Orion-ը հաջողությամբ ավարտել է Լուսնին մոտենալու 1-ին թռիչքը․ Artemis 1 առաքելությունը շարունակվում է ըստ պլանի

22 նոյեմբերի, 2022  10:44

NASA-ի Artemis I առաքելության շրջանակում շարունակվում է Orion տիեզերանավի չափազանց հետաքրքիր ու գրավիչ ճանապարհորդությունը: Նոյեմբերի 21-ին տիեզերանավը, ինչպես և ծրագրված էր, Լուսնին մոտեցել է մինչև 130 կմ հեռավորության վրա։ Որոշ ժամանակ Orion-ը գտնվել է Լուսնի հակառակ կողմում, և կապը Երկրի հետ, ինչպես և սպասվում էր, կորել է։

NASA-ի Deep Space Network ցանցի հետ կապը վերականգնվել է արևելյան ստանդարտ ժամանակով 07:59-ին (Երևանի ժամանակով 16:59) այն բանից հետո, երբ տիեզերանավը հաջողությամբ ավարտել է երկար թռիչքը, որի ժամանակ 2 րոպե 30 վայրկյան ժամանակով գործի է դրվել ուղեծրային մանևրման համակարգի շարժիչը՝ տիեզերանավի ընթացքը մինչև ավելի քան 580 մղոն/ժ (933,42 կմ/ժ) արագության հասցնելու համար: Շարժիչը գործարկելու պահին տիեզերանավը գտնվել է Լուսնի մակերևույթից 328 մղոն (527,865 կմ) բարձրության վրա և շարժվել է ժամում 5023 մղոն (8083,74 կմ/ժ) արագությամբ։ Շարժիչի գործարկումից կարճ ժամանակ անց Orion-ն ամենաշատն է մոտեցել Լուսնի մակերևույթին՝ 81 մղոն (130 կմ) և թռել է ժամում 5102 մղոն (8210,87 կմ/ժ) արագությամբ: 

artemis1-2.jpg (89 KB)

Ուղեծրային մանևրման համակարգի շարժիչի գործարկմամբ թռիչքը երկու մանևրներից առաջինն է, որոնք անհրաժեշտ են Լուսնի հեռավոր ռետրոգրադային ուղեծիր մտնելու համար, որտեղ Orion տիեզերանավը կմտնի նոյեմբերի 25-ին՝ օգտագործելով Եվրոպական սպասարկման մոդուլը (European Service Module)։ Orion-ը այս ուղեծրում կմնա մոտ մեկ շաբաթ՝ համակարգերը փորձարկելու համար, ապա էլ ավելի կմոտենա Լուսնին՝ մինչև մոտ 40,000 մղոն (64,000 կմ), ինչից հետո կվերադառնա Երկիր։

Դեկտեմբերի 28-ին տիեզերանավը կգտնվի Երկրից իր ամենամեծ հեռավորության վրա՝ 268,500 մղոն (432,108 կիլոմետր): 

artemis1-1

Մինչև դեկտեմբերի 1-ը տիեզերանավը կգտնվի Լուսնի հեռավոր ուղեծրում, որից հետո նորից գործի կդնի հիմնական շարժիչը՝ տիեզերանավը ուղեծրից դուրս բերելու և դեպի Երկիր ուղղելու համար։

Սպասվում է, որ տիեզերանավը դեկտեմբերի 11-ին վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում, դրանով էլ կավարտվի Artemis I առաքելությունը։ 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ