Ռուս և բելառուս հաքերները կոտրել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության համակարգը և 198 մլն տող տվյալ գողացել

17 հունվարի, 2023  12:20

Ռուս և բելառուս հաքերները հայտարարել են, որ կոտրել են ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության համակարգը և տվյալներ գողացել, մասնավորապես, օգտատերերի անուններն ու նրանց գաղտնաբառերը: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նման հայտարարություն է արել Killnet ռուսամետ հաքերային խմբի ղեկավարը, որը հայտնի է Killmilk անունով։

Ըստ աղբյուրի տվյալների՝ այս գործողությանը մասնակցել են Killnet-ի հաքերները և բելառուսական Infinity Hackers BY ասոցիացիայի աջակիցները։ Այս ասոցիացան ստեղծվել է Infinity հաքերային ֆորումի հիման վրա։

Հաքերները հայտարարել են, որ կհրապարակեն ԱՄՆ հարկային ծառայության տվյալների բազայից գողացված 198 միլիոն տող տվյալները, եթե ԱՄՆ-ը ևս մեկ քայլ կատարի դեպի Ռուսաստանի և Բելառուսի «եղբայրական ժողովուրդների սահմանները»:

ԱՄՆ հարկային ծառայության ներքին տվյալների բազայի նկատմամբ հասանելիություն հաքերներն ստացել են ամերիկյան պետական ​​գործակալության լոգիստիկ ծառայությունների աշխատակցի կորպորատիվ ցանցի միջոցով։ Նշված աշխատակիցը ֆիշինգի զոհ է դարձել, երբ համացանցում պոռնոֆիլմ դիտելու ժամանակ սեղմել է վնասակար հիպերլինքի վրա։

Killnet-ի նախորդ հարձակումները

Ռուսական նույն Killnet խմբի հաքերները 2022-ի դեկտեմբերին Telegram-ի իրենց էջում հայտարարել էին, որ կոտրել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցների տվյալների բազան։

Killnet-ը հայտնել էր, որ իրենք կարողացել են հասանելիություն ստանալ ՀԴԲ-ի 10,210 աշխատակիցների տվյալներին և իրենց տրամադրության տակ են հայտնվել ՀԴԲ-ի նշված աշխատակիցների բոլոր գաղտնաբառերը տարբեր օգտահաշիվներից։

«Մեր տրամադրության տակ են բոլոր գաղտնաբառերը՝ առցանց խանութներից մինչև բժշկական ընդունելության քարտեր, Google և Apple հաշիվներ։ Facebook-ի և Instagram-ի օգտահաշիվներ, գաղտնաբառեր պոռնո կայքերից»,- ասվում էր Killnet-ի տարածած հայտարարությունում։

Նոյեմբերի սկզբին Killnet-ը նաև հայտնել էր, որ հարձակում է գործել եվրոպական երկրների, այդ թվում՝ բալթյան երկրների պետական ​​անվտանգության կայքերի և հետախուզական գործակալությունների վրա: Հաքերներն այսպես էին շնորհավորել Ռուսաստանի Դաշնության ռազմական հետախուզության աշխատակիցներին մասնագիտական ​​տոնի կապակցությամբ, որը նշվում է նոյեմբերի 5-ին։

«Շնորհավորում ենք Ռուսաստանի բոլոր հետախույզներին մեծ տոնի կապակցությամբ: Ի պատիվ ձեզ, մենք մի փոքր աղմուկ կբարձրացնենք փտած Բալթիկայում»,- ասվում էր Killnet-ի տարածած հաղորդագրությունում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ