Կարո՞ղ են մարդու երիկամները դիմանալ դեպի Մարս ճանապարհորդությանը․ նոր հետազոտությունը ռիսկեր է բացահայտել

12 հունիսի, 2024  22:19

Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) գիտնականների իրականացրած հետազոտությունը պարզել է, որ տիեզերական թռիչքների միջավայրը երիկամների առողջության համար լուրջ վտանգներ է պարունակում, ինչը կարող է կասկածի տակ դնել երկարաժամկետ հավակնոտ առաքելությունները, ինչպիսիք են առաքելությունները դեպի Մարս:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականների միջազգային թիմը լայնածավալ փորձեր և վերլուծություններ է անցկացրել՝ օգտագործելով 20 հետազոտական ​​խմբերի տվյալները և նմուշները: Դրանք ներառում են Երկրի ցածր ուղեծրի ավելի քան 40 առաքելություններ և 11 տիեզերական սիմուլյացիաներ՝ մկների և առնետների մասնակցությամբ:

Հատկապես կարևոր են եղել յոթ սիմուլյացիաներ, որոնց շրջանակում մկները ենթարկվել են գալակտիկական տիեզերական ճառագայթման չափաբաժինների (GCR, բնական ֆոնային ճառագայթումը տիեզերքում), որը համարժեք է 1,5 և 2,5 տարի տևողությամբ Մարս առաքելություններին՝ նմանակելով տիեզերական թռիչքի պայմանները Երկրի մագնիսական դաշտից դուրս:

Ուսումնասիրությունը պարզել է, որ միկրոգրավիտացիայի պայմաններում և՛ մարդկանց, և՛ կենդանիների մոտ երիկամները ենթարկվել են «վերափոխման»: Տիեզերքում մեկ ամիս մնալուց հետո երիկամային հատուկ խողովակները, որոնք պատասխանատու են կալցիումի և աղի հավասարակշռության համար, սկսել են չորանալ:

Բացի դրանից՝ նախկինում ենթադրվում էր, որ տիեզերքում երիկամներում քարերի գոյացման հիմնական պատճառը ոսկրային զանգվածի կորուստն է և մեզում կալցիումի կուտակումը, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տիեզերական պայմանների պատճառով կտրուկ փոխվում է է նաև երիկամներում աղերի մշակման եղանակը:

Հետազոտության առաջին հեղինակ Դոկտոր Քիթ Սիվն ասել է. «Եթե մշակենք երիկամները պաշտպանելու նոր ուղիներ, հնարավոր է, որ տիեզերագնացները վերադառնալու ժամանակ դիալիզի անհրաժեշտության առաջ կանգնեն: Երիկամներն ուշ են ցույց տալիս ճառագայթային վնասման նշանները, և երբ դա ակնհայտ է դառնում, երիկամների անբավարարությունը կանխելու համար կարող է շատ ուշ լինել»:

Հետազոտության մեկ այլ հեղինակ՝ պրոֆեսոր Սթիվեն Բ. Ուոլշը նույնպես ընդգծել է երիկամների պաշտպանության կարևորությունը տիեզերական առաքելությունների ժամանակ։ «Հնարավոր չէ դրանք գալակտիկական ճառագայթումից պաշտպանել պաշտպանիչ շերտ ստեղծելու միջոցով, սակայն հնարավոր է մշակել տեխնոլոգիական կամ դեղագործական միջոցներ՝ երկարաժամկետ տիեզերական ճանապարհորդությունները հեշտացնելու համար»:

Նրա խոսքով՝ տիեզերագնացների համար մշակված ցանկացած դեղամիջոց կարող է նաև կիրառություն ունենալ Երկրի վրա, ինչպես, օրինակ, ճառագայթային թերապիայի ենթարկվող քաղցկեղով հիվանդների համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ