Boston Dynamics-ը ներկայացրել է Atlas ռոբոտի նոր տարբերակը, որն ամբողջովին էլեկտրական է․ որտե՞ղ է այն կիրառվելու

18 ապրիլի, 2024  10:15

Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է ամբողջովին էլեկտրական Atlas ռոբոտի նոր տարբերակը: Նախորդ մոդելը հիմնված էր հիդրավլիկ շարժիչների վրա, ասվում է ընկերության կայքում:

Նոր Atlas-ը կլինի կոմերցիոն արտադրանք Stretch ռոբոտ ձեռքի և Spot ռոբոտ շան հետ միասին, որոնք արդեն օգտագործվում են տարբեր ոլորտներում: Ընկերության առաջին հաճախորդը կլինի ավտոարտադրող Hyundai ընկերությունը, որը մարդանման ռոբոտը կօգտագործի իր արտադրական օբյեկտներում փորձարկելու համար: Փորձարկումները պետք է սկսվեն 2025-ին։

Անցած տարի Boston Dynamics-ը տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրում էր Atlas-ի հնարավորությունները։ Ռոբոտը կարողանում էր ոչ միայն ցատկել և վազել անհարթ տեղանքով, այլև վերցնել և նետել առարկաներ՝ շնորհիվ նոր «ձեռքերի»։

Վերջին սերնդի հիդրավլիկ Atlas-ը հասել էր իր հնարավորությունների առավելագույնին և չէր կարողանում կատարել ծանր, անկանոն ձև ունեցող իրերին վերաբերող առաջադրանքները։ Ընկերությունն այս մոդելին հրաժեշտ է տվել ապրիլի կեսերին։

Սակայն ավելի ուշ պարզվեց, որ Boston Dynamics-ը չի փակել նախագիծը և ներկայացրեց էլեկտրական տարբերակը, որն ավելի ամուր է, քան իր նախորդը։ Այնուամենայնիվ, թարմացված Atlas-ը դեռ մշակումների վաղ փուլում է: Ընկերությունը չի նշել, թե երբ ռոբոտը հասանելի կդառնա ընկերության հաճախորդներին և որքան կարժենա։


 
 
 
 
  • Արխիվ