NASA-ն խոստովանել է, որ չի կարող Երկիրը պաշտպանել աստերոիդների հետ բախումից

24 հունիսի, 2024  22:21

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչության (ՆԱՍԱ) Մոլորակների պաշտպանության համակարգման գրասենյակը, որը որոնում և հետևում է Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդների և գիսաստղերի շարժումներին, հրապարակել է նոր զեկույց, որում ասվում է, որ գործակալությունը չունի անհրաժեշտ ենթակառուցվածք՝ մոլորակը աստերոիդների հետ բախումներից պաշտպանելու համար։

Զեկույցը նկարագրում է ներքին ուսումնական վարժանքներ, որոնք ՆԱՍԱ-ն անցկացրել է աստերոիդների հետ Երկրի բախման սցենարով: Ըստ այս վարժանքների սցենարի՝ 2038-ի հուլիսի 12-ին 72% հավանականությամբ Երկրին կբախվի աստերոիդ, ընդորում՝ այդ հարվածից խուսափելու համար անհրաժեշտ պահանջներն հայտնի չեն: Ըստ սցենարի՝ աստերոիդի տրամագիծը 60-ից 800 մետր է, սակայն ավելի հավանական է, որ այն 100-ից 320 մետր լինի։

Նաև նշվում է, որ սցենարի համաձայն՝ հավանականությունը, որ բախման հետևանքով ոչ ոք չի տուժի 45% է, 1000-ի դեպքում 47% է, 100,000-ի դեպքում՝ 28%, 1 միլիոնից ավելիի դեպքում՝ 8% և 0,04% է հավանականությունը, որ բախման հետևանքով տուժածների թիվը կկազմի ավելի քան 10 միլիոն մարդ։ Բախման հետևանքով վնասվող գոտին ընդգրկում է լայն տարածք, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Մեքսիկան, Պորտուգալիան, Իսպանիան, Ալժիրը, Թունիսը, Լիբիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան:

Վարժանքներին մասնակցած ներքին ստորաբաժանումներից շատերը ՆԱՍԱ-ի գործողություններում մեծ թվով կարևոր թերություններ են  բացահայտել, հատկապես պլանավորման և հաղորդակցության առումով: Օրինակ՝ զեկույցում ասվում է, որ չկա հստակ սահմանված արձագանքման գործընթաց, եթե պարզվի, որ աստերոիդ է մոտենում մոլորակին:

Նշվում է նաև, որ մինչ օրս միայն մեկ գործնական փորձ է իրականացվել՝ կանխելու աստերոիդի բախումը Երկրի հետ։ Խոսքը Double Asteroid Redirection Test (DART) առաքելության մասին է, որի ժամանակ համանուն տիեզերանավը բախվել է Դեմորֆոս աստերոիդին՝ դրա թռիչքի ուղին փոխելու նպատակով։

«Աստերոիդների հետ բախման սցենարներում տիեզերական առաքելություններ իրականացնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը մնում է անհասկանալի: Այս գործընթացը ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ միջազգային մակարդակում համարժեք սահմանված չէ»,- ասվում է զեկույցում։

Բացահայտված խնդիրները լուծելու համար ՆԱՍԱ-ն առաջարկել է «պարբերական ճեպազրույցներ և վարժանքներ անցկացնել մոլորակների պաշտպանության մասին իրազեկությունը բարձրացնելու և աստերոիդների հարվածի սպառնալիքին պատրաստվելու և արձագանքելու պատրաստականությունը բարձրացնելու համար»:


 
 
 
 
  • Արխիվ