Չինական Deepseek հետազոտական ընկերության արհեստական բանականության նոր մոդելի ի հայտ գալը շոկի մեջ է գցել Սիլիկոնյան հովիտը և ցույց է տվել, որ Հայաստանում էլ կարող ենք ունենալ մեր սեփական ԱԲ համակարգը, ծախսելով նույն գումարը, ինչ վճարվել է Snoop Dogg-ի մեկ համերգի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ԱՅԲ» կրթական հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

«Չինական Deepseek հետազոտական ընկերությունը, որը ունի հաշվողական հզորությունների հասանելիություն համադրելի ԱՄՆ ցանկացած համալսարանի ԱԲ մասնագիտական ուղղվածության ուսանողի հետ, ստեղծել եւ անվճար բաժանում է GPT մոդել, որը իր կարողություններով մոտ է ChatGPT o1-ին։ Համակարգը ստեղծելու վրա իրենք ծախսել են մոտ 6 մլն դոլարի չափ գումար։ Ոչ միայն մոդելը ստեղծելն է հազարավոր անգամներ ավելի էժան նստել, քան ամերիկայի հայտնի ընկերությունների համար, բայց նաեւ այն կիրառելն էլ տասնյակներ անգամ ավելի քիչ հաշվողական հզորություն է պահանջում, այնպես որ մի երկու հազար դոլար ծախսելով լավ քարտի վրա (իրենց անմենահզոր մոդելը աշխատացնելու համար անհրաժեշտ է մոտ 60 Gb ունեցող քարտ) կարող եք տանը կամ աշխատանքի տեղը անվճար ունենալ ԱԲ համակարգ, որը իր կարողություններով համադրելի է OpenAI-ի վերջին մոդելների հետ եւ աշխատացնել առավոտից երեկո որքան ուզեք եւ ինչի համար ուզեք։

Ամբողջ Սիլիկոնյան հովիտը շոկի մեջ է։ Աշխարհը ապշած է։ Փաստացի սա նաեւ նշանակում է, որ մենք Հայաստանում էլ կարող ենք ունենալ մեր սեփական ԱԲ համակարգը, մոտավորապես ծախսելով նույն գումարը, ինչ վճարվել է Snoop Dogg-ի մեկ համերգի համար։

Սա կարող է քանդել OpenAI-ը, քանի որ այս պայմաններում հերթական միլիարդները ներգրավել անհնարին կլինի։ Գնեք փոփքորն եւ պատրաստվեք հետաքրքիր զարգացումների։ Իսկ մինչ այդ կարելի է գրանվել chat.deepseek.com կայքում եւ բացարձակ անվճար եւ առանց սահմանափակումների վայելել հիանալի հայերենով խոսացող չինական համակարգը։ Միայն մի փորձեք իր հետ խոսելիս քննադատել Չինաստանի կոմունիստական կուսակցությունը։ Կդադարի ձեզ հետ խոսել», — գրել է նա։