Ղրիմից սիրողական աստղագետը Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է հայտնաբերել

8 ապրիլի, 2024  15:11

Ղրիմի սիրողական աստղագետ Գենադի Բորիսովը հայտնաբերել է աստերոիդ, որը պոտենցիալ վտանգավոր է Երկրի համար, հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը։

«Հաստատումն ստացվել է։ Սա մերձերկրյա և պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է։ Տարեսկզբից աշխարհում այս չափի մոտ 60 աստերոիդ է հայտնաբերվել, դրանցից մեկը ես եմ հայտնաբերել։ Նրան շարունակում են հետևել»,- նշել է Գենադի Բորիսովը։

Այս աստերոիդն ունի մոտ 200 մ տրամագիծ։ Գենադի Բորիսովն այն հայտնաբերել է մարտին, իսկ հաստատումն ստացվել է Հարվարդից, որտեղ գտնվում է Փոքր մոլորակների կենտրոնը։ Այս պահին աշխարհում մոտ 50 աստղադիտարաններ են զբաղված աստերոիդների որոնմամբ, սակայն դրանցից միայն հինգն են այս տարի երկնային նոր մարմիններ հայտնաբերել։

«Դրանք [աստերոիդները] շարժվում են 50 անգամ ավելի մեծ հեռավորության վրա, քան Երկիրը Լուսնից բաժանող հեռավորությունն է, սակայն, այնուամենայնիվ, համարվում են պոտենցիալ վտանգավոր»,- հավելել է Բորիսովը։

Մեկ կիլոմետրից ավելի տրամագծով մերձերկրյա ամենամեծ աստերոիդները կարող են աղետալի փոփոխություններ առաջացնել Երկրի հետ բախման դեպքում, նույնիսկ ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը: Իսկ 140 մ-ից մինչև 1 կմ տրամագիծ ունեցող ավելի փոքր օբյեկտները Երկրի հետ բախման դեպքում կարող են տարածաշրջանային աղետների պատճառ դառնալ, ավերել ընդհուպ մինչև ամբողջական մայրցամաքներ և հանգեցնել հարյուր միլիոնավոր մարդկանց մահվան:

Նման սցենարներից խուսափելու համար գիտնականները մշտապես ուսումնասիրում են տիեզերքը, որպեսզի պոտենցիալ վտանգավոր աստերոիդների մասին նախապես իմանան։ Երկիրը նման աստերոիդներից պաշտպանելու շրջանակում NASA-ն 2022-ի աշնանը հաջողությամբ իրականացրեց DART (Double Asteroid Redirection Test) առաքելությունը։

Դրա շրջանակում DART զոնդը հարվածել էր Դիդիմ աստղակերպի շուրջը պտտվող Դիմորֆին, որպեսի պարզի, թե արդյոք հնարավոր է արհեստական կերպով փոխել աստերոիդի ուղեծիրը։ Առաքելության արդյունքները գերազանցել էին գիտնականների սպասելիքները։ Նրանց կարծիքով՝ բախումը աստղակերպի պտտման ժամանակը պետք է փոխեր մոտ 73 վայրկյանով, սակայն իրականում այն փոխվել է 32 րոպեով, և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։


 
 
 
 
  • Արխիվ