Իտալացի սիրողական աստղագետը 5 գաճաճ գալակտիկա է հայտնաբերել, որոնք կոչվել են իր անունով

23 մայիսի, 2024  15:19

Իտալացի սիրողական աստղագետ Ջուզեպպե Դոնաթիելլոն հայտնաբերել է հինգ նոր գաճաճ գալակտիկաներ, որոնք պտտվում են հեռավոր պարուրաձև գալակտիկայի շուրջ, որը Երկրից տեսանելի ամենամեծ գալակտիկաներից մեկն է: Նոր գալակտիկաներն ստացել են նրա անունը՝ Դոնաթիելլո V, VI, VII, VIII և IX և լրացնում են նրա անունը կրող երկնային մյուս մարմինների աճող ցանկը։

«Տասնմեկ հայտնագործություններից ինը գալակտիկաներ կրում են իմ անունը: Որքանով տեղյակ եմ՝ ես առաջին և միակ սիրողական աստղագետն եմ, ով ունի իր անունով գալակտիկաներ»,- Space.com-ին ասել է Դոնաթիելոն, ով այս ոլորտում իր գործունեությունն սկսել է 2016-ին Դոնաթիելլո I-ի հայտնաբերմամբ, և այդ ժամանակից ի վեր հետևողականորեն հայտնաբերել է երկնային նոր մարմիններ:

Նոր հայտնաբերված այս արբանյակ գալակտիկաները պտտվում են Քանդակագործ գալակտիկայի շուրջը, որը նաև հայտնի է որպես NGC 253: Նրանց հայտնաբերումը կարևոր է այն պատճառով, որ դրանք ծայրահեղ աղոտ են երևում և Երկրից հեռու են մոտ 11,5 միլիոն լուսատարի և կարող են թույլ տալ պատկերացում կազմել տիեզերքի ամենահին աստղերի, մութ նյութի բաշխման մասին և կարող են ազդել ներկայիս տիեզերական մոդելների վրա:

Donatiello galaxies  2.png (235 KB)

«Գաճաճ գալակտիկաներն օբյեկտներ են, որոնք շատ ցածր պայծառություն ունեն,- բացատրել է Դոնաթիելոն,- Ծիր Կաթինի շատ արբանյակներ դժվար է հայտնաբերել, քանի որ դրանք լավ քողարկված են աստղային դաշտերում: Դա գնալով ավելի դժվար է դառնում արտաքին գալակտիկաների համար»:

Հայտնի է, որ Քանդակագործ գալակտիկայում կա ընդհանուր առմամբ 18 գաճաճ գալակտիկա, դրանցից երեքը հայտնաբերվել են 2021-ին։ Այս գտածոների հայտնաբերումը նաև մարտահրավեր են նետում տիեզերագիտության գոյություն ունեցող մոդելներին, մասնավորապես Lambda Cold Dark Matter (LCDM) մոդելին։ Ըստ այս մոդելի՝ մեծ գալակտիկաների շուրջ արբանյակ գալակտիկաների շատ ավելի մեծ քանակ պետք է լինի, քան ներկայումս դիտվում է: Օրինակ՝ այս մոդելի սիմուլյացիան ենթադրում է, որ մեր հարևան Անդրոմեդա գալակտիկան պետք է հյուրընկալի 500-ից 1000 արբանյակային գալակտիկաներ, սակայն մինչ այժմ հայտնաբերվել են միայն 39-ը:

«Այս անհամապատասխանությունը հայտնի է դարձել որպես «անհետացած արբանյակի խնդիր»,- նշել է Դոնաթիելլոն,- Նույնիսկ գերաղոտ գալակտիկաների հայտնաբերման դեպքում այդ թիվը զգալիորեն ցածր է մնում: Որտե՞ղ են նրանք բոլորը»:

Donatiello.png (904 KB)

Հենց այս հարցն էլ, թե արդյոք LCDM մոդելները վերանայման կարիք ունեն, կամ անհրաժեշտ է ջանքեր գործադրել ավելի մեծ գալակտիկաների շուրջ գաճաճ գալակտիկաներ գտնելու համար, Դոնաթիելլոյին և նրա թիմին ստիպել են օգտագործել արխիվային տվյալներ, որոնք հավաքել է Քիթ Պիկի ազգային աստղադիտարանի 4 մետրանոց Mayall աստղադիտակի վրա տեղադրված Dark Energy Spectroscopic Instrument կոչվողը սարքը։ Արդյունքում նրանք գտել են ևս հինգ նոր գաճաճ գալակտիկա Քանդակագործ գալակտիկայում։ 

Չնայած աստղագիտության մեջ այս բացահայտումների նշանակալի ներդրմանը՝ Դոնաթիելլոն շարունակում է կենտրոնացած մնալ այս հայտնագործության հուզական կողմի վրա: «Ինչ զգացողություն ունեմ, երբ իմ անունով գալակտիկանե՞ր կան։ Հաճելի զգացողություն է, բայց ես մի փոքր ընտելացել եմ դրան»,- ասել է նա:

Դոնաթիելլոյի և նրա թիմի բացահայտումները մանրամասն ներկայացված են arXiv-ում հասանելի նախապես գրախոսված փաստաթղթում:


 
 
 
 
  • Արխիվ