Ե՞րբ iPhone-ը կունենա չփայլող և չքերծվող էկրան

20 մարտի, 2024  10:20

iPhone 17-ը, որը նախատեսվում է թողարկել 2025-ին, կարող է ստանալ չքերծվող էկրան՝ հակաշողացող ծածկույթով, որի շնորհիվ էկրանը չի փայլում։ Համեմատության համար նշենք, որ նման էկրան արդեն ունի Samsung Galaxy S24 Ultra-ն։

Macrumors.com-ի փոխանցմամբ՝ iPhone 17-ի էկրանի նոր պաշտպանիչ ապակին կունենա ծայրահեղ դիմացկուն հակաշողացող ծածկույթ և ավելի դիմացկուն կլինի քերծվածքների նկատմամբ, քան iPhone 15 մոդելների վրա տեղադրված Apple Ceramic Shield-ը։

Ըստ աղբյուրի՝ նոր ծածկույթի արտադրության համար անհրաժետ սարքավորումներն արդեն ներդրվել են Չինաստանի մատակարարման շղթայում։ Սակայն iPhone 16 շարքի սմարթֆոնները, որոնք կներկայացվեն այս տարվա աշնանը, չեն ստանա այս նոր ապակին։

Ընկերության ներկայիս սմարթֆոններում օգտագործվում է Ceramic Shield-ը՝ ապակե-կերամիկական նյութ, որը մշակել է Corning ընկերությունը՝ Apple-ի հետ համագործակցությամբ։ Ընկերությունը համարում է, որ դրանք սմարթֆոնների համար ամենադիմացկուն ապակիներն են: 2021-ն Apple-ը հայտարարեց, որ ընդհանուր առմամբ 495 միլիոն դոլար է ներդրել՝ աջակցելու Corning-ի շարունակական հետազոտություններին և զարգացումներին «առաջադեմ ապակու մշակման գործընթացների» ոլորտում, ինչի արդյունքում ստեղծվեց Ceramic Shield ապակին։

2024-ի սկզբին Samsung-ը ներկայացրեց Galaxy S24 Ultra առաջատար սմարթֆոնը՝ նույն Corning ընկերության արտադրության Gorilla Glass Armor-ով, հակաշողացող ծածկույթով, որը նվազեցնում է փայլը 75%-ով և ավելացնում դիմադրությունը միկրոքերծվածքների նկատմամբ: Corning-ը պնդում է, որ իր ապակիները չորս անգամ ավելի դիմացկուն են քերծվածքների նկատմամբ, քան մրցակիցների ապակիները:


 
 
 
 
  • Արխիվ