Ինչո՞ւ է iPhone 14-ն ավելի վատ վաճառվում, քան iPhone 13-ը

26 սեպտեմբերի, 2022  19:47

iPhone 14-ն ավելի վատ է վաճառվում, քան iPhone 13-ը, եւ առցանց առեւտրի մոնիթորինգի Sandalwood պլատֆորմի տվյալները հաստատում են դա։

Tmall հարթակում իրականացված վաճառքների համեմատությունը ցույց է տվել, որ iPhone 14-ի վաճառքը նվազել է 70 տոկոսով՝ անցած տարի iPhone 13-ի վաճառքի համեմատ։ Ընդ որում՝ նոր iPhone 14 Pro-ի եւ iPhone 14 Pro Max-ի պահանջարկն ավելացել է 56 տոկոսով։

Բազային iPhone 14-ի հանդեպ հետաքրքրության բացակայությունը միանգամայն հասկանալի է, նոր սմարթֆոնն իրականում քիչ բանով է տարբերվում անցած տարվա մոդելից, ինչը պարզ դարձավ սեպտեմբերյան միջոցառման ժամանակ։ Ինչ-որ փոփոխություններ, իհարկե, կան. էկրանն ավելի մեծ է, պրոցեսորը մի փոքր արագագործ է դարձել եւ փոքր-ինչ բարելավվել են տեսախցիկները։ Բայց մնացածը նույն սմարթֆոնն է, դրա համար էլ շատ օգտատերեր պարզապես իմաստ չեն տեսնում հինը նորով փոխելու մեջ։

Շատերին հիասթափեցրել է նաեւ iPhone 14-ի նոր շարքում «մինի» մոդելի բացակայությունը՝ չնայած անցած տարվա շարքում այդպիսի սմարթֆոն կար։

Վերջերս նաեւ հայտնի է դարձել, որ Apple-ի հետ պայմանագրով աշխատող Foxconn ընկերությունը կրճատում է բազային iPhone 14-ի արտադրությունը եւ ընդլայնում iPhone 14 Pro-ի եւ iPhone 14 Pro Max-ի արտադրությունը։

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում iPhone 14 Plus-ին, որը հնարավոր կլինի ձեռք բերել հոկտեմբերին։ Արդյո՞ք այն կգնեն օգտատերերը։ Կարծիք կա, որ դրա վաճառքը նույնպես կարող է ձախողվել, քանի որ գրեթե չի տարբերվում iPhone 14-ից, բացի ավելի մեծ էկրանից եւ մարտկոցից։


 
 
 
 
  • Արխիվ