iPhone-ների վաճառքը Չինաստանում կրճատվել մոտ 20%-ով․ ի՞նչն է պատճառը

25 ապրիլի, 2024  14:13

Apple-ի սմարթֆոնների վաճառքը Չինաստանում 2024-ի առաջին եռամսյակում նվազել է գրեթե մեկ հինգերորդով։ Այս մասին ասվում է Counterpoint Research վերլուծական ընկերության եռամսյակային զեկույցում։ Բացի դրանից՝ չինական շուկայում iPhone-ի պահանջարկի նվազման հետևանքով դրա գինը թողարկումից ի վեր նվազել է մոտ 25 տոկոսով։

Չինական շուկայում iPhone-ների վաճառքը նվազել է 19,1%-ով, իսկ Apple-ի մասնաբաժինը 19,7%-ից նվազել է 15,7%-ի։ Ամերիկյան ապրանքանիշին հաջորդել են Oppo և Vivo ընկերությունները, որոնք նույնպես վաճառքի անկում են գրանցել՝ համապատասխանաբար 15,5%-ով և 0,4%-ով։

2024-ի առաջին եռամսյակում ամենամեծ աճը գրանցել է չինական Huawei-ը՝ 69,7%։ Ընդ որում, այս տվյալները տրամադրվում են նախքան դրոշակակիր Huawei Pura 70 շարքի սմարթֆոնների թողարկումը, որն, ըստ ամենայնի, բավական տարածված է Չինաստանում։ Վաճառքի դրական դինամիկա են գրանցել նաև Honor-ը (11,5%) և Xiaomi-ն (8,6%)։

China-Smartphone-Sales-Market-Share.jpg (108 KB)

Counterpoint Research-ի փոխտնօրեն Իթան Քին կարևորել է սմարթֆոնների չինական շուկայի վերականգնումը` նշելով, որ գրանցվել է վաճառքի 4,6% աճ 2023-ի վերջին եռամսյակի համեմատ: Ըստ նրա՝ դա պայմանավորված է չինական Ամանորի տոնակատարությունների ժամանակ առաջարկված զեղչերով։

Ընկերության ավագ վերլուծաբան Մենգմեն Չժանն իր հերթին նշել է, որ չինական ապրանքանիշերն ամրապնդել են իրենց դիրքերը բյուջետային նոր ապրանքների շնորհիվ, որոնք մեծ տարածում ունեն արձակուրդներին տուն վերադարձող աշխատանքային միգրանտների շրջանում։

Ի դեպ, չինական շուկայում iPhone-ի գրավչությունն աստիճանաբար նվազում է, ինչի պատճառով Apple-ը և երրորդ կողմի խանութները շարունակում են նվազեցնել գները։ 2024-ից iPhone 15 շարքի սմարթֆոնների գները մի քանի անգամ իջեցվել են։ 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ iPhone 15-ի ստանդարտ տարբերակի ներկայիս գինը Չինաստանում նվազել է մինչև 620 դոլար, այն դեպքում, երբ մեկնարկային գինը կազմում էր մոտ 830 դոլար: Այսինքն՝ Չինաստանում iPhone 15-ի թողարկումից հետո յոթ ամսվա ընթացքում գինն արդեն նվազել է 25%-ով։


 
 
 
 
  • Արխիվ