Apple-ի նոր iPhone-ները, AirPod-ները եւ AppleWatch-երը. ի՞նչն է արժանի ուշադրության եւ ի՞նչը կարող է հիասթափեցնել

9 սեպտեմբերի, 2022  12:20

Apple-ը ներկայացրել է նոր iPhone-ները, AirPod-ներ եւ Apple Watch-երը 2022-ի երկար սպասված աշնանային պրեզենտացիայի ժամանակ: Բոլոր երեք ապրանքներն էլ, ըստ գործադիր տնօրեն Թիմ Քուքի, լավ են աշխատում միմյանց հետ, եւ դրանց փոխազդեցությունը բացում է բազմաթիվ նոր գործառութային հնարավորություններ:

Ակնկալվում է, որ նոր iPhone-ները նախնական պատվերների համար հասանելի կլինեն արդեն սեպտեմբերի 9-ին (սակայն, որոշ տարբերակներ հասանելի կլինեն միայն հոկտեմբերին), եւ ընկերությունը չի բարձրացրել դրանց գները՝ հակառակ բազմաթիվ վերլուծաբանների կանխատեսումների։ Ինչ վերաբերում է այլ նոր արտադրանքներին, ապա Apple Watch-ը հասանելի կլինի պատվիրելու համար սեպտեմբերի 14-ից, իսկ AirPods Pro-ն վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 23-ից:

Տեսնենք, թե որոնք են Apple-ի նոր արտադրանքները. որո՞նք են անպայման արժանի ձեր ուշադրությանը, եւ որոնք կարող են ձեզ հիասթափեցնել:

iPhone 14 եւ iPhone 14 Plus

Արագ հայացք iPhone 14-ի եւ Plus-ի առանձնահատկություններին

  • True-Tone OLED էկրան,
  • 6.1 եւ 6.7 դյույմանոց էկրաններ,
  • Ավելի դիմացկուն կերամիկական էկրաններ,
  • Մարտկոցի օգտագործման ժամկետի ավելացում,
  • Առջեւի տեսախցիկի ավելի լավ աշխատանք՝ թույլ լուսավորության տակ,
  • Տեսանյութի դեպքում «Action Mode» կայունացնող գործառույթ,
  • 5 միջուկանի գրաֆիկական պրոցեսոր՝ A15 բիոնիկ չիպով,
  • Արտակարգ իրավիճակների SOS անվտանգության ծառայություն.

iPhone-14-iPhone-14-Plus.jpg (62 KB)

iPhone 14-ի շարքում չկա «մինի» մոդել, որն անշուշտ կհիասթափեցնի միջին չափի ձեռքի ափ ունեցող մարդկանց, ինչպես նաեւ կոմպակտ սմարթֆոնների սիրահարներին, որոնց այսօր այդքան դժվար է գտնել։ iPhone 13 mini-ի փոխարեն այժմ՝ iPhone 14 Plus մեծ 6,7 դյույմանոց էկրանով: iPhone 14-ի էկրանի անկյունագիծը մի քիչ փոքր է՝ 6,1 դյույմ։

Նոր iPhone 14-ը շատ նման է iPhone 13-ին, բայց եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել մի քանի փոփոխություններ: Որոշ բաներ փոխառված են iPhone 13 Pro-ից. նույնպիսի հինգմիջուկանի գրաֆիկական պրոցեսոր՝ A15 բիոնիկ չիպով, նույնպիսի տեսախցիկի լայն սենսոր f/1.5 դիաֆրագմայով: Առջեւի տեսախցիկը բարելավվել է մինչեւ f/1.9 դիաֆրագման՝ ավտոմատ ֆոկուսով, այնպես որ կարող եք ավելի լավ սելֆիներ ստանալ նույնիսկ ցածր լույսի տակ:

Լուսանկարները, ամենայն հավանականությամբ, կլինեն այս տարվա մոդելների կարեւորագույն կետերից մեկը, քանի որ նոր ալգորիթմը, որը կոչվում է Photonic Engine, մշակում է դրանք, ինչը թույլ կտա թույլ լույսի ներքո եւ հեռախոսի բոլոր տեսախցիկներից օգտվելիս ավելի շատ դետալներ պահպանել լուսանկարում:

Apple-ը նաեւ նշում է, որ iPhone 14-ի բոլոր տարբերակների մարտկոցի օգտագործման ժամկետն ավելի երկար կլինի, քան նախորդ մոդելներինը։

Նոր iPhone 14-ը չի ապահովի ֆիզիկական SIM քարտեր. դրանք կփոխարինվեն թվային eSIM-երով, որոնք, ըստ Apple-ի, ավելի ապահով են։

Նոր սմարթֆոններն ունեն նաեւ Emergency SOS կոչվող անվտանգության ծառայություն, որն աշխատում է արբանյակի միջոցով եւ կարող է միանալ արտակարգ իրավիճակների ծառայություններին նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերը բջջային կամ Wi-Fi ծածկույթից դուրս է: Այս ծառայությունն անվճար է ԱՄՆ-ում եւ Կանադայում iPhone 14-ի օգտատերերի համար: Երբ այն հասանելի կլինի մեր տարածաշրջանում, եւ արդյոք այն հասանելի կլինի ընդհանրապես, դեռեւս հայտնի չէ:

iPhone 14-ը հասանելի կլինի 5 գույնով՝ կեսգիշերային (սև), կապույտ, աստղային (սպիտակ), մանուշակագույն եւ կարմիր։

iPhone 14-ի գինը սկսվում է 799 դոլարից, իսկ Plus տարբերակը կարժենա 899 դոլար: Առաջինը հասանելի կլինի նախնական պատվերի համար սեպտեմբերի 9-ից, երկրորդը՝ միայն հոկտեմբերին։

iPhone 14 Pro եւ iPhone 14 Pro Max

Արագ հայացք iPhone 14 Pro-ի եւ Max-ի առանձնահատկություններին.

  • Super Retina XDR էկրան,
  • 6.1 եւ 6.7 դյույմանոց էկրաններ,
  • Միշտ միացված էկրանը չի անջատվում, երբ սարքը չի օգտագործվում,
  • Նոր էներգախնայող ռեժիմ, որը երկարացնում է մարտկոցի կյանքը,
  • Apple A16 Bionic նորագույն չիպ,
  • 48 մեգապիքսել (ՄՊ) տեսախցիկ ավելի մեծ սենսորով,
  • Ավելի լավ լուսանկարներ՝ թույլ լույսի ներքո,
  • Բարելավված ֆլեշ:

Apple-iPhone-14-Pro-iPhone-14-Pro-Max.jpg (72 KB)

Այսպիսով, նոր «pro»-ի չափերը համապատասխանում են iPhone 13 Pro մոդելներին՝ iPhone 14 Pro-ի անկյունագիծը 6,1 դյույմ է, իսկ iPhone 14 Max-ը՝ 6,7 դյույմ։ Փոխարենը տեսախցիկները բարելավվել են, ինչը, ինչպես iPhone 14-ի եւ iPhone 14 Plus-ի դեպքում, ակնհայտորեն կարելի է համարել այս սմարթֆոնների հիմնական հատկանիշներից մեկը։

Նոր 48 ՄՊ քառանկյուն լայնանկյուն սենսորը նկարահանում է 12 մեգապիքսելով պատկերներ եւ ունի 2x օպտիկական խոշորացում: Կարող եք նաեւ լուսանկարել 48 ՄՊ ProRAW ֆորմատով լուսանկարներ: Ուլտրալայն սենսորն ապահովում է ավելի լավ կադրեր թույլ լույսի ներքո: Բացի դրանից, այս մոդելների բոլոր տեսախցիկները լուսանկարների մշակման համար օգտագործում են Photonic Engine:

iPhone 14 Pro-ի առջեւի տեսախցիկը նույնն է, ինչ iPhone 14-ինը: Բայց այստեղ կա մի հետաքրքիր առանձնահատկություն՝ Dynamic Island (դինամիկ կղզի) կոչվող հատված: Էկրանի վերևում գտնվող այս հատվածում հայտնվում են ծանուցումներ եւ անիմացիաներ, որոնք շատ օրիգինալ տեսք ունեն:

Apple-ի նոր «pro» սմարթֆոններն աջակցում են միշտ միացված էկրանին եւ տեսախցիկներին: Միեւնույն ժամանակ, ընկերությունը պնդում է, որ նոր սարքերի մարտկոցի ժամկետը պետք է լինի նույնիսկ ավելի երկար, քան iPhone 13 Pro-ին (29 ժամ տեսահոլովակի նվագարկում 28 ժամի դիմաց):

Նոր iPhone 14 Pro-ն ունի նաեւ A16 պրոցեսոր, որը, ըստ երեւույթին, քիչ է տարբերվում A15-ից, բայց ավելի մեծ ճկունություն ունի ավելի բարձր հաճախություններում:

iPhone 14 Pro-ն եւ iPhone 14 ProMax-ը հասանելի կլինեն 4 գույնով՝ տիեզերական սեւ, արծաթագույն, ոսկեգույն եւ մուգ մանուշակագույն:

iPhone 14 Pro-ի գինը սկսվում է 999 դոլարից, իսկ ավելի մեծ մոդելի գինը՝ 1099 դոլար եւ ավելի, ինչպես նախորդ տարվա մոդելները: Երկու տարբերակներն էլ նախնական պատվերի համար հասանելի կլինեն սեպտեմբերի 9-ին:

Apple Watch

Apple Watch Series 8

Apple Watch Series 8-ը շատ նման է Series 7-ին` ինչպես արտաքինից, այնպես էլ իր առանձնահատկություններով: Չափերը եւ դիզայնը նույնն են, համակարգը, առաջին հայացքից, նույնն է, ճիշտ է, մի քանի սենսորներ են ավելացվել առողջության եւ անվտանգության նոր գործառույթներով։ Եվ հայտարարություններ, որ այս ժամացույցը կարող է փրկել ձեր կյանքը:

Apple-Watch-SE-8.jpg (91 KB)

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, ավելի զգայուն արագացուցիչն ու գիրոսկոպը կարող են հասկանալ, որ դուք ավտովթարի եք ենթարկվել եւ ավտոմատ կերպով շտապ օգնություն կանչել: Ճիշտ է, դժվար է ասել, թե արդյոք այս գործառույթը կգործի մեր երկրում եւ մեր տարածաշրջանում։ Հավանաբար ոչ:

Մարմնի ջերմաստիճանի նոր սենսորը վերահսկում է ձեր ջերմաստիճանը քնած ժամանակ եւ զգուշացնում ձեզ սովորությունների փոփոխության մասին:

Apple Watch Series 8-ի գինը նույնն է, ինչ Series 7-ինը՝ 399 դոլար 41 մմ Wi-Fi/GPS-ի, 429 դոլար՝ 45 մմ Wi-Fi/GPS-ի եւ եւս 100 դոլար բջջային կապի համար: Նախնական պատվերներն այժմ հասանելի են, իսկ մատակարարումները կսկսվեն սեպտեմբերի 16-ից:

Apple Watch SE

Apple Watch SE-ն ստացավ իր առաջին թարմացումը: Երկրորդ սերնդի մոդելը դեռեւս պարզապես կոչվում է «Apple Watch SE», եւ ներսում եւս դրանք առանձնապես չեն տարբերվում: Պրոցեսորը թարմացրել են մինչեւ S8 SiP, բայց իրականում այն ​​շատ չի տարբերվում S7-ից եւ նույնիսկ S6-ից: Ենթադրվում է, որ այն մոտ 20 տոկոսով ավելի արագ է, քան S5-ը, որով հագեցած էին սկզբնական SE-ները:

Apple-Watch-SE.jpg (187 KB)

Նոր ժամացույցի էկրանի շրջանակները մի փոքր ավելի մեծ են, քան 8-րդ սերիայինը, եւ այն միշտ միացված չէ: Բացի դրանից, այս ժամացույցը չի կարող չափել ջերմաստիճանը եւ ստուգել արյան մեջ թթվածնի մակարդակը: Բայց այն ունի գիրոսկոպ եւ արագացուցիչ՝ ավտովթարները հայտնաբերելու համար:

Ժամացույցի գները փոքր-ինչ նվազել են՝ հասնելով 249 դոլարի (40 մմ GPS) եւ 299 դոլարի (44 մմ GPS-ի) (հին SE-ի գինը համապատասխանաբար 279 դոլար եւ 329 դոլար էր): Նախնական պատվերներն այժմ հասանելի են, իսկ ժամացույցը կառաքվի սեպտեմբերի 16-ից:

Apple Watch Ultra

Apple-ի նոր խելացի ժամացույցների շարքը գլխավորել է պրեմիում դասի Apple Watch Ultra խելացի ժամացույցը:

Հսկայական 49 մմ Apple Watch Ultra-ն ավելի ծավալուն պատյանով հարմար է էքստրեմալ եղանակի եւ բացօթյա ակտիվ հանգստի համար: Ժամացույցն ունի նոր հարմարեցված Action կոճակ ձախ կողմում, ջրակայուն է մինչեւ 100 մետր (կրկնակի, քան 8-րդ սերիան) եւ հավաստագրված է մինչեւ 40 մետր խորությամբ դայվինգի համար:

Apple-Watch-Ultra-3.jpg (59 KB)

Այս ժամացույցն ունի այն ամենը, ինչ դուք կգտնեք Series 8-ում, ինչպես նաեւ բարձր ճշգրտության կրկնակի GPS համակարգ, լրացուցիչ բարձրախոս եւ ավելի մեծ տարողությամբ մարտկոց, որն աշխատում է մինչեւ 36 ժամ:

Նոր ժամացույցի կորպուսը պատրաստված է տիտանից եւ հասանելի է միայն մեկ գույնով, սակայն կան երեք բացառիկ ժապավեններ՝ մեկը սուզվելու եւ ջրային սպորտաձեւերի համար, մյուսը դիմացկուն սպորտաձեւերի համար, ինչպիսին է մարաթոնյան վազքը, եւ երրորդը՝ ցուրտ եղանակային պայմանների համար:

Apple-Watch-Ultra.jpg (48 KB)

Կա միայն մեկ մոդել մեկ չափի՝ բջջային կապով, եւ այն արժե 799 դոլար: Դուք կարող եք ընտրել միայն երեք ժապավեններից մեկը:

Արդեն հասանելի են նախնական պատվերները, իսկ ժամացույցը կառաքվի սեպտեմբերի 23-ից:

AirPodsPro

AirPods-ը կարելի է անվնաս անվանել Apple-ի ամենահաջողակ արտադրանքի շարքերից մեկը, իսկ AirPods Pro-ն՝ ամենահայտնի մոդելը: Բայց այժմ այդ ականջակալները, հավանաբար, մի փոքր հնացած են եւ թարմացման կարիք ունեն:

Նոր՝ երկրորդ սերնդի AirPods Pro-ն հագեցած է Apple-ի նոր H2 չիպով, որն ապահովում է տվյալների ավելի արագ մշակում՝ միաժամանակ ավելի քիչ էներգիա սպառելով: Արտադրողները խոստացել են ձայնի ավելի բարձր որակ (բայց ոչ անկորուստ) եւ աղմուկի նվազեցման կրկնակի մեծ հնարավորություն:

Apple-AirPods-Pro-2nd-gen.jpg (37 KB)

Մարտկոցն աշխատում է 6 ժամ (նախորդ մոդելն աշխատում էր 4,5 ժամ), իսկ պատյանն ապահովում է մինչեւ 30 ժամ նվագարկում (նախորդ մոդելը՝ 24 ժամ)։

Երկրորդ սերնդի AirPods Pro-ն կվաճառվի 249 դոլարով։ Նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 9-ից, իսկ առաքումները՝ սեպտեմբերի 23-ից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ