Ակադեմիական քաղաք․ ո՞րն է լարվածության պատճառը. Հայկ Սարգսյան

10 հունիսի, 2024  20:17

«Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացմանը պետք է մոտենալ շատ զգույշ, այն կոշտ կերպով իրականացնելու դեպքում արդյունքները կարող են բացասական լինել։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի նանո և մեզոկառուցվածքների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Հայկ Սարգսյանը։

Նա նշեց, որ այդ ծրագրի կարևորագույն նպատակներից մեկն է այդ հարթակի վրա կազմակերպել ինստիտուտների և բուհերի աշխատանքը, որպեսզի հարակից տիրույթում աշխատող տարբեր լաբորատորիաներ կարողանան ավելի հեշտ համագործակցել և ընդհանուր խնդիրներ ձևակերպել։ Դրված է նաև գիտնականների ընտրության խնդիր, որն իրականացվելու է ատեստավորման միջոցով։

«Այն, ինչ ուզում են անել, բավականին լուրջ ընտրություն է, ատեստացիան է, որի հիման վրա նրանք փորձում են առանձնացնել այն գիտնականների խումբը, որոնք ակտիվ աշխատում են, և խրախուսել նաև ֆինանսապես։ Սակայն շատ լուրջ խնդիր կա կառավարչական տեսանկյունից, թե ինչպես է այդ համակարգը գործելու, ինչպիսի ինքնուրույնություն են ունենալու ինստիտուտները, և առհասարակ համալսարանների հետ ինչպիսի հարաբերությունների մեջ են նրանք լինելու»,- ասաց նա։

Ըստ գիտնականի՝ այս նախագիծն իրականացնելիս չի կարելի անտեսել Գիտությունների ազգային ակադեմիայի դերն ու կարևորությունը հայ ժողովրդի համար։ «Մյուս կողմից ես համարում եմ, որ գիտությունների ակադեմիան շատ կարևոր օղակ է, որը մեր ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է եղել ժամանակին։ Ի վերջո, Խորհրդային Միության օրոք ակադեմիայի միջոցով հայ ազգ են ճանաչել։  Աստղագիտությունում բոլորը գիտեն Մարգարյանի գալակտիկաները։ Աշխարհի որ ծայրում էլ լինես, հարցնես ինչ-որ աստղագետի, նա միանգամից կասի Բյուրականի աստղադիտարան։ Վիկտոր Համբարձումյանի մասին էլ չեմ ուզում ասել, դա բոլորը գիտեն, նա 20-րդ դարի աստղագիտության գիգանտներից մեկն է եղել։ Մերգելյանը, Ալիխանյան եղբայրները, Անդրանիկ Իոսիֆյանը, այսինքն՝ դա հանճարեղ գիտնականների այնպիսի ընտանիք է, որոնք մեր ժողովրդի փառքն են ձևավորել, ինչպես քաղաքակիրթ ժողովրդի։ Այդ տեսանկյունից Ակադեմիայի դերը միշտ պետք է շատ կարևոր համարել»,- ասաց նա։

Հայկ Սարգսյանի խոսքով՝ կա նաև դժգոհություն գիտնականների աշխատանքից, բայց այն անհիմն է, քանի որ ֆինանսավորումը և վերաբերմունքը գիտության հանդեպ տարիներ շարունակ շատ վատն են եղել։ «Ես հասկանում եմ, որ կա նստվածք, կան տարբեր տեսակի խոսակցություններ, նաև այն միտքը՝ իսկ դուք ի՞նչ օգուտ եք բերել այս տարիների ընթացքում, ի՞նչ եք արել։ Ես ներողություն եմ խնդրում, իսկ դուք ինչպե՞ս եք ֆինանսավորել գիտությունը։ Առանց սերմը տալու դու ի՞նչ իրավունք ունես պահանջելու, որ ինքը բերք քեզ տա, եթե ամեն ինչ արվեց, որ գիտությամբ զբաղվող զանգվածը, հենց հնարավորություն լինի, հեռանա Հայաստանից։ Ակտիվ աշխատող բազմաթիվ փայլուն գիտնականներ ունենք արտասահմանում։ Հասկանալի էր, որ կային ֆինանսական խնդիրներ, բայց նաև վերաբերմունքը կտրուկ վատն էր»,- ասաց նա։

Ֆիզիկոսը համարում է, որ Ակադեմիական քաղաքի շուրջ այս ամբողջ աժիոտաժը պետք է հանդարտեցնել, և դրա համար կառավարությունը պետք է հստակ ներկայացնի, թե ինչպես են պատկերացնում բուհերի և ինստիտուտների միացումը կառավարչական տեսանկյունից։ Եվ մինչև ամբողջությամբ Ակադեմիական քաղաքի կազմը չձևավորվի, և ամեն մեկը չիմանա բառացիորեն, թե որտեղ է իր նստելու տեղը, ոչ մի տեղափոխություն չպետք է լինի։

«Մինչ այդ չպիտի գան, ասեն՝ ազատե՛ք այդ շենքը, որովհետև կգան կասեն՝ ազատե՛ք, հետո կասեն՝ վայ, չստացվեց, ու այդ մարդիկ փողոցում կհայտնվեն։ Դրա համար են այդքան լարված այս ամեն ինչին մոտենում»,- բացատրեց նա։

Գիտնականը նշեց, որ «Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, թե պարզ չէ, բուհերի ու ինստիտուտների միավորից հետո «կնիքը ում ձեռքն է լինելու»։ «Եթե կա ինստիտուտ, որն ունի իր տնօրենը, արդյոք կարելի՞ է ասել, որ նա իրավիճակի տերն է լինելու, թե ինչ-որ նոր անձ է լինելու, որը միացնելու է այդ ամեն ինչը և ինքն է դառնալու գլխավոր գործող անձը, և այստեղից էլ ինքնուրույնության, սուվերենության հարցն է ինստիտուտների առաջանում»,- պարզաբանեց նա։

Գիտնականը կարծում է, որ կարելի է ինստիտուտների ու բուհերի միասնական աշխատանքի տարբեր ձևաչափեր կիրառել, ու, կարևորը, ամեն ինչ անել մտածված ու առանց շտապելու։ «Դա կարելի է անել բազային ամբիոնների միջոցով։ Երբ գոյություն ունի մի ինստիտուտ, և մի համալսարան, և նրանք հիմնում են բազային ամբիոն, որի միջոցով երիտասարդ ուսանողները գալիս են, օգտվում այդ ինստիտուտի հզորություններից, իսկ իր հերթին ինստիտուտի աշխատողները կարդում են հատուկ դասընթացներ և նաև երիտասարդներին ներգրավում են գիտական խմբերի աշխատանքում։ Սակայն այդ ամենն արվում է հորիզոնական կապերի միջոցով։ Այդ ամենը պետք է շատ լուրջ մշակել, հասկանալ և չշտապել։ Վտանգավոր է եղածը քանդելը, և տեղը ոչինչ չսարքելը»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Ֆիզիկոսը ներկայացրեց, թե ինչպես են «Ակադեմիական քաղաք»-ը հիմնավորում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կոլեգաները, որոնք փորձում են Հայաստանում ներդնել ժամանակակից համալսարանի մոդելը, որը նախևառաջ գիտական կենտրոն է։ Մինչդեռ Խորհրդային Միությունում համալսարաններում կարևորագույն դերը ավելի շատ վերապահվում էր դասավանդելուն, իսկ գիտությունը կենտրոնացած էր ինստիտուտներում։ Հայաստանում Խորհրդային Միությունից մնացել են հենց այդ համալսարանները, որտեղ պրոֆեսորները շատ դասաժամեր ունեն։

«Նման բան ամերիկյան համալսարաններում չկա, պրոֆեսորն աշխատում է բարձր կուրսերի ուսանողների և ասպիրանտների հետ։ Հիմա իրենք ուզում են ակադեմիական ինստիտուտների գիտնականներին ներգրավել համալսարանական դասընթացների ձևավորման պրոցեսին՝ համարելով, որ նրանք գիտության առաջնային ֆրոնտում են գտնվում, և կարող են այդ նոր գիտելիքները հաջողությամբ փոխանցել ուսանողներին, և դա անմիջապես կբերի նրան, որ էապես կբարձրանա դասավանդման որակն ու մակարդակը։ Նրանց ձևակերպումն այսպիսին է։ Եվ ուսանողներին հնարավորություն կտա ներգրավվել նաև միջազգային գիտական հանրության գործունեությանը։ Այսինքն՝ գնալ եվրոպական առաջատար համալսարաններ և այնտեղ հանգիստ մասնակցել գիտական հետազոտություններին»,- ասաց գիտնականը՝ հավելելով, որ գիտաչափության կիրառմամբ այսօր փորձում են վերանայել դասախոսական կազմը։ Գուցե դա լավագույն մեթոդը չէ, բայց ավելի լավ մեխանիզմ, նրա խոսքով, այսօր չկա։

«Ամենայն հավանականությամբ դա արվելու է գիտաչափական տվյալների հիման վրա։ Կան որոշ ցուցանիշներ, որոնց միջոցով կարելի է որոշել, թե որքանով է գիտնականն ակտիվ։ Լավ մեխանիզմ չէ, բայց ավելի լավը դեռ չեն գտել, ոնց որ Չերչիլն էր ասում դեմոկրատիայի մասին։ Եվ դրա հիման վրա փորձում են ձևավորել այն դասախոսական բանակը, որը և՛ ներգրավված կլինի դասախոսական գործունեության մեջ, և՛ ակտիվ կաշխատի գիտության ոլորտում։ Այսինքն՝ բերում են դեպի եվրոպական տիպի համալսարանների։ Որքանով դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը։

Բայց կարող է լինել մի մասնագետ, որը հիմա ակտիվ գիտությամբ չի զբաղվում, բայց փայլուն դասախոս է և երկրորդ կուրսեցիների համար արտակարգ լեկցիա է կարդում էլեկտրադինամիկայի թեմայով։ Ակնհայտ է, որ նման մարդուն չի կարելի ձեռք տալ։ Այսինքն՝ պետք է մի քանի տարբերակներով մոտենալ այդ հարցին։ Որքան ես գիտեմ, եվրոպական համալսարաններում բոլոր այն դասախոսները, որոնք ստանդարտ կուրսեր են կարդում, և ունեն բարձր որակավորում որպես դասախոս, այդ մարդկանցից չեն պահանջում գիտական արդյունքներ, բայց նրանց ժամաքանակը մեծ է։ Իսկ գիտությամբ ակտիվ զբաղվող գիտնականների դասաժամերը քիչ են, նրանք աշխատում են բարձր կուրսեցիների հետ։ Բայց այս սխեմային պետք է անցնել տարիների ընթացքում»,- ընդգծեց մասնագետը։

Հայկ Սարգսյանը կրկին շեշտեց, որ գիտնականների աշխատանքի գնահատման այլ ավելի օբյեկտիվ մեխանիզմ չկա։ Կան հստակ չափանիշներ. գիտական հրապարակումների քանակ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում, գիտաժողովների մասնակցություն, ասպիրանտների քանակ և այլն։ Հատկապես ճշգրիտ գիտությունների բնագավառում այդ գնահատման մեխանիզմները շատ հստակ են գործում։ Այլ է սոցիալ-հումանիտար գիտությունների ոլորտը։

«Այդ ոլորտում մի քիչ այլ մոտեցումներ են։ Իրենք հոդված չեն գրում, այլ մենագրություն։ Եվ չես իմանում, որքանով է դա համապատասխանում միջազգային չափանիշներին։ Եվ սկսվում են սուբյեկտիվությունները։ Կարծում եմ, որ պետք է նախևառաջ այդ պրոցեսներն իրականացնել այնտեղ, որտեղ հեշտ է դրանք կառավարելը, ու սուբյեկտիվությունից խուսափել։ Ու հետո հասկանալ, թե հումանիտարում ինչ անել։ Օրինակ՝ պետք է խրախուսել Ցեղասպանության մասին հոդվածների տպագրությունը լուրջ միջազգային հանդեսներում, որովհետև Ցեղասպանությունը հերքելու նպատակով մեր հարևանները շատ ակտիվ տպագրվում են։ Դա վառ օրինակ է, թե ինչու պետք է այդ ամենը միջազգային մակարդակի հասցնել։ Դա ժամանակ է պահանջում»,- ասաց գիտնականը։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ