Ինչու՞ են մարդիկ հայտնվում ֆինանսական խարդախության ծուղակում եւ ինչպե՞ս պաշտպանվել դրանից

28 սեպտեմբերի, 2022  15:45

Ֆինանսական խարդախություններն ու զեղծարարությունները սովորաբար ավելի արագ ու լայն մասշտաբներով իրականացվում են տնտեսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում: Եւ հենց նման ժամանակաշրջաններում է պետք հատկապես զգոն լինել՝ ֆինանսական խարդախության հերթական ծուղակում չհայտնվելու համար:

Ինչու՞ եւ ինչպե՞ս են մարդիկ դառնում ֆինանսական խարդախների զոհը: Ինչպե՞ս է կարելի խուսափել դրանից: Այս ամենի շուրջ NEWS.am Tech-ը զրուցել է տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանի հետ:

Որո՞նք են աշխարհում տարածված ֆինանսական զեղծարարության հիմնական սխեմաները

Cybersource-ի, Merchant Risk Council-ի և Verifi-ի կողմից Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում համատեղ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆիշինգը, քարտից քարտ փոխանցումներն ու սոցիալական հարթակներում հաշիվները կոտրելու միջոցով անհատի «ինքնության գողությունը» շարունակում են մնալ ֆինանսական զեղծարարությունների ու խարդախությունների ամենատարածված տեսակները։

Մասնագետի խոսքով՝ այս տարվա ընթացքում Եվրասիա մայրցամաքում ֆիշինգի միջոցով ֆինանսական զեղծարարությունները կազմել են շուրջ 35%, իսկ Լատինական և Հյուսիսային Ամերիկայում ֆինանսական խարդախություններն ավելի շատ հանդիպում են քարտերով առցանց առևտրային գործարքների իրականացնելու դեպքում:

financial-security-2.jpg (53 KB)

Ի՞նչն է նպաստում մարդկանց ֆինանսական խարդախության ծուղակում հայտնվելուն

Ինչպես նշեց Արման Տոնիկյանը, սովորաբար ֆինանսական խարդախություններն ու զեղծարարությունները ավելի արագ ու լայն մասշտաբներով իրականացվում են տնտեսական և քաղաքական ճգնաժամերի ընթացքում. երբ շրջապատում քաոտիկ վիճակ է, շատերը հետաքրքրված են լինում գրավիչ, երբեմն անվճար պայմաններով առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու հնարավորությունից, սակայն չպետք է մոռանալ, որ «անվճար պանիրը միայն թակարդում է լինում»։

«Կարևոր է նշել, որ հաճախ մարդիկ դառնում են ֆինանսական խարդախության զոհ ցածր մակարդակի ֆինանսական գրագիտության պատճառով․ ապահով չեն օգտագործում վճարային քարտերը, անծանոթներին փոխանցում են քարտային տվյալներ, առցանց առևտուր են կատարում կեղծ էլեկտրոնային հարթակներում, պատասխանում են անծանոթ, վիրուս պարունակող էլեկտրոնային նամակներին ու զանգերին և այլն։

Զեղծարարները պատշաճ ուսումնասիրում են տեխնոլոգիաների զարգացման մակարդակը, մարդկանց ֆինանսական գրագիտության աստիճանն ու այլ պայմաններն այն տարածաշրջաններում, որտեղ պատրաստվում են կեղծ գործարքներ կատարել և կորզել փողեր։ Դրա համար նրանք ծախսում են թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային ռեսուրս», – նշեց մասնագետը։

Ինչպե՞ս են կանխարգելվում ֆինանսական զեղծարարությունները

Կա վիճակագրություն, որ աշխարհում ամեն 10 գործարքից մեկը հնարավոր ֆինանսական զեղծարարության սխեմայով է իրականացվում։ Ավելին, էլեկտրոնային առևտրից վաստակած յուրաքանչյուր տասը դոլարից մեկ դոլարը ծախսվում է ֆինանսական խարդախություն կանխարգելելու համար։

«Այսօր աշխարհում առևտրային գործարքներ սպասարկողների 35-40%-ը ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվում է քարտատիրոջ անձի նույնականացման,  անվտանգության 3D Secure համակարգի և հեռախոսային երկգործոն նույնականացման միջոցով։ Հայաստանում ֆինանսական զեղծարարության կանխարգելման այս երեք հիմնական գործիքներն էլ լայն տարածում ունեն։ Անվտանգության համակարգերի և տարբեր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, օրինակ, մեր երկրում, ֆինանսական զեղծարարությունից տարեկան «փրկվում է» մոտ կես միլիոն դրամ գումար», - նշեց տնտեսագետը։

Ինչպե՞ս պաշտպանվել ֆինանսական զեղծարարություններից

Հիմնական պաշտպանիչ գործողությունները, տնտեսագետի խոսքով, կապված են գրագետ ֆինանսական վարքագիծ դրսևորելու հետ․

financial-security.jpg (46 KB)

  • Միշտ խստորեն հետեւեք անվտանգ քարտային գործարքներ իրականացնելու կանոններին:
  • Երբեք այլոց ,մի տրամադրեք ձեր անձնական տվյալները:
  • Օգտվեք միայն ապահով և հանրահայտ էլեկտրոնային առևտրի հարթակներից:
  • Ուշադրություն դարձրեք տարօրինակ հաղորդագրությունների բովանդակությանը, հաշվի առեք խարդախությունների նախադեպերը:
  • Մի գայթակղվեք հատուկ առաջարկներով՝ հիշեք, թե միայն որտեղ է անվճար պանիր լինում:
  • Կապի դուրս գալով անծանոթ անձանց հետ, հիշեք, որ անհրաժեշտ է մշտապես օգտվել անհատական էլեկտրոնային հաշիվները (էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային սուրհանդակային հավելվածներ և այլն) միմյանց հետ կապակցելու և միմյանցով անվտանգային ստուգում իրականացնելու հնարավորությունից։

 
 
 
 
  • Արխիվ