ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները, այդ համատեքստում ընդգծել անդրսևծովյան օպտիկամանրաթելային կապուղու կառուցման համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ամրագրված դրույթների իրականացմանը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը թվայնացման, կիբեռանվտանգության, ինչպես նաև կիսահաղորդիչների նախագծման ոլորտում՝ Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի բնագավառի առաջատար երկրներից մեկը դարձնելու նպատակով։
ամիս
շաբաթ
օր