Կա 20% հավանականություն, որ մարդկությունը կվերանա ԱԲ-ի պատճառով. Իլոն Մասկ

2 ապրիլի, 2024  14:39

Արհեստական ​​բանականության (ԱԲ) համակարգված և մշտական ​​զարգացումը կարող է հանգեցնել ողջ մարդկության ոչնչացմանը, և դրա հավանականությունը մոտ 20% է: Նման կարծիք է հայտնել SpaceX-ի և Tesla-ի ղեկավար, ԱԲ-ով զբաղվող xAI ստարտափի ստեղծող Իլոն Մասկը։ Միաժամանակ նա կարծում է, որ, այդուհանդերձ, արժե նման ռիսկի գնալ։

Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, ԱԲ թեմայով Լոս Անջելեսում անցկացված Abundance Summit քառօրյա համաժողովում իր ելույթի ժամանակ Մասկը նշել է, որ համաձայն է գիտնական և ԱԲ-ի ոլորտում գլխավոր հետազոտողներից մեկի՝ Ջեֆրի Հինթոնի գնահատականի հետ։

«Կարծում եմ, որ կա որոշակի հավանականություն, որ ԱԲ-ը վերջ կդնի մարդկությանը: Ես, թերևս, համաձայն եմ Ջեֆ Հինթոնի հետ, որ դրա ռիսկը կազմում է մոտ 10% կամ 20% կամ ավելին»,- ասել է նա:

Ճիշտ է, հասկանալի չէ, թե կոնկրետ ինչպես է նա հաշվարկել այդ ռիսկը։

«Կարծում եմ, որ հավանական դրական սցենարը գերազանցում է բացասական սցենարին»,- հավելել է նա:

ԱԲ-ի անվտանգության հետազոտող և Լուիսվիլի համալսարանի Կիբեռանվտանգության լաբորատորիայի տնօրեն Ռոման Յամպոլսկին նույնպես կարծում է, որ ԱԲ-ն կարող է գոյաբանական վտանգ ներկայացնել մարդկության համար: Ընդ որում, նրա կարծիքով, այս ռիսկն ավելի բարձր է, քան Մասկի հայտարարած ցուցանիշը։

Business Insider-ի հետ զրույցում նա նշել է, որ մարդկության ոչնչացման պատճառ կարող է լինել, օրինակ՝ մարդկության նկատմամբ ԱԲ-ի վերահսկողությունը, նրա կողմից կենսաբանական նոր զենքերի ստեղծումը կամ հասարակության փլուզումը լայնածավալ կիբեռհարձակման կամ միջուկային պատերազմի պատճառով։  Յամպլոսկին այս ռիսկը գնահատում է «99,999999%»: Նրա խոսքով՝ քանի որ առաջադեմ ԱԲ-ը կառավարելն անհնար կլինի, մարդկության միակ հույսն ընդհանրապես նման ԱԲ չստեղծելն է։

«Ես վստահ չեմ, թե ինչու է նա [Իլոն Մասկը – խմբ.] առհասարակ կարծում, որ այս տեխնոլոգիայի զարգացումը լավ գաղափար է,- նշել է Յամպլոսկին,- Եթե նա մտահոգված է, որ մրցակիցներն առաջինը կհասնեն այնտեղ, դա նշանակություն չունի, քանի որ անվերահսկելի գերբանականությունը նույնքան վատ է, անկախ նրանից, թե ով է այն ստեղծել»:

Նշենք, որ շատ այլ փորձագետներ այսօր ևս խոսում են ԱԲ-ի պատճառով ապոկալիպսիսի ռիսկի մասին. թվերը, որոնք նրանք նշում են, տատանվում են 5-ից 50 տոկոսի սահմաններում:


 
 
 
 
  • Արխիվ