Հայտնի է, թե երբ տեղի կունենա Apple-ի ամառային գլխավոր շնորհանդեսը. ի՞նչ կցուցադրեն այնտեղ

27 մարտի, 2024  10:17

Apple-ը WWDC 2024 ծրագրավորողների համաժողովը կանցկացնի հունիսի 10-ից 14-ը։ Այս մասին ընկերությունը հայտնում է իր կայքում։ Հունիսի 10-ին տեղի ծրագրավորողները կկարողանան մասնակցել Apple Park-ի գլխավոր գրասենյակում անցկացվող միջոցառմանը օֆլայն ռեժիմում: Այն նաև առցանց ձևաչափով հասանելի կլինի ծրագրավորողներին ողջ աշխարհում:

Սպասվում է, որ համաժողովում կներկայացվեն iOS 18, iPadOS, macOS, watchOS, tvOS և VisionOS ֆիրմային օպերացիոն համակարգերի նոր տարբերակները։ Հնարավոր է նաև, որ միջոցառման ընթացքում պաշտոնապես հայտարարվի Vision Pro խառը իրականության սարքերի վաճառքի երկրորդ ալիքի մասին, և սարքը գնման համար պաշտոնապես հասանելի կլինի ԱՄՆ-ից դուրս։

Սակայն արհեստական բանականության ոլորտում հնարավոր հայտարարությունների մասին տեղեկություններ չկան՝ չնայած խոսակցություններին, որ ԱԲ տեխնոլոգիաները պետք է դառնան iOS 18-ի հիմնական առանձնահատկությունը: Հավանաբար Apple-ի օպերացիոն համակարգը և հավելվածները կստանան ոչ թե գեներատիվ նեյրոնային ցանցեր, այլ ԱԲ, որն «օգտակար կլինի» սարքերի ամենօրյա օգտագործման ժամանակ»։

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը ևս հայտնում է, որ Apple-ը iOS 18-ի հետ մեկտեղ iPhone-ի համար չի թողարկի գեներատիվ ԱԲ-ով սեփական չատբոտ, այլ կօգտագործի այլ ընկերությունների տեխնոլոգիաները, մասնավորապես՝ Google-ի Gemini և OpenAI-ի ChatGPT գործիքները։

Ենթադրվում էր, որ գեներատիվ ԱԲ-ն կարող է Siri ձայնային օգնականը դարձնել «ավելի խելացի» և բարելավել դրա հնարավորությունները: Ըստ տեղեկությունների՝ ԱԲ-ն ինտեգրվելու է նախապես տեղադրված հավելվածներում, ինչպիսիք են Apple Music-ը, Shortcuts-ը, Pages-ը, Numbers-ը և Keynote-ը: Իսկ թե կոնկրետ ինչպես դա կփոխի այս հավելվածների աշխատանք, դեռ պարզ չէ:


 
 
 
 
  • Արխիվ