«Վիզուալ Հայաստան»-ի մրցույթում հաղթած 100 դպրոց սմարթ էկրաններ է ստացել․ դրանք բարձրացնում են դասապրոցեսի արդյունավետությունը

2 հուլիսի, 2024  16:00

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի 100 հանրակրթական դպրոց, հաղթելով «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի հայտարարած «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթում, վաստակել է սմարթ էկրան՝ որպես «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի օգտագործման լավագույն գործիք։ Միայն տեխնիկայի ձեռքբերման համար ՀՀ կրթության ոլորտում կատարվել է 100 միլիոն դրամի ներդրում, տեղեկացնում է «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ծրագրի շրջանակում սմարթ էկրանների ձեռքբերման գործարքը երկրորդ անգամն անընդմեջ ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է բարեգործական։ Այս պահի դրությամբ հիմնադրամն արդեն իսկ 142 հանրակրթական դպրոցի ապահովել է սմարթ էկրաններով։ Նորագույն տեխնիկան հնարավորություն է տալիս կիրառելու դասավանդման արդի մեթոդներ և գործիքակազմ՝ աննախադեպ բարձրացնելով դասապրոցեսի արդյունավետությունը։

Ծրագիրը հնարավոր է եղել իրականություն դարձնել Հիմնադրամի գլխավոր աջակից, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնի լիակատար աջակցության շնորհիվ։ «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» նորարարական կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը, ամփոփելով մրցույթի արդյունքները, ընդգծել է, որ սա աննախադեպ ներդրում է ՀՀ կրթական միջավայրում՝ միտված կրթության գործընթացի արդիականացմանը։

«Ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն՝ իրականացնելու այն նպատակը, որին ամբողջ թիմով ենք հավատում՝ վերափոխել Հայաստանը՝ վերափոխելով կրությունը»,- ասել է նա։

Կից՝ յուրաքանչյուր մարզում և Երևանում հաղթած դպրոցների քանակը․

  • Արագածոտնի մարզ՝ 8 հաղթած դպրոց,
  • Արարատի մարզ՝ 10 հաղթած դպրոց,
  • Արմավիրի մարզ՝ 6 հաղթած դպրոց,
  • Գեղարքունիքի մարզ՝ 13 հաղթած դպրոց,
  • Երևան՝ 11 հաղթած դպրոց,
  • Լոռու մարզ՝ 9 հաղթած դպրոց,
  • Կոտայքի մարզ՝ 18 հաղթած դպրոց,
  • Շիրակի մարզ՝ 16 հաղթած դպրոց,
  • Սյունիքի մարզ՝ 3 հաղթած դպրոց,
  • Վայոց ձորի մարզ՝ 1 հաղթած դպրոց,
  • Տավուշի մարզ՝ 5 հաղթած դպրոց։

Սմարթ էկրան վաստակած հանրակրթական դպրոցների ամբողջական ցանկը՝ կից։


 
 
 
 
  • Արխիվ