Leica-ն հզոր տեսախցիկ-սմարթֆոն է ներկայացրել․ ի՞նչ հնարավորություններ ունի այն

11 ապրիլի, 2024  21:33

Leica ընկերությունը Ճապոնիայում ներկայացրել է իր տեսախցիկ-հեռախոսի նոր սերնդի ներկայացուցչին՝ Leitz Phone 3-ը: Ի տարբերություն 2024-ի դրոշակակիրների մեծ մասի, նոր սմարթֆոնը կառուցված է ոչ թե Snapdragon 8 Gen 3-ի, այլ Snapdragon 8 Gen 2-ի վրա: Սակայն այստեղ գլխավորը կատարողականը չէ:

Leica Leitz Phone 3-ն ստացել է դյույմանոց սենսոր՝ 47,2 ՄՊ կետայնությամբ։ Դրա հետ մոդուլում օգտագործվում է ոսպնյակ՝ F/1.9 բացվածքով և 19 մմ ֆոկուսային հեռավորությամբ:

Տեսախցիկի ծրագրաշարը թույլ է տալիս նկարահանումը մոդելավորել տարբեր դասական ոսպնյակներով, օրինակ՝ Noctilux-M 50 մմ f/1.2, Sumilux-M 28 մմ f/1.4 և Sumilux-M 35 մմ f/1.4 ոսպնյակներով։ Ընկերությունը նշում է, որ Leica Style ռեժիմով նկարահանումը զգալիորեն բարելավվել է գունային վերարտադրության, օբյեկտների հատվածավորման և այլ առումներով։

Leitz Phone 3 - 1.jpg (80 KB)

Նաև Leica Leitz Phone 3-ն ստացել է Leica Perspective Control սեփական տեխնոլոգիայի աջակցություն, որը, հիմնվելով նշված ալգորիթմների և գիրոսկոպի տվյալների վրա, հնարավորություն է տալիս ազատվել պատկերի աղավաղումից: Սմարթֆոնի առջևի տեսախցիկն ունի 12,6  ՄՊ սենսոր և F/2,3 բացվածքով ոսպնյակ, որն ունի 78° դիտման անկյուն։

Սմարթֆոնն ստացել է 6,6 դյույմ անկյունագծով OLED էկրան, որն ունի 2730 x 1260 պիքսել կետայնություն և 240 Հց կադրերի փոփոխման հաճախականություն։ Մարտկոցի հզորությունը 5000 մԱ/ժ է (անլար լիցքավորման աջակցություն չկա), ներկառուցված հիշողությունը 512 ԳԲ է։ USB-C միակցիչի հետ մեկտեղ կա նաև ականջակալի ստանդարտ խցիկ: Նոր սմարթֆոնի վաճառքը Ճապոնիայում կսկսվի ապրիլի 19-ին, գնի մասին դեռ տեղեկություններ չկան։

Leitz Phone 3 - 2.jpg (43 KB)
Leitz Phone 3 - 3.jpg (88 KB)
Leitz Phone 3 - 4.jpg (56 KB) 


 
 
 
 
  • Արխիվ