Մեթանային վառելիքով աշխատող աշխարհում 1-ին ուղեծրային հրթիռի արձակումը ձախողվել է, կորել է չինական 14 արբանյակ

15 դեկտեմբերի, 2022  21:43

Պեկինում գործող Landspace մասնավոր ընկերության մշակած մեթանային վառելիքով աշխատող աշխարհում առաջին ուղեծրային Zhuque-2 հրթիռը չի կարողացել կատարել իր առջև դրված առաջադրանքը և հասել ուղեծիր, ինչի հետևանքով կորել են հրթիռում առկա 14 արբանյակները։

Հրթիռն արձակվել է չորեքշաբթի Գոբի անապատում գտնվող Ջյուքուան տիեզերական կենտրոնից։ Տասնչորս արբանյակները, որոնք տարբեր նպատակներով էին ուղարկվում տիեզերք, նախատեսվում էր տեղադրել արևասինքրոն ուղեծրում։ Սակայն ըստ տեղեկությունների՝ խնդիր է առաջացել հրթիռի երկրորդ աստիճանի շարժիչի հետ, ինչի հետևանքով էլ առաքելությունը ձախողվել է, իսկ արբանյակները կորել են։

Հաղորդվում է, որ առաջին փուլի շարժիչներն աշխատել են նորմալ, սակայն թռիչքից մոտ հինգ րոպե անց բարձրության և արագության զգալի կորուստ է գրանցվել։

Չինաստանը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել հրթիռի արձակման մասին: Այնուամենայնիվ, արձակումից անմիջապես հետո Twitter-ում հայտնվեցին հրապարակումներ, որոնք վկայում էին հրթիռի արձակման ձախողման մասին։

Landspace ընկերությունն արդեն աշխատում է երկրորդ ZhuQue-2 հրթիռի վրա, թեև դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ տեղի կունենա երկրորդ հրթիռի արձակումը։

Նշենք, որ չնայած առաքելության ձախողմանը, չինական տիեզերական ծրագիրը շարունակում է արագ զարգանալ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում: 2022 թ․ Չինաստանում մոտ 60 անգամ տիեզերանավերը հաջողությամբ տիեզերք են բարձրացել։ Վերջերս ավարտվեց Տյանգունի ուղեծրային կայանի շինարարությունը։

Չինացի հետազոտողները վերջերս նաև առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ