App Store-ի հակամրցակցային քաղաքականության համար Ֆրանսիան Apple-ին տուգանել է 1 միլիոն եվրոյով

20 դեկտեմբերի, 2022  16:54

Փարիզի արբիտրաժային դատարանը ամերիկյան Apple ընկերությանը տուգանել է 1 միլիոն եվրոյով՝ App Store առցանց խանութում ֆրանսիական ընկերությունների մշակած հավելվածները  ներառելու համար անօրինական պայմաններ սահմանելու համար, տեղեկացնում է Reuters-ը։

Ընդորում, դատարանն այս վճռով կորպորացիայից չի պահանջել փոխել App Store-ի քաղաքականությունը, Apple-ն ստիպված կլինի դա անել թվային շուկաները կարգավորող Եվրոպական միության նոր օրենքի (Digital Markets Act) ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 2023-ին։

Թեև տուգանքի չափը չնչին է համեմատած Apple-ի ստացած շահույթին, ըստ պարբերականի՝ դատարանի այս վճիռը ևս մեկ քայլ է, որն ի ցույց է դնում, թե իրավական ինչ ճնշման է ենթարկվում Apple-ը, որպեսզի վերջ տա App Store-ում հակամրցակցային իր քաղաքականությանը․ App Store-ն այլընտրանքային հավելվածներ մշակողների համար իրենց արտադրանքը հաճախորդներին հասցնելու առայժմ միայն ուղին է։

Apple-ի արձագանքը

Apple-ի ներկայացուցիչը խոստացել է, որ ամերիկյան ընկերությունը կքննարկի ֆրանսիական դատարանի որոշումը և հավելել, որ կորպորացիաները հավատում են «կենսունակ և մրցակցային շուկաներին, որտեղ նորարարությունը կարող է ծաղկել»:

«App Store-ի միջոցով մենք ծրագրավորմամբ զբաղվող ֆրանսիական մեծ ու փոքր ընկերություններին օգնել ենք կիսել իրենց խանդավառությունն ու ստեղծագործական ունակությունները ամբողջ աշխարհի օգտատերերի հետ՝ միաժամանակ ստեղծելով ապահով և վստահելի վայր հաճախորդների համար»,- հավելել է Apple-ի ներկայացուցիչը։

ԵՄ նոր օրենքը

Reuters-ը նշում է, որ Apple-ը և տեխնոլոգիական այլ խոշոր ընկերություններն այժմ իրենց մենաշնորհային քաղաքականության պատճառով խնդիրների են բախվում է ԵՄ նոր օրենսդրության հետ, որի նպատակն է ուժեղացնել վերահսկողություն այն ընկերությունների նկատմամբ, որոնց պատկանում են հավելվածների շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ հարթակները։

Թվային շուկաների մասին օրենքը Apple-ին և Google-ին պարտավորեցնում է տրամադրել երրորդ կողմի հարթակներից iOS և Android հավելվածներ ներբեռնելու հնարավորություն: Օրենքի նոր դրույթն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023 թ. մայիսի 2-ից (որոշ դրույթներ ուժի մեջ են մտել այս տարվա նոյեմբերի 1-ին)։

Bloomberg գործակալությունն անցած շաբաթ հայտնել էր, որ Apple-ը թույլ այլընտրանքային հարթակներից iOS-ով և iPadOS-ով հավելվածներ ներբեռնել՝ ԵՄ կանոնակարգին համապատասխան:

Միլիոնավոր տուգանքներ

Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ Apple-ը տուգանվում է նույն մեղադրանքով։ 2021 թ․ նույն App Store-ի մենաշնորհային քաղաքականության պատճառով Apple-ը 100 միլիոն դոլար է վճարել դատական մեկ այլ գործի շրջանակում։

Նման հակամրցակցային պրակտիկայի մեջ մեղադրվում է նաև Google-ի Play Market հավելվածների խանութը։ Բարձր՝ 30% միջնորդավճարներ սահմանելու համար վերջերս ընկերության դեմ խոշոր կոլեկտիվ հայց է ներկայացվել, որը կարող է միլիոններ արժենալ Google-ին:  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ