հետևում և չի ճանաչում։

twitter curation.JPG (34 KB)

3. Վիճահարույց օգտահաշիվների վերականգնում

Twitter-ի սեփականատերը դառնալուց հետո Իլոն Մասկը սկսել է մեկը մյուսի հետևից վերականգնել մի քանի խնդրահարույց օգտահաշիվներ, որոնք կասեցվել էին Twitter-ի նախորդ ղեկավարության օրոք սոցհարթակի կանոնները խախտելու համար: Նրանց թվում են ռեփեր Քանյե Ուեսթը, ում օգտահաշվիը կասեցվել էր հակասեմական գրառումներ տարածելու համար, ինֆլուենսեր Էնդրյու Թեյթը (որը ներկայումս կալանավորված է Ռումինիայում մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով) և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը մեղադրվում է թվիթերյան գրառումներով Կապիտոլիումի վրա 2021 թ․ հունվարի հարձակումները հրահրելու համար։

donald trump .jpg (47 KB)

4. Twitter Blue

Մի քանի չստացված մեկնարկից հետո սոցցանցի Twitter Blue բաժանորդային ծառայությունը գործարկվեց նոյեմբերի վերջին: $8/$11 ամսավճարի դիմաց Twitter-ն իր օգտատերերին խոստանում է բոնուսային հնարավորություններ, ներառյալ խմբագրման կոճակը, ուժեղացված տեսանելիություն և ավելի քիչ գովազդ: Հետաքրքիր է, որ բավական շատ մարդ է կարծես բաժանորդագրվել այս ծառայությանը, թեև մինչ այժմ դրա հաջողության մասին պաշտոնական լուրեր չեն հրապարակվել:

twitter blue.JPG (37 KB)

5. Արծաթե և ոսկե ստուգանիշ 

Twitter-ի «կապույտ ստուգանիշը», որն այժմ բաժանորդի նշանն է, նախկինում նշանակում էր, որ տվյալ օգտահաշիվն ստուգված է։ Այն շնորհվում էր հենց Twitter-ի կողմից ընտրված հայտնի մարդկանց, լրագրողների և բրենդների, որպեսզի դրանով նշվեր, որ դրանք կեղծ օգտահաշիվներ չեն:

Նրանք, ովքեր կապույտ ստուգանիշը ձեռք են բերել ընկերության նախորդ ղեկավարության օրոք, այժմ էլ շարունակում են պահպանել դա, սակայն դրա դիմաց կա նշում այն մասին, որ այն, այսպես ասած, «ժառանգություն» է և տվյալ անձը «կարող է լինել կամ չլինել հայտնի»:

Նոր ղեկավարության օրոք կապույտ ստուգանիշը փոխարինվել է բրենդների և պետական գործիչների համար ոսկե կամ արծաթե ստուգանիշով։ Օրինակ՝ Business Insider-ն այժմ ունի ոսկե ստուգանիշ և բացատրող տեքստ, որում ասվում է, որ դա «պաշտոնական բիզնես է», մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի օգտահաշիվն այժմ ունի արծաթե ստուգանիշ։

business insider.JPG (148 KB)

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ