Որո՞նք են Apple-ի ամենահզոր սարքերը․ սմարթֆոնները չեն ներառվել նույնիսկ թոփ հնգյակում

5 ապրիլի, 2024  17:36

Սմարթֆոնների և այլ սարքերի աշխատանքի վերլուծությամբ զբաղվող հանրահայտ AnTuTu կայքը հրապարակել է Apple ընկերության սարքերի կատարողականության վերաբերյալ մարտ ամսվա վարկանիշային ցանկը։ Ընկերության սմարթֆոնները չեն ներառվել լավագույն հնգյակում։

Apple M2 չիպով iPad Pro 12.9 պլանշետը, որն այս վարկանիշային աղյուսակում հավաքել է 2,15 մլն միավոր, արդեն մի քանի ամիս է՝ առաջին տեղում է։ Նրան հաջորդում են iPad Pro 11 M2 պլանշետը (1,95 մլն) և iPad Pro 11 M1 պլանշետը (1,76 մլն): Apple-ի ամենաարդյունավետ սարքերի  հնգյակում ներառվել են նաև iPad Pro 12.9 M1 (1.72 մլն) և iPad Air M1 (1.69 մլն) պլանշետները:

Ընկերության սմարթֆոնները զբաղեցրել են վեցերորդից տասներորդ տեղը։ Սմարթֆոններից լավագույն ցուցանիշը գրանցել է iPhone 15 Pro-ն, որը վարկանիշային աղյուսակում հավաքել է միջինը 1,52 մլն միավոր։ Վարկանիշի յոթերորդ հորիզոնականը բաժին է ընկել iPhone 15 Pro Max-ին (1,5 մլն)։ Երկու սարքերն էլ աշխատում են Apple A17 Pro չիպով:

Ցուցակի հաջորդ տեղերում են iPhone 14 Pro-ն (1,42 միլիոն), iPhone 14 Pro Max-ը (1,42 միլիոն) և iPhone 15 Plus-ը (1,37 միլիոն), որոնք աշխատում են Apple A16 Bionic չիպսեթով:

Տվյալների հավաքումն իրականացվել է մարտի 1-ից մարտի 31-ը։ AnTuTu-ի մշակողները շեշտում են, որ Android և iOS սարքերի կատարողականի գնահատումը հնարավոր չէ համեմատել միավորներով։ 


 
 
 
 
  • Արխիվ