Մեծ Բրիտանիայից առաջին տիեզերական արձակումը ձախողվել է. Virgin Orbit-ի հրթիռն ու արբանյակները կորել են

10 հունվարի, 2023  15:00

Մեծ Բրիտանիայից պատմության մեջ առաջին տիեզերական արձակումը, որը նաև առաջին արձակումն էր Եվրոպայից (չհաշված Ռուսաստանը), ձախողվել է։ Virgin Orbit ընկերությունը փորձել է օդից (ինքնաթիռից) արձակված հրթիռի միջոցով ինը արբանյակ դուրս բերել տիեզերք, սակայն առաքելությունը ձախողվել է։

Առաքելության ձախողման հետևանքով Virgin Orbit ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել են 25%-ով, իսկ Մեծ Բրիտանիան բաց է թողել տիեզերական տերությունների ակումբի անդամ դառնալու հնարավորությունը։

Հատուկ LauncherOne հրթիռը երկինք բարձրացնելու համար մոդիֆիկացված Boeing 747 ինքնաթիռը, որն ստացել է Cosmic Girl անունը, օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայի հարավային Կորնուոլի կոմսությունից տեղական ժամանակով ժամը 22:02-ին (Երևանի ժամանակով 02.02-ին): Ավելի քան 10,000 մետր բարձրության վրա, երբ ինքնաթիռը գտնվում էր Իռլանդիայի հարավ-արևմտյան ափի ուղղությամբ, հրթիռը հաջողությամբ անջատվել է ինքնաթիռից և միացրել հիմնական շարժիչը, ինչից 3,5 րոպե անց ավարտվել է հրթիռի արձակման առաջին փուլը։ Այնուհետև, երկրորդ փուլի ժամանակ, հրթիռի շարժիչը պետք է աշխատեր մոտ 5 րոպե, սակայն դեռևս անհայտ խնդիր է ծագել, որը հանգեցրել է առաքելության ձախողմանը։

Virgin-Orbit_Image_02.png (450 KB)

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, Boeing 747-ն ապահով կերպով վերադարձել է Կորնուոլ։ Միջադեպը հետաքննվում է։

Մեծ Բրիտանիայի Տիեզերական գործակալության առևտրային տիեզերական թռիչքների տնօրեն Մեթ Արչերն ասել է, որ շատ հիասթափված է, որ առաքելությունը հաջող չի եղել, բայց գոհ է, որ Եվրոպայից արբանյակների առաջին արձակումը տեղի է ունեցել հենց բրիտանական հողից: Նա նաև տեղեկացրել է որ երկրորդ փուլի ձախողման հետևանքով հրթիռը հասել է տիեզերք, սակայն չի հասել անհրաժեշտ բարձրության և ուղեծիր:

«Մենք չգիտենք, թե ինչն է առաջացրել անոմալիա, բայց մենք հասանք հրթիռի գործարկմանը,- ասել է նա,- Շատ դրական ձեռքբերումներ ենք ունեցել։ Տիեզերքի ոլորտում դժվար է: Մենք գիտեինք, որ ձախողման վտանգ կար։ Արձակումները միշտ չէ, որ հաջողում են: Մենք հրթիռների արձակման համար այստեղ պայմաններ ենք ստեղծել։ Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք դա անել, և կփորձենք դա անել նորից»։

orbit virgin launcher one .JPG (64 KB)

Արչերը նաև հաստատել է, որ հրթիռն ու արբանյակները կորել են: Նա ասել է, որ հրթիռի հետագիծը ենթադրում է, որ այն ընկել է ջրային տարածքում և մարդկանց համար այն որևէ վտանգ չի ներկայացնում։ «Այն լիովին անվտանգ է»,- ասել է նա:

Ուշագրավ է, որ Virgin Orbit-ն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, թե հրթիռը հաջողությամբ դուրս է եկել ուղեծիր, սակայն ավելի ուշ գրառումը հեռացվել է, և փոխարենը տեղեկություն է հրապարակվել միջադեպի մասին։

Մինչ օրս սա իր հրթիռները ուղեծիր դուրս բերելու Virgin Orbit ընկերության վեցերորդ փորձն է և երկրորդ ձախողումը:

 


 
 
 
 
  • Արխիվ