Արևի վրա միանգամից 4 բռնկում է տեղի ունեցել․ հնարավոր է՝ Երկրին գեոմագնիսական փոթորիկ հարվածի (տեսանյութ)

24 ապրիլի, 2024  12:02

Արեգակի վրա երեկ միանգամից չորս գրեթե միաժամանակյա բռնկում է տեղի ունեցել, ինչը միանգամայն հազվադեպ երևույթ է համարվում: Բռնկումների հետևանքով արտանետումները կարող հասնել Երկիր՝ առաջացնելով գեոմագնիսական փոթորիկ, տեղեկացնում է Space.com-ը։

Արեգակնային բռնկումները պայթյուններ են արեգակի մակերևույթի վրա, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պոռթկումներ: Դրանք առաջանում են, երբ մագնիսական էներգիան կուտակվում է Արեգակի մթնոլորտում և արագ ազատվում դրանից:

Բռնկումներից երեքն առաջացել են արևային բծերից, իսկ մյուսը՝ մագնիսական թելից, որոնք իրարից հեռու են հարյուր հազարավոր մղոններով և միմյանց հետ կապված են արևի արտաքին մթնոլորտում գտնվող գրեթե անտեսանելի մագնիսական օղակներով, որոնք հայտնի են որպես պսակ:

Ըստ Spaceweather.com-ի՝ այս տեսակի պայթյունները կոչվում են «արեգակնային սիմպաթիկ բռնկումներ»: Դրանք բաղկացած են զույգ պայթյուններից, որոնք միաժամանակ տեղի են ունենում արևի սկավառակի տարբեր շրջաններում: Երեկվա իրադարձությունը ոչ թե մեկ զույգ պայթյուն էր, այլ՝ երկու զույգ, ինչն այն դարձնում է «սուպեր սիմպաթիկ» բռնկում։

Արեգակնային սիմպաթիկ բռնկումներն առաջանում են, երբ անկայունություններն արագ անցնում են մի շրջանից մյուսը՝ դրանց միացնող մագնիսական օղակների երկայնքով: Սովորաբար նման պոռթկումների արդյունքում արտանետվող նյութի մի մասը հասնում է Երկիր և կարող են խաթարել էլեկտրացանցեր, հեռահաղորդակցության ցանցերը, ուղեծրային արբանյակները։ Բացի դրանից՝ դրա հետևանքով տիեզերագնացները կարող են վտանգավոր աստիճանի ճառագայթման ենթարկվել:

Ըստ Spaceweather.com-ի՝ վերջին 24 ժամվա ընթացքում արևից ժայթքած բազմաթիվ արտանետումներ կարող են շարժվել Երկրի ուղղությամբ, և եթե դրանցից թեկուզ մեկը հասնի Երկրի մագնիսական դաշտը, ապա կարող է առաջանալ փոքր դասի G1 գեոմագնիսական փոթորիկ: Երկրի վրա դրանց ազդեցության ամենահավանական ժամկետներն են ապրիլի 25-ը և ապրիլի 26-ը:

Այս հերթական բռնկումը կարող է վկայել այն մասին, որ Արեգակը մոտենում է իր 11-ամյա արեգակնային ցիկլի առավելագույն ակտիվության գագաթնակետին, քանի որ համարվում է, որ արեգակնային սիմպաթիկ բռնկումներն ավելի հաճախ տեղի են ունենում արեգակնային ակտիվության աճով պայմանավորված:

 


 
 
 
 
  • Արխիվ