Samsung Galaxy S24 Ultra-ի օգտատերերը դժգոհել են, որ սմարթֆոնից վատ հոտ է գալիս

21 մարտի, 2024  16:07

Samsung Galaxy S24 Ultra առաջատար սմարթֆոն ունեցող մի օգտատեր դժգոհել է, որ ներկառուցված S Pen ստիլուսից տարօրինակ վատ հոտ է գալիս։ Այլ օգտատերեր ևս հաստատել են դա Reddit ֆորումի մեկնաբանություններում։

«Ինչու՞ է իմ S Pen-ից այդքան վատ հոտ գալիս: Կա՛մ ես զգայուն քիթ ունեմ, կա՛մ այս սարքի ներսը հալվում է, երբ ստիլուսը դուրս է հանված: Խնդրում եմ, ասեք, որ ես չեմ գժվել»,- գրել է LatifYil մականունով օգտատերը։

Մեկնաբանություններին միացել են Samsung Galaxy S Ultra ունեցող այլ օգտատերեր. նրանք բոլորը նշել են, որ այրված պլաստիկի հոտ են առնում, ինչը շփոթեցրել է իրենցից ոմանց, թեև նախկինում դրա վրա ուշադրություն չէին դարձնում։

«Գրառման հեղինակն ինձ ստիպեց հոտ քաշել իմ ստիլուսից։ Կարող եմ հաստատել, որ տհաճ հոտ է գալիս»,- գրել է bobissonbobby մականունով օգտատերը։

Պարզվում է, որ սա առաջին նման դեպքը չէ՝ համենայն դեպս նույն խնդրին բախվել են 2022-ի սկզբին թողարկված Samsung Galaxy S22 Ultra-ի օգտատերերը։ Դրա մասին է վկայում Samsung-ի ֆորումում ընկերության նոր և հին սմարթֆոններն ունեցող մի օգտատիրոջ գրառումը:

Ըստ Samsung-ի ֆորումի մոդերատորի՝ սմարթֆոնում տեղադրված ժամանակ S Pen-ը մոտ է լինում սարքի ներքին բաղադրիչներին, որոնք օգտագործման ընթացքում ջերմություն են առաջացնում, ինչի հետևանքով պլաստիկը տաքանում է։ Դրա պատճառով ստիլուսը կարող է յուրահատուկ հոտ արձակել, բայց դա նորմալ է և անհանգստանալու կարիք չկա:


 
 
 
 
  • Արխիվ