OpenAI-ն ամռանը կթողարկի GPT-5 չատբոտը․ ի՞նչ նոր գործառույթներ կունենա այն

20 մարտի, 2024  18:35

OpenAI ընկերությունը, որն ստեղծել է գեներատիվ արհեստական բանականությամբ գործող Chat GPT հանրահայտ չատբոտը, արդեն նախատեսում է ստեղծել GPT-5 տարբերակը: Business Insider-ի տվյալներով՝ նոր չատբոտի գործարկումը նախատեսված է ամռանը, սակայն ժամկետները կարող են փոխվել։

Ակնկալվում է, որ նոր տարբերակը ավելի շատ գործառույթներ կունենա, քան անցյալ տարի ներկայացված GPT-4 մոդելը: OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը ավելի վաղ Լեքս Ֆրիդմանի հետ փոդքաստում հաստատել էր, որ OpenAI-ն «այս տարի կթողարկի նոր հետաքրքիր մոդել»:

Business Insider-ի հոդվածում նաև նշվում է, որ OpenAI-ը GPT-5-ի դեմո տարբերակը ցուցադրել է որոշ կորպորատիվ հաճախորդների, որոնք տպավորված են եղել դրա հնարավորություններով: Գործադիր տնօրեններից մեկն ասել է, որ GPT-5 մոդելն «իսկապես լավն է, էականորեն ավելի լավը, քան GPT-4-ը»: Հաղորդվում է, որ դեմո տարբերակի ներկայացման ժամանակ ցուցադրվել են կիրառման հատուկ սցենարներին հարմարվելու GPT-5-ի կարողությունը:

GPT-5-ն այժմ ուսուցման փուլում է, իսկ այնուհետև մոդելը կանցնի անվտանգության լայնածավալ փորձարկում։ Սա ենթադրում է մանրակրկիտ գնահատում, որի շրջանակում նախքան թողարկումը կհայտնաբերվեն և կշտկվեն բոլոր հնարավոր խնդիրները:

Ակնկալվում է, որ GPT-5-ի գործարկումից հետո OpenAI-ի եկամտի հիմնական աղբյուրը կդառնա կորպորատիվ հաճախորդներին արվող վաճառքը։


 
 
 
 
  • Արխիվ